ԱՄՆ ռազմածովային ուժերի F/A-18E Super Hornet կործանիչ-ռմբակոծիչը անսպասելիորեն ընկել է ջուրը, երբ փորձել է վայրէջք կատարել Կալիֆորնիա նահանգի ափի մոտ գտնվող Carl Vinson ավիակրի վրա: Այս մասին տեղեկացնող հաղորդագրություն է տարածել ռազմածովային ուժերի մամուլի ծառայությունը:
Օդաչուն հասցրել է փրկվել՝ կատապուլտի միջոցով, նրա կյանքին ոչինչ չի սպառնում: Չեն վնասվել նաև ավիակրի տախտակամածն ու դրա վրա տեղակայված ինքնաթիռները:
Վթարի պատճառը եղել է անհասկանալի, ուստի այդ պահին ավիակիր խմբի կազմի՝ օդում գտնող մյուս բոլոր ինքնաթիռները վայրէջքի համար ուղարկել են Կալիֆորնիայի հարավում տեղակայված Քորոնադո ռազմաբազա` անվտանգության նկատառումներից ելնելով:
Ռազմածովային ուժերի հրամանատարությունից հայտնում են նաև, որ վթարի պատճառները պարզելու համար տարվում է հետաքննություն, որի շրջանակներում Carl Vinson ավիակրի վրա դադարեցվել են անձնակազմի բոլոր վարժանքները:
Նշենք, որ ԱՄՆ ռազմածովային ուժերի Carl Vinson և Wing 17 ավիակիրներն Ատլանտյան օվկիանոսում անցկացնում էին համատեղ վարժանքներ, որոնց նպատակը բանակի տարբեր ստորաբաժանումների միջև փոխգործակցության մակարդակի բարձրացումն էր:
Հիշեցնենք նաև, որ այսօր՝ հունիսի 5-ին, ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում վթարի է ենթարկվել նաև ծովային հետևակի կորպուսի Harrier AV-8B գրոհիչը, որն ընկել է բնակելի թաղամասի վրա:
F/A-18E Super Hornet բազմաֆունկցիոնալ կործանիչ-ռմբակոծիչը շահագործման են հանձնել 1999-ին: Մինչ օրս արտադրվել է դրա ավելի քան 500 օրինակ: Կործանիչը կարող է զարգացնել մինչև 1 900 կմ/ժ առավելագույն արագություն, թռիչքի առաստաղը 15 000 մետր է: Սպառազինությունում կործանիչն ունի 1 հատ 20 մմ-անոց հրանոթ, «օդ-օդ», «օդ-մակերևույթ» դասի և հականավային հրթիռներ, ինչպես նաև ռումբեր՝ լազերային նշանառությամբ: