Իրադրությունն Ուկրաինայում. թարմացվող լրահոս. հունիսի 3

Ուկրաինայի հարավ-արևելյան Լուգանսկի և Դոնեցկի շրջաններն անկախություն են հռչակել, ինչը Կիևի իշխանությունները չեն ճանաչում և շարունակում են ռազմական գործողություններն այդ տարածքում։

Տեղի ինքնապաշտպանական ուժերն էլ շարունակում են դիմադրել։ Մայիսի 25-ին Ուկրաինայում անցկացվեցին նախագահական ընտրություններ, որին հետևած իրավիճակին առավել օպերատիվ հետևելու համար Ռազմինֆոն առաջարկում է հետևել թարմացվող լրահոսին`

Դոնեցկ, ինքնապաշտպանական ուժերի մարտիկն ու ռազմավարը

Դոնեցկ, ինքնապաշտպանական ուժերի մարտիկն ու ռազմավարը

21:00-Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը հայտարարել է, որ ուժայիններին հաջողվել է վերահսկողություն հաստատել Դոնեցկի հյուսիսային շրջանների նկատմամբ։ Ինքնապաշտպանական ուժերը, կամ ինչպես կիևյան կողմն է բնութագրում՝ ահաբեկչական խմբավորումներն, ամբողջությամբ լքել են Կռասնի Լիման բնակավայրն ու հարակից շրջանները։ Այժմ Սլավյանսկ քաղաքը, որտեղ կենտրոնացած է Դոնեցկի ինքնապաշտպանական ուժերի հրամանատարությունը, շրջափակման մեջ է։ Առաջիկայում սպասվում է լայնամասշտաբ գրոհ հենց այս քաղաքի ուղղությամբ։

19։35ԵԱՀԿ-ն արձագանքել է հունիսի 2-ին Լուգանսկի քաղաքային իշխանությունների ադմինիստրատրիվ շենքի հրթիռակոծմանը՝ հաստատելով, այն իրականացվել է երկնքից՝ թռչող սարքի միջոցով։ Դատապարտող կամ նմանաբնույթ որևէ այլ հայտարարություն չի արվել։

19։00-Ուկրաինայի ազգային գվարդիայի մարտիկները ստուգումներ են անցկացնում 23 000-անոց բնակչություն ունեցող Կռասնի Լիման բնակավայրում՝ մարդկանց բնակարաններում։ Ստուգվում են բոլորի փաստաթղթերը, իսկ խուզարկությունների թիրախը ինքնապաշտպանական ուժերում ներգրավված մարդիկ են։

18:20-Ռուսաստանյան լրատվամիջոցները մեջբերում են ականատեսների վկայությունները, համաձայն որոնց Ուկրաինայի ազգային գվարդիայի ստորաբաժանումները պատժիչ գործողություններ և հաշվեհարդար են տեսնում Կռասնի Լիման բնակավայրի բնակիչների նկատմամբ։ Թե ինչ հասկանալ այս երկու ձևակերպումների տակ՝ դեռևս պարզ չէ։ Հիշեցնենք միայն, որ այօր առավոտյան ուժայինները սկսել են Սլավյանսկ քաղաքի գրոհը՝ խոշորածավալ ուժերի ներգրավմամբ, ինչի արդյունքում կարողացել են վերահսկողություն հաստատել քաղաքից հյուսիս-արևելք գտնվող Կռասնի Լիման բնակավայրի նկատմամբ։

18։05-Լուգանսկի ինքնահռչակ հանրապետության ղեկավարությունը դիմել է միջազգային կառույցներին՝ կոչ անելով Ուկրաինայի արևելյան շրջանների օդային տարածքը փակել թռիչքների համար։ Այդ կերպ Լուգանսկում հույս ունեն զերծ մնալ հունիսի 2-ի իրադարձությունների կրկնությունից, երբ ուկրաինական գրոհիչի հրթիռակոծմանը զոհ գնացին խաղաղ բնակիչներ։

17։40-Դոնեցկում ստեղծված իրավիճակի մասին է գրել շրջանի ինքնապաշտպանական ուժերի հրամանատար Իգոր Ստրելկովը, ում խոսքերից առաջնային հիշատակման է արժանի այն, որ այսօրվա մարտերի ընթացքում ինքնապաշտպանական ուժերին չի հաջողվել պահել Սլավյանսկից հյուսիս-արևելք ընկնող Կռասնի Լիման բնակավայրը։ Վերջինիս «անկումով» ուժայինների համար ավելի հասանելի է դառնում Սլավյանսկը։
Ստրելկովը հայնտել է նաև, որ ինքնապաշտպանական ուժերին հաջողվել է խոցել հակառակորդի 2 զրահափոխադրիչ, 1 միավոր Տ-64 տանկ և 1 հատ Համմեր զրահապատ մեքենա։ Օրվա ընթացքում շրջանառվող լուրերը խոցված կործանիչի և ուղղաթիռների վերաբերյալ Ստրելկովը՝ ինչպես ինքն է բնորոշել, ոչ հաստատում է, ոչ էլ հերքում։

16։35-Հասանելի է հունիսի 3-ի առավոտյան արված տեսագրությունը, որում ուկրաինական օդուժի Մի-24 հարվածային ուղղաթիռները գործողություն են իրականացնում Սլավյանսկի մատույցներում։ Նշենք, որ վաղ առավոտից ուժայինները Սլավյանսկում իրականացնում են խոշորածավալ գործողություն։ Մինչ այժմ սակայն, ձեռնարկված 2 գրոհներն էլ հետ են մղվել։

15:50-Համացանցում հրապարակվել է Մի-24 ուղղաթիռի լուսանկար, որը ներկայացնում են, որպես հունիսի 3-ին ինքնապաշտպանական ուժերի կողմից վնասված ուկրաինական ուղղաթիռ։ Առայժ շրջանառվում է այն վարկածը, թե օդաչուն հարկադիր վայրէջք է կատարել ինքնապաշտպանական ուժերի կողմից հսկվող տարածքում։ Տեղեկությանը սակայն պետք է մոտենալ վերապահումով։

Հարկադիր վայրէջք կատարած Մի-24 ուղղաթիռը

Հարկադիր վայրէջք կատարած Մի-24 ուղղաթիռը

15։05-Հետաքրքիր տվյալ է հրապարակել ուժայինների՝ արևելյան շրջաններում իրականացվող հակաահաբեկչական գործողությունը համակարգող շտաբի տեղեկատվական մասի պատասխանատու Վլադիսլավ Սելեզնյովը։ Նա նշել է, որ գործողության հետևանքով մինչ օրս սպանվել է ինքնապաշտպանական ուժերի ավելի քան 300 մարտիկ։ Թե որքանով է թիվն արտացոլում իրական պատկերը՝ դժվար է ասել։

14:25-Ուկրաինայի գլխավոր դատախազի առաջին տեղակալ Նիկոլայ Գոլոմշան հունիսի 3-ին կայացած ճեպազրույցի ժամանակ լրագրողներին հայտնել է, թե ուկրաինական օդուժը որևէ կապ չունի նախօրեին Լուգանսկի քաղխորհրդի շենքի հարևանությամբ գրանցված պայթյունի հետ։ Նա առաջ է քաշել կատարվածի վերաբերյալ Կիևի պաշտոնական տեսակետը, համաձայն որի շենքը վնասել են հենց ինքնապաշտպանական ուժերի մարտիկեները, երբ փորձել են խոցել երկնքում թռնող Սու-25 գրոհիչը։
Նշենք, սակայն, որ համացանցը ողողված է տեսանյութերով, որոնցից հստակ երևում է, որ Սու-25 գրոհիչը համազարկ է արձակում չկառավարվող ավիացիոն Ս-8 հրթիռներով։

13:57-Լուգանսկի ինքնահռչակ հանրապետության ղեկավարությունը հայտնել է, թե հունիսի 2-ին Ուկրաինայի ԶՈւ ռազմաօդային ուժերի հարվածներից մահացել է 8 խաղաղ բնակիչ, ևս 28 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ։ Նշենք, որ Կիևի գլխավոր դատախազությունը հերքում է Ուկրաինայի ԶՈւ ինքնաթիռների՝ հարվածներ հասցնելու մասին լուրը: Ըստ գլխավոր դատախազի տեղակալ Նիկոլայ Գոլոմշայի՝ Լուգանսկի զինյալներն իրենք են կրակել շենքի վրա՝ փորձելով հարվածել Ուկրաինայի ԶՈւ ինքնաթիռին:

13:21-Դոնեցկի ու Լուգանսկի շրջաններում ռազմական գործողությունների ամբողջ ընթացքում ընդհանուր առմամբ մահացել է 181 մարդ, վիրավորվել՝ ևս 293-ը: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է Ուկրաինայի գլխավոր դատախազի ժամանակավոր պաշտոնակատար Օլեգ Մախնիցկին: Մահացածներից 59-ը եղել են զինծառայողներ: Բացի այդ՝ գործողությունների ընթացքում առևանգվել է 220 մարդ, որոնցից 12-ը՝ արտասահմանցի:

13։00-Սլավյանսկում ինքնապաշտպանական ուժերի շտաբը հայտարարել է, թե կարողացել է ուկրաինական Մի-24 ուղղաթիռ վայր գցել։ Շտաբում նշել են, թե սա նախնական տեղեկություն է։ Բացի այդ, տեղեկություններ էր շրջանառվում, որ տեղի ուժերը կարողացել են զենիթային համակարգով նաև ուկրաինական օդուժի Սու-25 գրոհիչ վայր գցել, սակայն այս տեղեկությունը որևէ հաստատում դեռ չի ստացել։

12։30Սլավյանսկում մարտական գործողությունները շարունակվում են։ Մարտեր են քաղաքի մի քանի հատվածներում։ Ականատեսների վկայությամբ՝ Կարաչունի բարձունքից նույնպես արկեր են արձակվում։

11։15-Համացանցում տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես է հունիսի 2-ին ուկրաինական օդուժը Սու-25 գրոհիչը հրթիռակոծում է  Լուգանսկում ինքնապաշտպանական ուժերի դիրքերը։

11։05-Համացանցում տարածվել է տեսանյութ Սևերոդոնեցկից, որում լսելի են պայթյունների և կրակահերթերի ձայներ ու երևում են փոշու ամպեր։ Տեսանյութը թվագրված է հունիսի 3-ին։

11։00-Ինքնապաշտպանական ուժերը Սլավյանսկում ոչնչացրել են ուկրաինական ուժայիններին պատկանող զրահափոխադրիչ, որը քաղաք էր շարժվում Իզյումից։ Զրահափոխադրիչը շարքից դուրս բերելուց հետո մարտ է սկսվել կողմերի միջև։ Ուկրաինական «Ունիան» գործակալության տվյալներով՝ ուկրաինական կողմը կորցրել է մեկ զինծառայող, ևս 13 վիրավոր ունեցել։

10։45Սլավյանսկում նույնպես գիշերը մարտեր են ընթացել։ Ականատեսների վկայությամբ՝ կրակոցների ձայներ են լսվել քաղաքի տարբեր հատվածներում։ Ուկրաինայի ներքին գործերի նախարարարի ժամանակավոր պաշտոնակատար Արսեն Ավակովն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Սլավյանսկում հատուկ գործողությանը ներգրավված են զրահամեքենաներ, որոնց տեղի ուժերը պատասխանում են նռնականետերով։ Առավոտյան ևս մարտերը շարունակվում են, լսելի են ինքնաձիգերի և գնդացիրների կրակահերթերի ձայներ, խոսվում է քաղաքի վրա կործանիչների թռիչքների մասին, որոնք նաև հրթիռակոծում են ինքնապաշտպանական ուժերի դիրքերը։ Կատաղի մարտեր են հատկապես Սլավյանսկի Ցարիցինո շրջանում։

10։29-Գիշերը Կրամատորսկ քաղաքի մոտ մարտեր են եղել Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ուժերի և ուժայինների ստորաբաժանումների միջև։ Մարտերի ժամանակ ինքնապաշտպանական ուժերը 3 մարտիկ են կորցրել, ուկրաինական կողմի հնարավոր կորուստների մասին տվյալներ չեն հաղորդվում, փոխանցում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Հիշեցնենք, որ մայիսի 11-ին Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում անցկացվել է հանրաքվե, որով տեղի բնակիչների ճնշող մեծամասնությունը կողմ է քվեարկել անկախությանը, սակայն Կիև իշխանությունները չեն ճանաչել դա։

Կողմերի միջև ռազմական գործողությունները ներկայում էլ փոփոխակի հաջողությամբ շարունակվում են։

Իրավիճակի և զարգացումների մասին տեղեկությունները բավական իրարամերժ են. ուկրաինական և ռուսաստանյան կողմերի տվյալները զգալի տարբերվում են։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *