Ուկրաինայի հարավ-արևելյան Լուգանսկի և Դոնեցկի շրջաններն անկախություն են հռչակել, ինչը Կիևի իշխանությունները չեն ճանաչում և շարունակում են ռազմական գործողություններն այդ տարածքում։
Տեղի ինքնապաշտպանական ուժերն էլ շարունակում են դիմադրել։ Մայիսի 25-ին Ուկրաինայում անցկացվեցին նախագահական ընտրություններ, որին հետևած իրավիճակին առավել օպերատիվ հետևելու համար Ռազմինֆոն առաջարկում է հետևել թարմացվող լրահոսին`
21։10-Հասանելի է նաև տեսանյութը, որում տեսագրված է Լուգանսկի ադմինիստրատիվ շենքի հրթիռակոծման պահը։ Նշենք, որ վերջին տվյալների համաձայն՝ ավիահարվածի հետևանքով զոհվել է 7, վիրավորվել 15 մարդ։ Նրանց գերակշիռ մասը խաղաղ բնակիչներ են։
19:10-Լուգանսկի ինքնահռչակ հանրապետության վարչապետ Վասիլիյ Նիկիտինը լրատվամիջոցներին հայտնել է, որ որ հունիսի 2-ին ուկրաինական կործանիչի հասցրած ավիահարվածի հետևանքով զոհվածների թվում է նաև առողջապահության նախարար Նատալյա Արխիպովան։ Հիշեցնենք, որ ուկրաինական օդուժի կործանիչը հարվածել էր Լուգանսկի կենտրոնական ադմինիստրատիվ շենքին, ինչի հետևանքով այս պահի դրությամբ հայտնի է 5 զոհվածների մասին։
16։30-Լուգանսկում իրավիճակը շարունակում է մնալ լարված։ Տեղում աշխատող լրագրողները հայտնում են, որ քաղաքի տարբեր հատվածներում լսվում են կրակահերթի ձայներ, օդում նորից հայտնվել է ուկրաինական ռազմաօդային ուժերի Սու-27 կործանիչը;
15։50-Ուկրաինայի ռազմաօդային ուժերի Սու-25 կործանիչը օդային հարված է հասցրել Լուգանսկի ադմինիստրատիվ շենքին, ինչը սակայն չի տվել ցանկալի արդյունք։ Հարվածի թիրախը հավանաբար եղել է Լուգանսկի ղեկավար Վալերի Բոլոտովը, ով այդ պահին չի եղել շենքում։ Նշենք սակայն, որ 5 զոհ ավիահարվածի հետևանքով այդհուհանդերձ եղել է։
14։25-Լուգանսկի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Վալերի Բոլոտովն արձակել է հրաման՝ երկօրյա ժամկետում պատրաստել և կահավորել բոլոր այն տարածքներն ու շինությունները, որոնք կարող են ծառայել որպես ապաստարան։
13:50-Հունիսի 1-ին Սլավյանսկ քաղաքի հրետակոծման ժամանկ վնասվել է քաղաքի մանկապարտեզներից մեկը։ Նկատենք, որ այս միջադեպը ռուսաստանյան լրատվամիջոցներն արդեն իսկ ակտիվորեն օգտագործում են քարոզչության ընթացքում՝ շեշտը դնելով այն հանգամանքի վրա, որ մանկապարտեզը հրետակոծվել է հենց երեխաների պաշտպանության միջազգային օրը։
13։35-ԱՄՆ-ի՝ միջազգային անվտանգության նախարարի օգնական Դերեք Շոլլին ճեպազրույցի ժամանակ հայտնել է լրագրողներին, որ երկու անգամ ավելացել է ռազմական ծախսերի համար Ուկրաինային հատկացվող ամերիկյան օգնության չափը՝ դառնալով 18 միլիոն դոլար։ Շոլլին հավելել է, որ գումարը կարող է օգտագործվել միայն թիկունքային ապահովման պարագաների ձեռքբերման համար և չի նախատեսում սպառազինության գնում։ Հիշեցնենք, որ 2014-ի մայիսին Ուկրաինան հերթական անգամ դիմեց ԱՄՆ-ին՝ խնդրելով Աֆղանստանում տեղակայված զորքերի դուրսբերումից հետո Ուկրաինային տրամադրել շահագործումից դուրսգրման ենթակա զրահատեխնիկան։ Ուկրաինայի այդ դիմումն ամերիկյան կողմը մերժեց։
13։15-Ըստ Ուկրաինայի սահմանապահ ծառայության՝ ինքնապաշտպանական ուժերը Լուգանսկի սահմանապահ ուղեկալի վրա գրոհի ժամանակ 5 մարտիկ են կորցրել, ևս 8-ը վիրավորվել են։ Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ մարտերի ժամանակ վիրավորվել է նաև 7 սահմանապահ։
12:50-Ուկրաինայի սահմանապահ ծառայության՝ Լուգանսկի շրջանում տեղակայված սահմանապահ ուղեկալի գրոհի վերաբերյալ շարունակում են շրջանառվել իրարամերժ տեղեկություններ։ Կա տեղեկություն, որ ուղեկալի շուրջ 10 զինծառայող դադարեցրել է պայքարը և հանձնվել ինքնապաշտպանական ուժերին։
12:25-Համացանցում շարունակվում են տարածվել վաղ առավոտյան Լուգանսկի սահմանապահ ուղեկալներից մեկի վրա հարձակման հետևանքով ծավալված իրադարձությունների վերաբերյալ տեսանյութերը։ Ստորև Ուկրաինայի ռազմաօդային ուժերի կործանիչն է՝ Լուգանսկի երկնքում։ Կործանիչի արձակած դեղին «կրակը» պետք չէ խառնել հրթիռների հետ, դրանք ջերմային նշանառությամբ աշխատող դյուրակիր զենիթահրթիռային համալիրների կրակից պաշտպանվելու համար են։
12։00-Համացանցում տարածվում են տեսանյութեր, որոնցում տեսագրված է Լուգանսկի շրջանի սահմանապահ ուղեկալներից մեկի վրա իրականացված հարձակումից մի դրվագ։
11։15-Ինքնապաշտպանական ուժերը փորձել են իրենց վերահսկողության տակ վերցնել Ուկրաինայի սահմանապահ ծառայության զորամասը։
11։11-Ուկրաինական կողմը գիշերը հրետակոծել է Սլավյանսկը, ինչի հետևանքով «Սլավտյաժմաշ» գործարանում հրդեհ է բռնկվել։
11։10-Լուգանսկի մոտակայքում գիշերվանից շարունակվում են մարտերը։ Մարտերի հետևանքով Լուգանսկում ինքնապաշտպանական ուժերի 2 մարտիկ և 1 խաղաղ բնակիչ է զոհվել։ Ըստ վերջին տվյալների՝ որոշակի ընդմիջումներով մարտերը շարունակվում են։
Հիշեցնենք, որ մայիսի 11-ին Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում անցկացվել է հանրաքվե, որով տեղի բնակիչների ճնշող մեծամասնությունը կողմ է քվեարկել անկախությանը, սակայն Կիև իշխանությունները չեն ճանաչել դա։
Կողմերի միջև ռազմական գործողությունները ներկայում էլ փոփոխակի հաջողությամբ շարունակվում են։
Իրավիճակի և զարգացումների մասին տեղեկությունները բավական իրարամերժ են. ուկրաինական և ռուսաստանյան կողմերի տվյալները զգալի տարբերվում են։