Ավարտվել է ռուս-ադրբեջանական հակաահաբեկչական գործողությունը. կան ձերբակալվածներ

Ադրբեջանի՝ ՌԴ-ի հետ սահմանակից հյուսիսային ու հյուսիսարևմտյան շրջաններում մայիսի 19-25-նն անցկացվել է ՌԴ-ի և Ադրբեջանի իրավապահների համատեղ հակաահաբեկչական գործողություն՝ «Սահման-արգելապատնեշ» պայմանական անվանմամբ։

Ռուս-ադրբեջանական սահման

Ռուս-ադրբեջանական սահման

Ինչպես հաղորդում է Ադրբեջանի ՆԳՆ մամուլի ծառայությունը, օպերատիվ-հետաքննական գործողություններն իրականացվել են ադրբեջանական՝ ՌԴ-ի հետ սահմանակից Ղուբայի, Գուսարի, Խաչմազի, Բալաքենի, Զագաթալայի, Գախի, Շաքիի, Օղուզի և Գաբալայի շրջաններում։ Դրանց ընթացքում ձերբակալվել են խուզարկման մեջ գտնվող 29 հոգի, առգրավվել են 7 հատ ինքնաձիգ, 14 հատ ատրճանակ, 9 հատ արկ, 45 հատ կարճափող հրացան, 21 հատ նռնակ, մոտ 8 հազար փամփուշտ։ Գործողությունների արդյունքում բացահայտվել է թմրանյութերի ապօրինի շրջանառության 10 փաստ։

Նկատենք, որ վերոհիշյալ շրջաններում մեծ թիվ են կազմում Ադրբեջանի տեղաբնիկ ժողովուրդները, այդ թվում՝ լեզգիները։

Հիշեցնենք, որ  «Սահման-արգելապատնեշ» գործողության շրջանակներում ոստիկանները ստուգումներ էին անցկացնում Ադրբեջանից դուրս եկող և մուտք գործող ավտոմեքենաների շրջանում։ Գործողության նպատակը սահմանին կազմակերպված հանցավորության և թմրանյութերի ու զենքի ապօրինի շրջանառությամբ զբաղվող հանցավոր խմբերի դեմ պայքարն էր։

Հավելենք, որ համաձայն բաց աղբյուրների տվյալների՝ «Սահման-արգելապատնեշ» պայմանական անվանմամբ ռուս-ադրբեջանական նման համատեղ գործողություն իրականացվել է նաև 2008-ին ու 2012-ին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *