Պենտագոնը հաստատել է ՌԴ զորքերի մի մասի հեռացումն Ուկրաինայի հետ սահմանից

ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները վերջապես ընդունել են, որ ՌԴ-ն հետ է քաշել իր զորքերի մեծ մասն Ուկրաինայի հետ սահմանային շրջաններից՝ այնուհանդերձ հաստատելով, որ ՌԴ-ն դեռևս 7 գումարտակ՝ մոտ 2 հազար զինծառայող, չի հեռացրել սահմանից։ 

Չաք Հեյգել. Լուսանկարը՝ «Բլումբերգի»

Չաք Հեյգել. Լուսանկարը՝ «Բլումբերգի»

Ինչպես հաղորդում է AP լրատվական գործակալությունը, Պենտագոնի ղեկավար Չաք Հեյգելը լրագրողներին ասել է՝ նշված 7 գումարտակներն իրականում «իրենց տեղում չեն», դրանք մոտեցել են սահմանին մի քանի ամիս առաջ։

Նկատենք, որ ավելի վաղ Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայությունը հաղորդել էր Ուկրաինայի հետ սահմանից ռուսաստանյան զինուժի ստորաբաժանումների և զինտեխնիկայի հեռացման մասին՝ հավելելով, որ զորքերը վերադարձել են իրենց տեղակայման հիմնական վայր մայիսի 21-ին։

Հիշեցնենք, որ մայիսի 8-ին ՆԱՏՕ-ի և Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչները հայտարարել էին՝ իրենք չեն վստահում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի արված հայտարարությանը, որի համաձայն՝ ՌԴ-ն հետ է քաշել իր զորքերն Ուկրաինայի հետ սահմանից։ ՆԱՏՕ-ի տվյալներով՝ Ուկրաինայի սահմանին այդ ժամանակ կանգնած էին 40 հազար ՌԴ ԶՈւ զինծառայողներ։

Նշենք նաև, որ ՌԴ ԶՈւ ստորաբաժանումները դեպի Ուկրաինայի հետ սահման էին ուղևորվել սույն թվականի ապրիլի 24-ին՝ Ուկրաինայի հարավ-արևելքում ուժայինների հակաահաբեկչական գործողություններին ի պատասխան լայնամասշտաբ զորավարժություններ անցկացնելու։ Ուկրաինական կողմն էլ իր հերթին սահմանին կենտրոնացրել էր մոտ 15 հազար զորք։

Մայիսի 11-ին Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում անցկացվել է հանրաքվե, որով տեղի բնակիչների ճնշող մեծամասնությունը կողմ է քվեարկել անկախությանը, սակայն Կիև իշխանությունները չեն ճանաչել դա։

Կողմերի միջև ռազմական գործողությունները ներկայում էլ փոփոխակի հաջողությամբ շարունակվում են։

Իրավիճակի և զարգացումների մասին տեղեկությունները բավական իրարամերժ են. ուկրաինական և ռուսաստանյան կողմերի տվյալները զգալի տարբերվում են։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *