Ուկրաինական ԲՏՌ-3 զրահափոխադրիչների վրա մասնագետները տեղադրել են «Պառուս» («Առագաստ») հեռակառավարվող մարտական հանգույց ու ներկայում փորձարկում են զրահափոխադրիչի արդիականացումը: Նոր զրահափոխադրիչի ստեղծման մասին հայտնում է ukraineindustrial.info կայքը, իսկ նրա լուսանկարներն արդեն հայտնվել են ցանցում:
«Պառուս» մարտական հանգույցը, որը նախկինում տեղադրվել է նաև ԲՏՌ-4 զրահափոխադրիչի վրա, առանձնահատուկ է նրանով, որ բացի հեռակառավարվող լինելուց՝ տեղ չի զբաղեցնում նաև զրահափոխադրիչի ներքին մասում՝ տեղավորված լինելով ավելի բարձր:
Հանգույցի վրա տեղադրված են դիտման սարքավորումներ, իսկ դրանց միջոցով սպառազինության նշանառությունը կարող են իրականացնել ինչպես մեքենայի հրամանատարը, այնպես էլ նշանառու-օպերատորը՝ հեռակառավարմամբ:
Հանգույցի վրա տեղադրված են 30 մմ ավտոմատ թնդանոթ, 7,62 մմ գնդացիր, ինչպես նաև 30 մմ ավտոմատ նռնականետ ու 2 հակատանկային կառավարվող հրթիռներ: Մարտական հանգույցի ծավալը թույլ է տալիս թնդանոթը տեղադրել ավելի բարձր, ինչի շնորհիվ՝ այն կարելի է նշանառել մինչև 45 աստիճան ՝ վեր, ու մինչև -13 աստիճան՝ վար:
ԲՏՌ-3 զրահափոխադրիչը նախագծել են խորհրդային ԲՏՌ-80 զրահափոխադրիչների հիման վրա: 16,5 տոննա զանգվածով զրահափոխադրիչը լողացող է: Անձնակազմը 3 մարդ է, տեղափոխվող դեսանտայինների քանակը՝ 6-8 մարդ:
Մեքենայի բազային տարբերակը սպառազինությամբ չի տարբերվում ներկա արդիականացումից: Այն նույնպես զինված է 30 մմ ակոսավոր ավտոմատ թնդանոթով, ինչպես նաև 7,62 մմ գնդացրով ու 30 մմ ավտոմատ նռնականետով: Մեքենայի վրա տեղադրված են նաև «Բարյեր» հակատանկային կառավարվող հրթիռներ: ԲՏՌ-3 զրահափոխադրիչն ունի մի շարք արդիականացումներ ու առկա է մոտ 10 երկրների սպառազինության մեջ՝ հիմնականում մինչև 10 միավոր քանակությամբ: