Շվեյցարիայի սպառազինության գնումների պետական գործակալությունը որոշել է 2001-ից շահագործվող Ruag Ranger անօդաչուները մինչև 2020 թվականը փոխարինել նորերով։ Հայտնի է նաև փոխարինողը, որն անցկացված մրցույթների ամփոփման արդյունքում դարձել է իսրայելական Elbit Systems ընկերության արտադրանքին պատկանող Hermes 900 ԱԹՍ-ն։ Համապատասխան հաղորդագրությունը տեղադրվել է Շվեյցարիայի սպառազինության գնումների գործակալության կայքում։
Գործակալության ընտրությունը դեռևս պետք է հաստատի երկրի խորհրդարանը, իսկ հաստատման այն կներկայացվի 2015-ի սպառազինության պլանի հետ մեկտեղ։
Ակնկալվում է, որ 15 միավոր Hermes 900 ԱԹՍ-ների գնումը Շվեյցարիայի համար կարժենա շուրջ 280 միլիոն ամերիկյան դոլար։ Ներկայումս սպառազինությունում առկա ԱԹՍ-ների փոխարինման անհրաժեշտությունը պայմանավորված է դրանց շահագործման ժամկետի սպառմամբ։ Բացի այդ, Hermes 900-ն իր մարտավարատեխնիկական տվյալներով զգալիորեն գերազանցում է Ruag Ranger-ը այնպիսի տվյալներով, ինչպիսիք են օդում մնալու տևողությունն ու կառավարման հեռավորությունը։
Հավելենք, որ Hermes 900-ը հարվածային ԱԹՍ չէ, ինչը սակայն որևէ կերպ չի ազդել մրցութային հանձնաժողովի կայացրած որոշման վրա, քանի որ տեսանելի ապագայում Շվեյցարիային նման դասի անօդաչուներ անհրաժեշտ չեն։
Իսրայելական արտադրության Hermes 900 հետախուզական ԱԹՍ-ն Hermes 450-ի կատարելագործված տարբերակն է։ Այն իր առաջին թռիչքը կատարել է 2009-ի դեկտեմբերին։ Շուրջ 300 կգ կշռող սարքը կարող է զարգացնել մինչև 220 կմ/ժ առավելագույն արագություն, թռիչքի առաստաղը մոտ 9 100 մետր է։ ԱԹՍ-ն կարող է անդադար օդում մնալ 36 ժամ։
Համեմատության համար նշենք, որ ներկայումս շահագործվող Ruag Ranger-ը կշռում է 285 կգ, օդում կարող է մնալ 9 ժամ։ Առավելագույն արագությունը 240 կմ/ժ է, իսկ թռիչքի առաստաղը՝ 5 500 մետր։