Ռուսաստանի ԶՈւ զինծառայողները գնում են «Միստրալը բերելու»

Ռուսաստանի զինված ուժերի մոտ 400 զինծառայողներ հունիսի երկրորդ կեսին կմեկնեն Ֆրանսիա, որտեղ կծանոթանան ՌԴ ԶՈւ ռազմածովային ուժերին տրամադրվելիք առաջին «Միստրալ» տիպի ուղղաթիռակիր նավին: Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Միստրալ» դասի «Վլադիվոստոկ» ուղղաթիռակիր նավը երթային 4-րդ փորձարկումների ժամանակ: Նկարը ouest-france.fr կայքի

«Միստրալ» դասի «Վլադիվոստոկ» ուղղաթիռակիր նավը երթային 4-րդ փորձարկումների ժամանակ: Նկարը ouest-france.fr կայքի

Ռուսաստանցի զինծառայողները կծանոթանան ռազմանավի առանձնահատկություններին, վարժանքներ կկատարեն դրանով, որից հետո զինծառայողների մի մասը կմնա Ֆրանսիայում ու 2014-ի հոկտեմբերին ռազմանավը կհասցնի Ռուսաստան:

Հիշեցնենք, որ Ռուսաստանին ռազմանավի տրամադրմանը վերջերս դեմ էր արտահայտվել Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին: Ըստ նրա՝ ռազմանավերն օգտագործվելու էին Սև ծովում, ինչն անհանգստություն կառաջացնի տարածաշրջանում:

Մինչ այդ, սակայն, Ռուսաստանի ռազմական ղեկավարությունը հայտարարել էր, որ ռազմանավերից ոչ մեկը չի տեղակայվելու Սև ծովում, դրանք ուղարկվելու են ՌԴ ԶՈւ ռազմածովային ուժերի խաղաղօվկիանոսյան նավատորմ:

Հավանաբար ֆրանսիական կողմի վրա ճնշում գործադրելու նպատակով ՆԱՏՕ-ին էլ դիմել էին ԱՄՆ մի խումբ կոնգրեսականներ՝ հորդորելով ՆԱՏՕ-ին գնել Ռուսաստանի համար նախատեսված «Միստրալները»: Նավերը Ռուսաստանին չտրամադրելու դեպքում Ֆրանսիան այսպիսով կկարողանար նվազեցնել իր ֆինանսական կորուստները, եթե Ռուսաստանը հետ պահանջեր վճարած գումարը: Սակայն ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել էր, որ ռազմանավերը Ռուսաստանին տրամադրելու կամ չտրամադրելու որոշումը պիտի կայացնի Ֆրանսիան, իսկ Ֆրանսիայից այս հայտարարություններին չէին արձագանքել:

Այս ընթացքում Ռուսաստանին հանձնվելիք առաջին ուղղաթիռակիր նավը՝ «Վլադիվոստոկը», չորրորդ անգամ դուրս է բերվել բաց ծով՝ երթային փորձարկումների: Բայց չնայած դրան՝ ֆրանսիացի պաշտոնյաները դեռ կամուկացի մեջ են: Մասնավորապես՝ ԱՄՆ կատարած այցի ժամանակ Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը հայտնել է, որ ռազմանավերի տրամադրման գործարքի վերաբերյալ վերջնական որոշում ֆրանսիական կողմն ընդունելու է 2014-ի հոկտեմբերին, երբ ժամանակացույցի համաձայն՝ Ֆրանսիան Ռուսաստանին պիտի հանձնի ուղղաթիռակիրներից առաջինը:

Նախարար Լորան Ֆաբիուսի խոսքով՝ Ֆրանսիան չի կարող հրաժարվել գործարքից, որովհետև դրա կատարումը երաշխավորվում է պայմանագրով, իսկ չկատարումը կբերի պատասխան քայլերի: Չնայած դրան՝ Ֆրանսիան նախատեսում է վերանայել պայմանագրի իրավական կարգավորումն ու վերջնական որոշում ընդունել հենց հոկտեմբերին:

Միևնույն ժամանակ նախարարը հայտնել է, որ եթե Ռուսաստանը խառնվի Ուկրաինայի նախագահի՝ 2014-ի մայիսի 25-ին կայանալիք ընտրություններին, ապա Ֆրանսիան կունենա բավարար պատճառներ Ռուսաստանի նկատմամբ ավելի լուրջ պատժամիջոցներ կիրառելու, այդ թվում նաև ֆինանսական ու պաշտպանական ոլորտներում:

Հիշեցնենք, որ մայիսին Ֆրասնիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ ասուլիսի ժամանակ, հայտարարել էր, որ չնայած Արևմուտքի ու Ռուսաստանի հարաբերությունների վատացմանը՝ Ֆրանսիան ներկա դրությամբ չի պատրաստվում խզել Ռուսաստանին երկու «Միստրալ» տիպի ուղղաթիռակիր նավեր տրամադրելու գործարքը և նախատեսում է կատարել պայմանագիրը ժամանակին:

Նշենք, որ Ռուսաստանին ռազմանավեր տրամադրելու հետ կապված՝ Ֆրանսիայի վրա ճնշումներ էին գործադրում նրա դաշնակիցներն ու մասնավորապես ԱՄՆ-ն: ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի գծով օգնական Վիկտորյա Նուլանդը հայտարարել էր, որ Ֆրանսիայի կնքած պայմանագիրը ամերիկյան իշխանություններին մտահոգում էր դեռ ուկրաինական ճգնաժամից առաջ, քանի որ ֆրանսիական կողմը Ռուսաստանին հանձնելու էր երկու ռազմանավ: Ընդ որում՝ ամերիկացի պաշտոնյայի հայտարարությունը հայտնվեց այն ժամանակ, երբ նախատեսվում էր Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսի այցը ԱՄՆ:

Ռուսաստանի ու Ֆրանսիայի ներկայացուցիչները նշում են, որ մինչև հիմա պայմանագիրը կատարվում է գրաֆիկի համաձայն, թեև 2014-ի մարտին խոսակցություններ կային, որ Ֆրանսիան կարող է դադարեցնել Միստրալների տրամադրման պայմանագիրը՝ կապված Ուկրաինայի հարցում Ռուսաստանի դիրքորոշման հետ: Ֆրանսիացի պաշտոնայներին ի պատասխան, ռուսաստանյան կողմը հայտարարեց, որ եթե Ֆրանսիան հրաժարվի պայմանագրից, ստիպված կլինի ոչ միայն վերադարձնել Ռուսաստանի վճարած գումարը, այլև վճարել պայմանագրով նախատեսված տուգանքը: Հետագայում ֆրանսիական կողմը հայտնեց, որ առաջին նավը պայմանագրով Ֆրանսիան պիտի Ռուսաստանին փոխանցի 2014-ի հոկտեմբերին, հետևաբար պայմանագրի դադարեցման մասին քննարկումը նույնպես կլինի հոկտեմբերին:

Հիշեցնենք, որ «Միստրալ» ուղղաթիռակիր նավերի գնման պայմանագիրը Ռուսաստանն ու Ֆրանսիան կնքել են 2011-ին։ 1,624 մլրդ ԱՄՆ դոլար արժողությամբ պայմանագրի համաձայն՝ Ֆրանսիան երկու ուղղաթիռակիր նավ պիտի կառուցեր ու տրամադրեր Ռուսաստանին։ Ընդ որում՝ նավերը Ֆրանսիան պարտավորվել է տրամադրել առանց սպառազինության, քանի որ, ըստ պայմանագրի, սպառազինությունը պիտի արտադրի ու տեղադրի Ռուսաստանը։ Առաջին նավը Ֆրանսիան Ռուսաստանին հանձնելու է 2014-ի վերջին, երկրորդը՝ 2015-ին:

«Վլադիվոստոկ» ուղղաթիռակիրը

«Վլադիվոստոկ» ուղղաթիռակիրը

Նախատեսված է, որ երկու ռազմանավերը Ռուսաստանը տրամադրելու է ՌԴ ԶՈւ ռազմածովային ուժերի խաղաղօվկիանոսյան նավատորմին, սակայն խոսակցություններ կան նաև, որ նավերից մեկը կարող է տեղակայվել Սև ծովում, ինչը անհանգստություն է առաջացնում ՆԱՏՕ-ում:

Նավերից առաջինը, որ ստացել է «Վլադիվոստոկ» անվանումը, դեռ փորձարկումների փուլում է։ Երկու նավերը ստանալուց հետո Ռուսաստանը կարող է ևս երկու ուղղաթիռակիր նավեր գնելու պայմանագիր առաջարկել Ֆրանսիային կամ նավերն արտադրել սեփական գործարաններում։

Միստրալ տիպի ուղղաթիռակիր նավերը նախատեսված են միանգամից մի քանի խնդիր կատարելու համար։ Դրանք կարող են միաժամանակ տախտակամածի վրա ընդունել ուղղաթիռներ, դեսանտ իջեցնել, կիրառվել որպես զորքերի կառավարման կենտրոն, ինչպես նաև օգտագործվել որպես շարժական հոսպիտալ։ Նավի առավելագույն արագությունը 33 կմ/ժ է, նավարկության առավելագույն հեռավորությունը շուրջ 37 հազար կիլոմետր (համեմատելու համար՝ Երկրի հասարակածի երկարությունը մոտ 40 հազար կիլոմետր է)։ Նավի անձնակազմը 170 մարդ է։ Այն կարող է տեղափոխել մինչև 16 ուղղաթիռ ու 40 տանկ։ Միստրալ տիպի ուղղաթիռակիր նավի գինը մոտավոր 620 մլն ամերիկյան դոլար է։

One response to “Ռուսաստանի ԶՈւ զինծառայողները գնում են «Միստրալը բերելու»

  1. Pingback: Միստրալ ուղղաթիռակիրների վաճառքը Ռուսաստանին. մեկնաբանում են պետությունների ղեկավարները | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *