Ձերբակալվել են շարքային զինծառայողներ. ամփոփում

Այս օրերին հանրությանը հետաքրքրող և քննարկվող հիմնական թեման բանակի անցուդարձն է։ Այդ է պատճառը, որ տարբեր մամուլի ակումբներում անդրադարձ կատարվեց բանակում արձանագրված դեպքերին: Սակայն, մինչ հանրային քննարկումներին անցնելը՝ նշենք, որ հոկտեմբերի 21-ին լրագրողների հետ է հանդիպել ՊՆ առընթեր հանրային խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը և նշել, որ խորհուրդը  նորաստեղծ է, սակայն այն արդեն իսկ այսօր բանակ-հասարակություն կապ է ստեղծում, իսկ այն մարդիկ, ովքեր փնովում են բանակը՝ ժամանակին ոչ մի հայտ չեն ներկայացրել ՊՆ ՀԽ-ում ընդգրկվելու համար։

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Տիգրան Խզմլայանն այն տեսակետին է, որ բանակում զինվորներին ճորտեր են դարձնում։ Այս մասին նա հայտարարել է ասուլիսներից մեկում։

Հոկտեմբերի 21-ին մամուլում տեղ գտան երկու հրապարակում, որոնք հաստատում են, որ ոճիրին հաջորդում է պատիժը։ Ըստ այդմ՝ ժամկետային զինծառայող, շարքային Ժորա Մկրտիչի Մկրտչյանին հոգեբուժարան տեղափոխելու փաստի առթիվ ձերբակալվել է նրա ծառայակից՝ շարքային Ալբերտ Ռաֆայելի Առաքելյանը՝ անձի պատիվն ու արժանապատվությունը ստորացնելու, նրան ծաղրուծանակի ենթարկելու կասկածանքով։ Սակայն, սա այսօր գրանցված միակ ձերբակալությունը չէ. եֆրեյտոր Վլադիմիր Անդրանիկի Ասատրյանի մահվան փաստի առթիվ հարուցված գործի շրջանակներում  ձերբակալվել է նաև զինծառայող, շարքային  Արմեն Մարտինի Զաքարյանը։

Մինչ բոլորը խոսում են ոճրին հասանելիք արժանի պատժի մասին՝ «Հրապարակի» հոդվածագիրը մեջբերում է հռոմեական բանակի օրինակը, ըստ որի, պարտությունից հետո՝  «յուրաքանչյուր հարյուրյակից վիճակահանությամբ ընտրված մեկական լեգեոներ բարձրանում էր կառափնարան՝ քավելու ողջ լեգեոնի մեղքը, որը մյուսների համար նախազգուշացում էր»։ Իսկ որպես ստեղծված իրավիճակից ելք կրկին անդրադառնում է հռոմեական բանակին. «Պատժել անխտիր բոլոր մեղավորներին… պատժել հրապարակավ՝ ի ցույց ողջ բանակի և հասարակության՝ որպես հատուցման անխուսափելիության օրինակ և զինվորի մասին պետության հոգածության ապացույց»:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *