Իրադրությունն Ուկրաինայում. թարմացվող լրահոս. հունիսի 6

Ուկրաինայի հարավ-արևելյան Լուգանսկի և Դոնեցկի շրջաններն անկախություն են հռչակել, ինչը Կիևի իշխանությունները չեն ճանաչում և շարունակում են ռազմական գործողություններն այդ տարածքում։

Տեղի ինքնապաշտպանական ուժերն էլ շարունակում են դիմադրել։ Մայիսի 25-ին Ուկրաինայում անցկացվեցին նախագահական ընտրություններ, որին հետևած իրավիճակին առավել օպերատիվ հետևելու համար Ռազմինֆոն առաջարկում է հետևել թարմացվող լրահոսին`

Իշխանամետ «Դոնբաս» գումարտակի մարտիկ

Իշխանամետ «Դոնբաս» գումարտակի մարտիկ

19:05-Սլավյանսկում ապստամբներին հաջողվել է խոցել Ուկրաինական օդուժի ԱՆ-30Բ հետուզական ինքնաթիռը։ Նախնական տեղեկությամբ դա հաջողվել է անել զենիթային կայանի միջոցով։ Համացանցում առկա է նաև տեսանյութը, որում երևում է ինքնաթիռի խոցման պահը։ Ավելի մանրամասն՝ Դոնեցկում ապստամբները խոցել են Ուկրաինական օդուժի ԱՆ-30Բ հետախուզական ինքնաթիռը

16։50-Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը ստորագրել է հրամանագիր, որով պահեստազորի մեջ են ընդգրկվելու նաև այն քաղաքացիները, ովքեր մինչ այդ ազատված են եղել զինվորական ծառայությունից։

16։25-Լուգանսկի իշխանությունները հրապարակել են թվով 31 ապաստարանի տեղակայման վայրերը, որտեղ բնակչությունը կարող է պատսպարվել անհրաժեշտության դեպքում։ Ապաստարանները կահավորվել են հիմնականում շրջանի արդյունաբերական կենտրոններում։

16։05-Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովն իր ֆեյսբուքյան էջի միջոցով հայտնել է, որ աշխատանքից ազատել է ոստիկանության հատուկ նշանակության «Բերկուտ» ջոկատի 8 զինծառայողի, ովքեր հրաժարվել են մեկնել արևելյան շրջաններ՝ մասնակցելու հակաահաբեկչական գործողությանը։ Նշենք սակայն՝ զարմանալի է, որ Կիևն այլ բան էր ակնկալում «Բերկուտ» ջոկատի այն մարտիկներից, ովքեր հեղափոխությունից հետո անմիջապես ներկայացվեցին որպես ազգի դավաճաններ, քանի որ շաբաթներ շարունակ զսպել էին արդար պահանջներ առաջ քաշող հակակառավարական զանգվածային ցույցերը։

15։45-Երկրի հարավ-արևելյան շրջաններում հակաահաբեկչական գործողությունների ղեկավարման շտաբից լրատվամիջոցներին հայտնել են, որ Սլավյանսկ քաղաքն ամբողջությամբ շրջափակված է տանկերով։ Ինքնապաշտպանական ուժերն իրենց հերթին հայտնում են, որ ուժայինները սկսել են Սլավյանսկի մատույցների լայնամասշտաբ գրոհ՝ օգտագործելով զրահատեխնիկա։

15:10-Դոնեցկում ինքնապաշտպանական ուժերից կազմված Վոստոկ (արևելք) գումարտակը գրոհել է սահմանապահ ծառայության Մարինովկա անցակետը՝ փորձելով գրավել այն։ Գրոհը սակայն ձախողվել է և սահմանապահների հետ մարտի ընթացքում վիրավորվել է գումարտակի 13 զինծառայող, ևս 1-ը զոհվել է։ Սահմանապահները տվել են 5 վիրավոր։ Նշվում է նաև, որ հարձակումը հետ մղելու ընթացքում ուկրաինական կողմը կիրառել է ավիացիա՝ Սու-25 գրոհիչ։

11։00-Ինչպես հաղորդում է Ալեքսանդր Կրասնոշչեկովն իր թվիթերյան միկրոբլոգում, արդեն շուրջ 20 րոպե է, ինչ ուկրաինական կողմը հրետակոծման է ենթարկում ապստամբների դիրքերը Սլավյանսկի արևելքում՝ Սեմյոնովկա ավանում։

10։15Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայությունը պնդում է՝  «Մարինովկա» սահմանային անցակետում ուկրաինական կողմն ապստամբների դեմ օդուժ է կիրառել, ինչի հետևանքով ոչնչացվել են ապստամբների 4 ԿամԱԶ-ներից 1-ը, նաև մեծ տրամաչափի գնդացիր։

10։00Ուկրաինայի կառավարությունը որոշել է կասեցնել ՌԴ-ի հետ Դոնեցկի ու Լուգանսկի շրջանների սահմանային 8 անցակետերի գործունեությունը։ Ընդհանուր առմամբ ՌԴ-ի հետ սահմանին գործում է թվով 32 անցակետ։ Հիշեցնենք, որ հունիսի 5-ին Դոնեցկի շրջանի «Մարինովկա» սահմանային անցակետում բախում էր գրանցվել ապստամբների և Ուկրաինայի ուժայինների միջև։ Դրա հետևանքով տարբեր աստիճանի վնասվածքներ էին ստացել ուկրաինացի 5 սահմանապահներ։

Հիշեցնենք, որ մայիսի 11-ին Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում անցկացվել է հանրաքվե, որով տեղի բնակիչների ճնշող մեծամասնությունը կողմ է քվեարկել անկախությանը, սակայն Կիև իշխանությունները չեն ճանաչել դա։

 Կողմերի միջև ռազմական գործողությունները ներկայում էլ փոփոխակի հաջողությամբ շարունակվում են։

 Իրավիճակի և զարգացումների մասին տեղեկությունները բավական իրարամերժ են. ուկրաինական և ռուսաստանյան կողմերի տվյալները զգալի տարբերվում են։

One response to “Իրադրությունն Ուկրաինայում. թարմացվող լրահոս. հունիսի 6

  1. Pingback: Դոնեցկում ապստամբները խոցել են Ուկրաինական օդուժի ԱՆ-30Բ հետախուզական ինքնաթիռը (վիդեո) | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *