Քաթարը փորձում է ձեռք բերել զրահափոխադրիչներ արտադրող թուրքական BMC ընկերության 49 տոկոս մասնաբաժինը։ Քաթարի զինված ուժերի արդյունաբերական հանձնաժողովը (AFIC) պաշտոնապես դիմել է Թուրքիայի մրցակցության խորհրդին (RK)՝ թուրքական «ԷՍ ֆինանսական ներդրումներ» ընկերությունից BMC-ի 49 տոկոս մասնաբաժինը ձեռք բերելու համար։
Այսպիսով, սնանկությունից հետո վերջերս անցկացված աճուրդով «ԷՍ ֆինանսական ներդրումներ» ընկերությանն անցած BMC-ի համասեփականատեր կարող է դառնալ նաև քաթարյան կողմը, եթե Թուրքիայի մրցակցության խորհուրդը թույլատրի գործարքը։
Թուրքական «Զաման» թերթի տվյալներով՝ Քաթարի զինված ուժերի արդյունաբերական հանձնաժողովը նախատեսում է գործարքի համար շուրջ 75 մլն ամերիկյան դոլար տրամադրել։
Նշենք, որ Թուրքիայի զինված ուժերի համար «Քիրփի» (թուրք՝ Kirpi) զրահափոխադրիչներ արտադրող BMC ընկերությունը, որը սնանկ էր ճանաչվել և հանվել էր աճուրդի, անցել է Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի մտերիմ գործարարներից մեկին՝ Էթհեմ Սանջաքին։
Մայիսի սկզբին աճուրդի եզրափակիչ փուլում մնացել էր մեկ գնորդ՝ թուրքական «ԷՍ ֆինանսական ներդրումներ» (ES Mali Yatirim) ընկերությունը, որը պատկանում է գործարար Էթհեմ Սանջաքին։ Աճուրդի միակ մասնակիցը մայիսի 2-ին BMC-ն ձեռք բերելու համար վերջնական առաջարկել էր 345 մլն ամերիկյան դոլար։ Մայիսի 8-ին թուրքական կառավարությունը հաստատել է ընկերության վաճառքը Սանջաքին, ով խոստացել է 500 մլն դոլար ներդրում կատարել և 3600-ից ավելի աշխատատեղ բացել ձեռնարկությունում։
DefenseNews-ի տվյալներով՝ Սանջաքը Թուրքիայի ներկայիս վարչապետ Թայիփ Էրդողանի մերձավորներից է և երկրի ամենահայտնի գործարարներից, ով մինչ ռազմարդյունաբերական ոլորտ մուտքը, որն էլ պետք է սկսվի BMC-ի գնումով, զբաղվել է առողջապահական և դեղագործական ոլորտներով, իսկ վերջին շրջանում ուշադրություն է դարձնում նաև մեդիաոլորտին։
Սպասվում է, որ Էրդողանի մերձավորի մուտքն այս ոլորտ կարող է լուրջ մրցակցություն առաջացնել զրահատեխնիկա արտադրող թուրքական այլ մասնավոր ընկերությունների, մասնավորապես, Otokar-ի և FNSS-ի համար։
Նշենք, որ Թուրքիայի զինված ուժերի համար Kirpi (Քիրփի) զրահամեքենաներ արտադրող ընկերության պարտքը կազմում էր շուրջ 455 մլն ամերիկյան դոլար։
Թուրքական ռազմարդյունաբերական ընկերությունը, որը մաս էր կազմում «Չուքուրովահոլդինգին», աճուրդի էր հանվել ապրիլ ամսին։
2013-ին Թուրքիայի պաշտպանության նախարարությունը չեղյալ հայտարարեց 2009-ին BMC ընկերության հետ կնքած պայմանագիրը, որով նախատեսվում էր թուրքական զինուժին փոխանցել 468 միավոր MRAP դասի Kirpi զրահամեքենա։ Պայմանագրի խզման պատճառը զրահամեքենաների փոխանցումների զգալի ուշացումն էր։ Խոշոր պայմանագրի խզումն էլ պատճառ հանդիսացավ, որպեսզի ընկերությունը լուրջ ֆինանսական խնդիրներ ունենա։
Մինչ պայմանագրի խզումը, BMC-ն թուրքական զինուժին է փոխանցել 293 զրահամեքենա, որոնք ներկայում շահագործվում են։
Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. հունիսի 1-7 | Ռազմ.info