Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը այսօր՝ հունիսի 2-ին, Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, գեներալ Ֆիլիպ Բրիդլավի հրավերով պաշտոնական այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
Այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվելու են ՆԱՏՕ-Ադրբեջան կապերն ու համագործակցության ընդլայնման հնարավորությունները։
Հավելենք նաև, որ Զաքիր Հասանովը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հրավերով հունիսի 4-ին էլ կմասնակցի Հյուսիսատլանտյան Դաշինքի հերթական նիստին, որին մասնակցելու են ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող և Աֆղանստանում խաղաղապահ առաքելություն իրականացնող երկրները։