ԱՄՆ-ն Իրաքին է փոխանցել F-16 կործանիչների խմբաքանակի առաջին ինքնաթիռը

ԱՄՆ Թեխաս նահանգում 2014-ի հունիսի 5-ին կայացել է Իրաքի համար նախատեսված 36 միավոր F-16 կործանիչների խմբաքանակի առաջին ինքնաթիռի փոխանցման հանդիսավոր արարողությունը։ Այս մասին հայտնում է Flightglobal.com ավիացիոն լրատվակայքը։

Կործանիչն արտադրող ընկերության տարածքում կայացած արարողության ժամանակ ինքնաթիռը հանձնել են Իրաքի զինված ուժերի պատվիրակությանը, սակայն նախատեսված է, որ այն Իրաք կուղարկվի 2014-ի սեպտեմբերին՝ կործանիչների 18-միավորանոց խմբաքանակի կազմում:

Իրաքի ռազմաօդային ուժերի համար նախատեսված ամերիկյան առաջին F-16 կործանիչը

Իրաքի ռազմաօդային ուժերի համար նախատեսված ամերիկյան առաջին F-16 կործանիչը

Ուշագրավ է այն, որ վերջին 10 տարիներին սա առաջին դեպքն է, երբ Իրաքի ռազմաօդային ուժերը (ՌՕՈւ) պիտի համալրվեն կործանիչով։
Հարկ է նշել, որ մինչև Պարսից ծոցի պատերազմը Իրաքի ՌՕՈւ-ն ամենահամալրվածներից մեկն էր Մերձավոր Արևելքի երկրների շարքում։

Սակայն 1991-ին  դաշնակից ուժերը ոչնչացրեցին իրաքյան ավիապարկի գերակշիռ մասը, իսկ այն ինքնաթիռները որոնq մնացին մարտունակ, իրենց վախճանը գտան 2003-ի երկրորդ պատերազմի ժամանակ։ Իրաքյան ավիապարկի գերակշիռ մասը կազմում էին խորհրդային ինքնաթիռներն ի դեմս Սու-25 գրոհիչների, սակայն 2005-ին ընդունվեց ՌՕՈւ զարգացման պլան, որի շրջանակներում շեշտը դրվեց արդեն արևմտյան ավիաարտադրողների վրա։

Տևական ժամանակ Իրաքի ՌՕՈւ հրամանատարությունը հակված էր զորատեսակը համալրել ֆրանսիական Mirage կործանիչներով, սակայն ի վերջո ընտրությունը կանգ առավ ամերիկյան Lockheed Martin Aeronautics ընկերության արտադրանքին պատկանող հանրահայտ F-16 կործանիչների վրա։

Նշենք, որ Իրաքն ամերիկյան Lockheed Martin ընկերության հետ 2011-ին ու 2012-ին կնքեց F-16 կործանիչների գնման պայմանագրեր, որոնցով 2014-ի սեպտեմբերից մինչև 2017 թվականի ավարտը ամերիկյան ընկերությունը Իրաքի զինված ուժերին է մատակարարելու 36 միավոր F-16 կործանիչներ: Ամերիկյան արտադրողը ինքնաթիռները փոխանցելու է 18-միավորանոց երկու խմբաքանակներով, որոնց կազմում լինելու են 12 միավոր F-16C մեկտեղանոց ու 6 միավոր F-16Dերկտեղանոց կործանիչներ: Կործանիչների, ինչպես նաև կից սարքավորումների ու սպառազինության համար Իրաքը վճարելու է շուրջ 5,3 մլրդ ամերիկյան դոլար:

Նկատենք նաև, որ պայմանագիրը զգալիորեն ձեռնտու է նաև Lockheed Martin ընկերության համար, քանի որ գործարքի շնորհիվ հնարավոր կլինի արդեն շուրջ 40 տարվա պատմություն ունցող F-16-երի արտադրությունը երկարաձգել առնվազն մինչև 2017 թվականը։

Ամերիկյան F-16 կործանիչը շահագործման են հանձնել 1978-ին։ Այն կարող է զարգացնել մինչև 2 100 կմ/ժ առավելագույն արագություն, թռիչքի առաստաղը 15 200 մետր է։ Սպառազինությունում այն ունի 20 մմ-անոց մեկ հրանոթ, «օդ-օդ», «օդ-մակերևույթ» դասի և հականավային հրթիռներ, ինչպես նաև ռումբեր՝ լազերային նշանառությամբ։

One response to “ԱՄՆ-ն Իրաքին է փոխանցել F-16 կործանիչների խմբաքանակի առաջին ինքնաթիռը

  1. Pingback: Իրաքն արագացված ռեժիմով Սու-25 գրոհիչ ինքնաթիռներ է ստացել Ռուսաստանից | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *