Ռազմաշաբաթ. Հայաստան. հունիսի 1-7

Հայկական զինուժի կորուստները մայիսին։ Առաջնագծում հակառակորդի գնդակից 2 պայմանագրային է զոհվել։ Սյունիքում ականազերծման աշխատանքները շարունակվում են։

Աշոտ Գրիգորյան

Աշոտ Գրիգորյան

-Հայկական զինված ուժերը (ներառյալ Պաշտպանության բանակը) 2014 թվականի մայիսի 1-ից 31-ն ունեցել է 5 զոհ և 5 վիրավոր: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ զոհերի թիվն ավելացել է 3-ով։

-Հունիսի 5-ին հակառակորդի կրակոցից զոհվել են Արարատի զորամասերից մեկի պայմանագրային զինծառայողներ սերժանտ 26-ամյա Անդրանիկ Եղոյանը և 1992 թվականին ծնված շարքային Բորիս Բենիկի Գասպարյանը։

-Մայիսի 31-ին ՀՀ Սյունիքի մարզում իրականացվող ականավտանգ տարածքների տեխնիկական հետազոտման և հումանիտար ականազերծման տեղամաս են այցելել ԱՄՆ, ԵԱՀԿ և ՀՀ ՊՆ ներկայացուցիչները։ Կողմերը ծանոթացել են ականազերծման աշխատանքներին` բարձր գնահատելով դրանց նշանակությունը համայնքների անվտանգության, ինչպես նաև գյուղատնտեսական հնարավորությունների զարգացման համար:

-Արցախի նախագահ Բակո Սահակյանը հունիսի 2-ին այցելել է հարավարևելյան սահմանագիծ և տեղում ծանոթացել պաշտպանական համակարգի ներկա վիճակին: Բակո Սահակյանն «Արիության համար» և «Մարտական ծառայություն» մեդալներ է հանձնել մի խումբ զինծառայողների` Պաշտպանության բանակի մարտական դիրքերի ուղղությամբ հակառակորդի ոտնձգությունները կասեցնելու և արժանի հակահարված հասցնելու համար:

-Մայիսի 31-ին ՀՀ ՊՆ չորրորդ բանակային զորամիավորման ենթակա Վազգեն Սարգսյանի անունը կրող զորամասերը նշեց կազմավորման 18-րդ տարեդարձը: Պաշտպանության նախարարը գերատեսչական մեդալներով և թանկարժեք նվերներով պարգևատրեց ծառայության ընթացքում աչքի ընկած զինծառայողների և սպաների, ինչպես նաև մի շարք քաղաքացիական անձանց` զինված ուժերի հետ համագործակցության համար:

-Հայաստանի Էրեբունի օդանավակայանում հունիսի 11-ին հայտարարվել է բաց դռների օր, որի ժամանակ ռուսաստանյան բարձրագույն պիլոտաժի «Ստրիժի» (ռուս` Стрижи) ավիացիոն խումբը 30 րոպեանոց ավիաշոու կցուցադրի Երևանի երկնքում։ Նախատեսված է, որ հյուրերին ցուցադրվելու են Մի-8 ու Մի-24 ուղղաթիռներ, Ռուսաստանի ռազմաօդային ուժերի «4+» սերնդի Միգ-29 կործանիչներ։

-2014 թվական մայիսի 31-ին ՀՀ արևմտյան սահմանի մարտական հենակետերից մեկում կատարվել է մատուռի օրհնության կարգ: Մատուռի կառուցումը զորամասի հրամանատարության և հոգևոր սպասավորի տնօրինությամբ նախաձեռնել էր կրտսեր սերժանտ Ա. Ստամբուլցյանը:

Կարդացեք նաև Ռազմինֆոյի ռեպորտաժը մայիսի 27-ի լույս 28-ի գիշերը դիվերսիան հետ մղած զինծառայողների հետ։

Ռազմաշաբաթը նաև՝

Ադրբեջանում

Թուրքիայում

Վրաստանում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *