Մերձմոսկովյան Բրոննիցի զորավարժարանում Ռուսաստանի պաշտպանության նախարարության ղեկավարությանն են ներկայացրել ռուսաստանյան նոր զրահատեխնիկայի մի շարք նմուշներ: Դրանց թվում է եղել նաև նոր հեռակառավարվող մարտական հանգույցով ԲՏՌ-80/ԲՏՌ-82 զրահափոխադրիչը, ինչի մասին հայտնում է ռուսաստանյան «Ռազմավարության ու տեխնոլոգիայի ուսումնասիրման կենտրոնի» բլոգը:
Կարելի է ենթադրել, որ նոր զրահափոխադրիչը գաղտնի է պահվում, քանի որ դրա լուսանկարները չեն հրապարակվել: Չնայած դրան՝ մյուս տեխնիկայի լուսանկարների մեջ կարելի է տեսնել զրահափոխադրիչի մարտական հանգույցի տեսքը:
Ըստ այդմ, նոր մարտական հանգույցը հեռակառավարվող է, զինված է 30 մմ ավտոմատ թնդանոթով, որի արկերի մատակարարման շղթաները «բաց» են ու տեղավորված են հանգույցի վերին մասում, ինչը դրանց խոցելի է դարձնում: Հանգույցը զինված է նաև 7,62 մմ գնդացրով, ենթադրվում է, որ դրա վրա տեղադրվելու է նաև ավտոմատ նռնականետ:
Հեռակառավարման շնորհիվ մարտական հանգույցից նշանառությունն ու կրակը կարող են վարել ինչպես զրահափոխադրիչի նշանառու օպերատորը, այնպես էլ՝ հրամանատարը:
Խորհրդային ԲՏՌ-80 զրահափոխադրիչը նախատեսված Է դեսանտի տեղափոխման, ինչպես նաև դեսանտայիններին կրակով աջակցելու համար: Նախագծված լինելով 1980-ականների սկզբին՝ այն 2012 թվականի դրությամբ դեռ արտադրության մեջ էր: Զրահափոխադրիչն ունի 30-ից ավելի արդիականացված տարբերակ: Առկա է աշխարհի մոտ 40 երկրների սպառազինության մեջ:
Զրահափոխադրիչի անձնակազմը 3 հոգի է, դեսանտը՝ 7 հոգի: Զինված է 14,5 մմ ԿՊՎՏ ու 7,62 մմ ՊԿՏ գնդացիրներով: Մեքենայի զանգվածը 13,6 տոննա է: ԲՏՌ-80-ը խճուղու վրա կարողանում է զարգացնել մինչև 80 կմ/ժ արագություն, լողացող է, ջրային արգելքները հաղթահարում է 9 կմ/ժ արագությամբ:
ԲՏՌ-82-ը ԲՏՌ-80-ի արդիականացումն է: Արդիականացման արդյունքում զրահափոխադրիչի վրա տեղադրվել է նոր շարժիչ ու նոր սպառազինություն, մասնավորապես ԲՏՌ-82ԱՄ տարբերակի վրա 14,5 մմ գնդացրի փոխարեն տեղադրված է 30 մմ թնդանոթ:
Pingback: ԿամԱԶ-ը նոր զրահապատ շասսի է ներկայացրել | Ռազմ.info