ՀՀ-ն ու Իտալիան Լիբանանում հայաստանյան խաղաղապահ դասակի տեղակայման վերաբերյալ տեխնիկական համաձայնագիր են կնքել

Աշխատանքային այցով Բելգիա մեկնած ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հունիսի 3-ին հանդիպել է Իտալիայի պաշտպանության նախարար տիկին Ռոբերտա Պինոտտիին:

Հանդիպմանը քննարկվել են հայ-իտալական երկկողմ ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր, տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

 

Իտալական կողմը բարձր է գնահատել Հայաստանի մասնակցությունը միջազգային կայունության և խաղաղության պահպանման գործողություններին` հատկապես ընդգծելով Հայաստանի` Լիբանանում իրականացվող ՄԱԿ-ի ՅՈւՆԻՖԻԼ առաքելությանը ուժեր տրամադրելու պատրաստակամությունը:

Կողմերն ընդգծել են, որ համատեղ մասնակցությունը միջազգային խաղաղապահ գործողությանը նոր խթան կհանդիսանա երկկողմ համագործակցության զարգացման համար, մասնավորապես ռազմական ոստիկանության, ռազմական կրթության և այլ բնագավառներում:

Հանդիպման ընթացքում քննարկումներ են ծավալվել նաև միջազային և տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ: Այս համատեքստում ՀՀ պաշտպանության նախարարը բարձր է գնահատել Իտալիայի կառուցողական և հավասարակշռված դիրքորոշումը տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ:

Հանդիպման ավարտին ՀՀ և Իտալիայի պաշտպանության նախարարները ստորագրել են «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Իտալիայի Հանրապետության պաշտպանության նախարարության միջև Լիբանանում Միավորված Ազգերի Ժամանակավոր Ուժերի շրջանակներում համագործակցության և օժանդակության մասին» տեխնիկական համաձայնագիրը, որով կարգավորվում են ՅՈւՆԻՖԻԼ-ի իտալական զորախմբի կազմում հայաստանյան խաղաղապահ դասակի ընդգրկման ընթացակարգերը:

2 responses to “ՀՀ-ն ու Իտալիան Լիբանանում հայաստանյան խաղաղապահ դասակի տեղակայման վերաբերյալ տեխնիկական համաձայնագիր են կնքել

  1. Pingback: Իտալիայի նոր ռազմական կցորդ է հավատարմագրվել Հայաստանում | Ռազմ.info

  2. Pingback: Հայ խաղաղապահների առաջին խումբը մեկնել է Լիբանան | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *