Միստրալ դասի ուղղաթիռակիր նավերի մատակարարման ռուս-ֆրանսիական պայմանագրի և դրա հնարավոր չեղարկման մասին է խոսել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ով նշել է, որ եթե ֆրանսիական կողմը հետևի գործարքի պայմաններին, ապա հետագայում չի բացառվում նաև Ֆրանսիայի հետ մի շարք այլ պայմանագրերի կնքում, որոնք պարտադիր չէ, որ վերաբերեն ռազմական նավաշինության ոլորտին: Այս մասին հաղորդում է ռուսաստանյան «Ռիա-Նովոստի» լրատվական գործակալությունը:
Պուտինն այս մասին խոսել է պաշտոնական այցով Ֆրանսիա մեկնելու նախօրեին:
Իր խոսքում ՌԴ նախագահն անդրադարձել է նաև դեպքերի զարգացման բացասական սցենարին ու նշել, որ ռուսաստանյան կողմը սահմանված ժամկետներում կատարել է բոլոր վճարումներն ու եթե Ֆրանսիան հրաժարվի մատակարարել ուղղաթիռակիրները, ուրեմն թող լինի բարի վերադարձնել գումարներն ու հաշվի առնի, որ դա բացասաբար կազդի մի շարք ոլորտներում ռուս-ֆրանսիական երկկողմ համագործակցության վրա:
Սև ծովի ավազանում վերջին ամիսներին տեղ գտած զարգացումների համատեքստում, որոնց թվում մասնավորապես Ղրիմի միացումն է Ռուսաստանին, ուղղաթիռակիր նավերի վաճառքն առաջացրել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների անհանգստությունը, որոնք էլ հորդորում են Ֆրանսիային հետ կանգնել գործարքից:
Դրան ամենավառը դեմ է Միացյալ Նահանգները: Հունիսի 4-ին այս մասին հերթական անգամ հայտարարել է ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ Բեն Րոուդսը, ով նշել է, որ բոլոր այն երկրները, որոնք համագործակցում են Ռուսաստանի հետ ռազմական ոլորտում, պետք է վերանայեն իրենց քաղաքականությունը՝ հաշվի առնելով տնտեսական պատժամիջոցները, որոնք սահմանվել են այդ երկրի նկատմամբ: Միևնույն ժամանակ, նա հավելել է, որ դա ամենևին էլ չի նշանակում, թե պետք է սառեցնել տնտեսական ողջ նախագծերը Ռուսաստանի հետ:
Միստրալ դասի ուղղաթիռակիր նավերի վաճառքին է անդրադարձել նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ով նշել է, որ ներկայումս չկա որևէ հանգամանք, որը կխոչընդոտի այդ գործարքի իրականացմանը: Նա հստակեցրել է, որ նման խոչընդոտ կարող է ի հայտ գալ, եթե Ռուսաստանի նկատմամբ կիրառվի տնտեսական պատժամիջոցների 3-րդ մակարդակը, իսկ ներկայումս սահմանված 2-րդ մակարդակը չի կարող հիմք ընդունվել ռուս-ֆրանսիական պայմանագրի կասեցման համար:
Հիշեցնենք, որ մինչ տարբեր երկրների ղեկավարները մեկնաբանում և իրենց դիրքորոշումն են հայտնում Միստրալների վաճառքի վերաբերյալ, ՌԴ ռազմածովային ուժերի շուրջ 400 զինծառայող պատրաստվում է մեկնել Ֆրանսիա՝ ուղղաթիռակիր նավերի շահագործման վերապատրաստում անցնելու համար: Նախատեսվում է, որ նրանց մի մասը Ռուսաստան կվերադառնա արդեն հենց Միստրալով:
Հիշեցնենք նաև, որ Միստրալ ուղղաթիռակիր նավերի գնման պայմանագիրը Ռուսաստանն ու Ֆրանսիան կնքել են 2011-ին։ 1,624 մլրդ ԱՄՆ դոլար արժողությամբ պայմանագրի համաձայն՝ Ֆրանսիան երկու ուղղաթիռակիր նավ պիտի կառուցեր ու տրամադրեր Ռուսաստանին։ Ընդ որում՝ նավերը Ֆրանսիան պարտավորվել է տրամադրել առանց սպառազինության, քանի որ, ըստ պայմանագրի, սպառազինությունը պիտի արտադրի ու տեղադրի Ռուսաստանը։ Առաջին նավը Ֆրանսիան Ռուսաստանին հանձնելու է 2014-ի վերջին, երկրորդը՝ 2015-ին:
Pingback: Ռուսաստանցի զինծառայողներն ուշացմամբ կծանոթանան «Միստրալներից» մեկին | Ռազմ.info