Ադրբեջանում հեպատիտով հիվանդ զինծառայողի մայրը սպառնում է ինքնահրկիզվել

Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող, 2014-ի հունվարին զորակոչված Նուրլան Ալիևի ծնողները դժգոհ են պաշտպանության նախարարությունից և զորամասի հրամանատարական կազմից, որոնք չեն հոգում զինծառայողի համապատասխան բուժումը և թույլ չեն տալիս անգամ, որպեսզի ծնողները նրան տեղափոխեն այլ հիվանդանոց:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական Contact.az կայքը, Նուրլան Ալիևը սկզբում զորակոչվել է թալիշաբնակ Աստարայի շրջանից, ծառայություն է անցել Գանձակի զորամասերից մեկում, ապա նրան տեղափոխել են սահմանամերձ Գետաբեկի շրջանի զորամաս: Զինծառայողի հայրը՝ Փոլադ Ալիևը, հավաստիացնում է՝ զորակոչվելիս իր որդին բացարձակապես առողջ է եղել, սակայն ապրիլի 8-ին իրենց հաջողվել է պարզել՝ նա վարակվել է հեպատիտ Բ-ով: Զինծառայողը բազմիցս դիմել է հրամանատարական կազմին, բացատրել, որ վատառողջ է, սակայն զորամասի բժիշկը՝ ոմն Գաֆար, վկայել է՝ նա որևէ խնդիր չունի և կարող է գնալ դիրքեր:

Միայն հոր բողոքներից հետո Ալիևին ուղարկել են Գանձակի, ապա՝ Բաքվի հոսպիտալ. նա այժմ սույն հոսպիտալի ինֆեկցիոն բաժնում է, նրա վիճակն աստիճանաբար վատթարանում է, բայց հոսպիտալի բժիշկները ոչ մի քայլ չեն ձեռնարկում, նաև թույլ չեն տալիս, որպեսզի հայրը նրան տեղափոխի Բաքվի մեկ այլ հիվանդանոց:

Զինծառայողի մայրը՝ Սևդա Ալիևան, սպառնացել է՝ եթե իր որդու վիճակն ավելի վատանա, ինքն ինքնահրկիզում կանի հենց հոսպիտալի մուտքի մոտ:

Contact.az-կի լրագրողը փորձել է մեկնաբանություն ստանալ համար 541 13 13 հոսպիտալի աշխատակիցներից, սակայն նրանք չեն արձագանքել:

Նկատենք, որ Ադրբեջանի ՊՆ-ն ավելի վաղ չէր հաղորդել այս զինծառայողի՝ հոսպիտալ ուղարկվելու մասին: Ուստի, առողջական լուրջ խնդիր ունեցող զինծառայողի վերաբերյալ հայտնի է դարձել միայն վերջինիս ծնողների՝ մամուլում թեման բարձրաձայնելուց հետո:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *