Դիվերսիայի հետևանքով վիրավորված 4 զինծառայողներից 2-ի վիճակը կայուն ծանր է

Մայիսի 27-ի լույս 28-ի գիշերը՝ ժամը 02:55-ի սահմաններում, հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ հակառակորդի ձեռնարկած դիվերսիան հետ մղելիս հայկական կողմը ունեցել է զոհ, 4 վիրավոր:  Հակառակորդի դեմ ծավալված մերձամարտում զոհվել էր ՊԲ զինծառայող, եֆրեյտոր, 1995-ին ծնված Էրիկ Վիլենի Գասպարյանը: Վիրավոր զինծառայողներին տեղափոխվել էին Երևանի Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:

Ինչպես Aysor.am-ին հաղորդել է հոպիտալի պետ, գնդապետ Արամ Ասատուրյանը, 4 զինծառայողները հիմնականում բեկորային վնասվածքներ են ստացել, 2-ի մոտ գանգուղեղային վնասվածքներ են, նրանց վիճակը գնահատվում է կայուն ծանր։  Ասատուրյանի խոսքերով՝ գանգուղեղային վնասվածք ստացած զինծառայողներից մեկին վիրահատել են։

Հիշեցնենք, որ Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշել էր՝ ադրբեջանական կողմն արժանի հակահարված է ստացել` զոհեր և վիրավորներ ունենալով։

Ադրբեջանի ՊՆ-ն հաստատել է այս ուղղության առաջնագծի հատվածում իր ունեցած 2 զոհը, 1 վիրավորը։

Հայտնի են զոհված ադրբեջանցի զինծառայողների անունները՝ 1982-ին ծնված կապիտան Մամեդով Ֆիքրեթ Աքիֆ օղլուն, ադրբեջանական կողմի պնդմամբ՝ «հայ դիպուկահարի գնդակից» սպանված, 1991-ին ծնված ենթասպա Աբիլով Խուդավերդի Ֆարհադ օղլուն։ Ծանր վիրավորվել է 1994-ին ծնված շարքային Միրզազադե Մեհման Դադաշբալա օղլուն։ Առաջին բուժօգնություն ցույց տալուց հետո նրան տեղափոխել են հոսպիտալ, ներկայումս նրա վիճակը ծանր է։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *