Օրերս Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը հրամանատարական անձնակազմի հետ անցկացրած խորհրդակցությանը սպաներին հատուկ հանձնարարել է «թշնամու նկատմամբ ավելի դաժան ու ավելի վճռական լինել»:
Ադրբեջանական «Ազադլըգ» թերթը հայտնում է՝ Ադրբեջանի ՊՆ-ն լուրը չի հերքել, բացի այդ տեղեկությունը հրապարակել են իշխանամետ լրատվամիջոցները:
Այդուհանդերձ, Հասանովի հայտարարությունն ադրբեջանական լսարանում միանշանակ չի ընդունվել:
Ադրբեջանի լրագրողների ռազմական հետազոտությունների «Դոկտրինա» կենտրոնի ղեկավար Ջասուր Սումերենլին հայտարարել է, որ Հասանովի՝ նման հայտարարություններ հնչեցնելը սխալ է ու հակասում է տարվող քաղաքականությանը:
«Նախարարի կողմից նման կարծիքներ հնչեցնելն անթույլատրելի է եւ հակասում է խաղաղությանը կողմնակից երկրի տարած քաղաքականությանը: Նախարարի անունից նման հայտարարության տարածումը անհաջող քայլ է: Եթե այդ հայտարարության տարածման մեջ առկա է նախարարության մամուլի ծառայության դերը, դա նշանակում է, որ նախարարության տեղեկատվական քաղաքականությունն անհաջողության է մատնվել: Աշխարհի ոչ մի ժողովրդավարական երկրում նախարարի կողմից նման հայտարարության հնչեցում հնարավոր չէ. նման կարծիք կարող է հնչեցնել միայն Աֆրիկայի ջունգլիական երկրի նախարարը: Մյուս կողմից, այդ կոչերը հիմնականում հաշվարկված են ներքին լսարանի համար: Ներկայիս իրականության մեջ որևէ պատերազմի հավանականություն առկա չէ, դրանք միայն քաղաքական քարոզչության միջոցներ են: Իշխանություններն այդպիսի քայլերի են դիմում ժողովրդավարության, մարդու իրավունքների բնագավառում ճնշումների, շփման գծում իրավիճակի լարվելու ժամանակ: Ցանկացած դեպքում խաղաղությանը կողմնակից երկրի նախարարը պետք է չխոսի դիակներից և բռնություններից», -շեշտել է Սումերենլին:
Pingback: Ռազմաշաբաթ. Ադրբեջան. հունիսի 1-7 | Ռազմ.info
Pingback: Ադրբեջանում դժգոհում են Զաքիր Հասանովի ռազմատենչ հայտարարությունից Razm.info | Armday