ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը հայտարարել է՝ Ռուսաստանը մինչև 2014-ի օգոստոսի 31-ը սպասում է ԱՄՆ-ից պատասխան քայլերի ռուսաստանյան ԳԼՈՆԱՍՍ նավիգացիոն համակարգի՝ ամերիկյան տարածքում տեղադրելու ուղղությամբ։
Ինչպես հաղորդում է ռուսաստանյան «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությունը, Ռոգոզինը շեշտել է. «Մենք պայմանավորվել էինք, որ 2014-ի հունիսի 1-ից GPS կայանները ՌԴ-ի տարածքում համապատասխան փոփոխությունների էին ենթարկվել, որպեսզի դրանք հնարավոր չլիներ կիրառել ռազմական նպատակներով։ Ռուսաստանը 3 ամիս է հատկացնում իր ամերիկյան գործընկերների հետ խորհրդակցությունների և բանակցությունների համար՝ ԱՄՆ-ում ԳԼՈՆԱՍՍ կայաններ տեղադրելու նպատակով։ Հուսով եմ՝ մեր առաջարկը լսելի կլինի ԱՄՆ նավիգացիոն ուժերի համար։ Կամ մինչև սեպտեմբերի 1-ը մենք փոխհամաձայնության ենք գալիս կամ էլ մենք մտածում ենք, թե ինչ անել այդ կայանների հետ: Ընդ որում, դեռևս 1990-ականների սկզբից ՌԴ-ում աշխատում են 11 հատ GPS կայաններ, ուստի մենք կարծում ենք՝ լիովին իրավասու ենք ԱՄՆ-ից պահանջելու մեր համապատասխան կայանների տեղակայումն իր տարածքում։ Ցավոք, մենք բախվել ենք սույն խնդրի բացահայտ քաղաքականացման հետ, քանի որ հայտարարություններ հնչեցին՝ իբր ռուսաստանյան կայններն այսպես ասած լրտեսների գործառույթ են ունենալու»։
Նկատենք, որ ավելի վաղ Ռոգոզինը հայտարարել էր ՌԴ-ի տարածքում ամերիկյան վերգետնյա նավիգացիոն կայանների գործարկման հավանական կասեցման մասին հունիսի 1-ից ի վեր։ Եվ սա լինելու էր արձագանք ամերիկյան կողմի՝ ԳԼՈՆԱՍՍ կայանները սեփական տարածքում տեղակայելուց հրաժարվելուն։
ԳԼՈՆԱՍՍ արբանյակային նավիգացիոն համակարգը ամերիկյան GPS համակարգի ռուսաստանյան անալոգն է։ Նավիգացիոն համակարգերն օգտագործվում են ինչպես քաղաքացիական, այնպես էլ ռազմական կարիքների համար, ուստի բնական է, որ Ռուսաստանն իր զինված ուժերի նավիգացիոն կարիքների բավարարումը չէր կարող իրականացնել GPS համակարգի միջոցով։ Այստեղից ծագեց նավիգացիոն սեփական ենթակառուցվածքի ստեղծման անհրաժեշտություն, ինչն էլ իրագործվեց ԳԼՈՆԱՍՍ-ի (ռուս.՝ ГЛОНАСС: Глобальная навигационная спутниковая система) շնորհիվ: