ՀՀ-ում ՌԴ ռազմաբազայի զինծառայողները փորձարկում են անօդաչու թռչող սարքերի նոր համակարգը

Հայաստանում ռուսաստանյան ռազմաբազայի զինծառայողները վերսկսել են անօդաչու թռչող սարքերի ուսումնական թռիչքները։ ՌԴ ռազմաբազայի զինծառայողներն իրականացրել են «Նավոդչիկ-2» (ռուս.՝ Наводчик-2) համակարգով անօդաչուների ուսումնական թռիչքային փորձարկումներ, տեղեկացնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

Անօդաչուներով վարժանքներ

Անօդաչուներով վարժանքներ

Վարժանքներին մասնակցում են նաև համակարգն արտադրող ընկերության ներկայացուցիչները, ովքեր 1 ամսից ավել ՌԴ զինծառայողներին են սովորեցնելու համակարգից օգտվելու հմտությունները։

102-րդ ռազմաբազան ռուսաստանյան արտադրության «Նավոդչիկ-2» համակարգ է ստացել 2013 թվականի վերջին։ Համակարգն իր մեջ ներառում է մի քանի տիպի «Գրանատ» (ռուս.՝ Гранат) անօդաչու թռչող սարքեր։ Նոր համակարգով հնարավոր է հետևել միանգամից մի քանի թիրախների ամպերի միջով և գիշերային ժամերին։

Նախատեսվում է, որ համակարգի կիրառմամբ վարժանքներ են անցկացվելու նաև հայաստանյան Ալագյազ և Կամխուդ բարձրլեռնային զորավարժարաններում։

Տեղեկացնենք, որ Ռուսաստանի զինված ուժերի հարավային ռազմական օկրուգի 102-րդ ռազմաբազան տեղակայվել է 1995 թվականին Գյումրիում: Իրականացնում է մարտական հերթապահություն ԱՊՀ ՀՕՊ Միասնական համակարգի շրջանակներում։ Բազան հագեցած է Ս-300Վ զենիթահրթիռային համակարգերով և ՄԻԳ-29 կործանիչներով։ Անձնակազմը բաղկացած է մոտ 5 հազար հոգուց։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *