Հունիսի 2-ին Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան պաշտոնական այցով մեկնել է Հունաստան։ Այցի ընթացքում Ալասանիան հանդիպելու է Հունաստանի պաշտպանության նախարար Դիմիտրի Ավրամոպուլոսի և Հունաստանի ԶՈւ ԳՇ պետ գեներալ Միխայիլ Կոստարկոսի հետ։
Այս մասին տեղեկացնում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Ինչպես հայտնի է, ընդունելության պաշտոնական արարողությունը կայանալու է պաշտպանական գերատեսչության վարչական համալիրում, որից հետո գերատեսչությունների ղեկավարներն առանձին հանդիպում կունենան։
Կողմերը քննարկելու են երկկողմ համագործակցության, ռազմական կրթության և ռազմատեխնիկական ապահովման հարցեր։
Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ Ալասանիան Հունաստանի իր գործընկերոջ հետ քննարկելու է ՆԱՏՕ-ին Վրաստանի ինտեգրացիայի, ինչպես նաև խաղաղապահ առաքելություններում ներգրավվածության հարցեր։
Այցի ավարտին կողմերը կստորագրեն 2014 թվականի ռազմական համագործակցության ծրագիրը։
Եռօրյա այցի շրջանակներում Ալասանիան հանդիպելու է նաև Հունաստանի վարչապետի և արտաքին գործերի նախարարին։
Pingback: Ռազմաշաբաթ. Վրաստան. հունիսի 1-7 | Ռազմ.info