Ռուսաստանը հանել է Պակիստանի նկատմամբ կիրառվող զենքի վաճառքի էմբարգոն

Ռուսաստանյան իշխանությունները հանել են Պակիստանի նկատմամբ կիրառվող էմբարգոն, որպեսզի կարողանան այդ երկրին վաճառել Մի-35 ուղղաթիռներ: Այս մասին, ըստ ռուսաստանյան «ԻՏԱՐ-ՏԱՍՍ» գործակալության, հայտնել է Ռուսաստանում արտադրվող զենքի միակ արտահանող «Ռոսօբորոնէկսպորտ» պետական ընկերության ղեկավար Սերգեյ Չեմեզովը:

Մի-35 հարվածային ուղղաթիռ. ՌԴ ՌՕՈւ

Մի-35 հարվածային ուղղաթիռ. ՌԴ ՌՕՈւ

Պաշտոնյայի խոսքով՝ Ռուսաստանն ու Պակիստանն արդեն սկսել են Մի-35 հարվածային ուղղաթիռների վաճառքի մասին բանակցությունները, սակայն դեռ չի հայտարարել, թե ուղղաթիռների ինչ քանակի մասին է խոսքը: Մինչ այս հայտարարվել էր, որ պակիստանցիները հետաքրքրված են նաև ռուսաստանյան Մի-26 բեռնատար ուղղաթիռներով, ինչպես նաև հրետանային, հակաօդային պաշտպանության միջոցներով ու ռազմական նշանակության այլ արտադրանքով:

Նշենք, որ Ռուսաստանը պաշտոնապես էմբարգո՝ մասնավորապես զենքի արտահանման արգելանք, չի կիրառել Պակիստանի նկատմամբ, սակայն ԽՍՀՄ-ը, հետո էլ Ռուսաստանն ավանդաբար հրաժարվել են զենք արտահանել Պակիստան: Միայն 2002-ից հետո Ռուսաստանը Պակիստանին է վաճառել 26 միավոր Մի-171 ու 4 միավոր Մի-8 բեռանատար ուղղաթիռներ, ընդ որում՝ Մի-8-երը՝ սեփական սպառազինությունից:

Մի-35-ը դեռևս Աֆղանստանի պատերազմից իրեն բավական լավ դրսևորած Մի-24 հարվածային ուղղաթիռի կատարելագործված տարբերակն է, որում ամփոփված են ժամանակակից մարտ վարելու համար անհրաժեշտ տեխնիկական միջոցներ, սարքավորումներ ու սպառազինություն։ Տեխնիկական միջոցների հագեցվածության շնորհիվ, որոնց թվում են գիշերային տեսողության սարքերն ու ջերմացուցիչները, Մի-35-ը կարող է հայտնաբերել թիրախները մինչև 4 կմ հեռավորության վրա՝ անկախ եղանակային պայմաններից ու տեսանելիության աստիճանից։

Ուղղաթիռի վրա կիրառվող նորարարություններից է նաև արբանյակային նավիգացիոն համակարգը։

Հավելենք, որ սպառազինությունում ուղղաթիռն ունի Շտուռմ-Վ (ռուս.՝ Штурм-В) հակատանկային կառավարվող հրթիռներ, 80 և 240 մմ-անոց չկառավարվող հրթիռներ, 30 մմ-անոց նռնականետ և ռումբեր՝ 50-ից 500 կգ-անոց զանգվածով։

2 responses to “Ռուսաստանը հանել է Պակիստանի նկատմամբ կիրառվող զենքի վաճառքի էմբարգոն

  1. Pingback: Պակիստանը, հնարավոր է, առաջիկայում Ռուսաստանից գնի Մի-35 հարվածային ուղղաթիռներ | Ռազմ.info

  2. Pingback: Առաջին անգամ ռուս-պակիստանյան համատեղ զորավարժություն է անցկացվելու | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *