Իրադրությունն Ուկրաինայում. թարմացվող լրահոս. մայիսի 29

Ուկրաինայի հարավ-արևելյան Լուգանսկի և Դոնեցկի շրջաններն անկախություն են հռչակել, ինչը Կիևի իշխանությունները չեն ճանաչում և շարունակում են ռազմական գործողություններն այդ տարածքում։

Տեղի ինքնապաշտպանական ուժերն էլ շարունակում են դիմադրել։ Մայիսի 25-ին Ուկրաինայում անցկացվեցին նախագահական ընտրություններ, որին հետևած իրավիճակին առավել օպերատիվ հետևելու համար Ռազմինֆոն առաջարկում է հետևել թարմացվող լրահոսին`

Ուկրաինայի ԶՈւ Մի-8 ուղղաթիռը՝ խոցվելուց րոպեներ առաջ

Ուկրաինայի ԶՈւ Մի-8 ուղղաթիռ

20։55-Ուկրաինայի ազգային գվարդիան տարածել է հաղորդագրություն, որում մանրամասներ է հայտնել Լուգանսկի Ալեքսանդրովսկ քաղաքի թիվ 3035 զորամասում ծավալված իրադարձությունների վերաբերյալ։ Ըստ այդմ, ինքնապաշտպանական ուժերի մարտիկները շրջափակել են զորամասն, ինչից հետո ծավալվել է փոխհրաձգություն։ Վերջինիս ժամանակ հարձակվողները ձեռքի հակատանկային նռնականետից կրակել են զորամասի զինանոցի ուղղությամբ, ինչի հետևանքով եղել է ուժեղ պայթյուն և պահեստում առկա ողջ զինամթերքը ոչնչացվել է։

20։20ԵԱՀԿ-ն վերահաստատել է, որ անհայտ կորել է Ուկրաինայի արևելյան շրջաններում պարեկություն իրականացնող մոբիլ խմբերից մեկը։ Թվով 4 աշխատակցի հետ կապը կորել է դեռևս մայիսի 26-ին։ ԵԱՀԿ-ում հակված են կարծելու, որ նրանց առևանգել են։

19:50-Դոնեցկի ինքնապաշտպանական ուժերը դարանից հարձակվել են ուժայինների՝ Սլավյանսկ-Իզյում ճանապարհով ընթացող ավտոշարասյան վրա, որը տեղափոխում էր ռազմամթերք։ Հարձակման ընթացքում զոհվել է բեռնատարներից մեկի վարորդը։ Այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն։

19:00-Լուգանսկում ինքնապաշտպանական ուժերի մեծաքանակ խմբավորումները շրջափակել են Ազգային գվարդիայի՝ Ալեքսանդրովսկ քաղաքում տեղակայված զորամասերից մեկը։ Ծավալվել է փոխհրաձգություն, ականատեսները նշում են նաև, որ որոտացել է ուժեղ պայթյուն։

17։20-Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը Գերագույն Ռադայի` մայիսի 29-ի նիստից հետո լրագրողներին տեղեկացրել է, որ չի բացառում Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում ռազմական դրություն մտցնելու հավանականությունը։ Նա նշել է` իրավիճակը ցույց է տալիս, որ արտակարգ դրության սահմանումն օգուտ չի տալիս։

16։30-Համացանցում հայտնվել է տեսանյութ, որում մասամբ երևում են մայիսի 29-ին ինքնապաշտպանական ուժերի կողմից խոցված ուկրաինական ուղղաթիռի պայթյունի հետևանքները։

15:50-Արևելյան շրջաններում իրականացվող հակաահաբեկչական գործողություններն իրականացնող շտաբը տարածել է հաղորդագրություն, որով հերքել է ինքնապաշտպանական ուժերի կողմից խոցված երկրորդ ուղղաթիռի մասին լուրը։ Նշվում է, որ մայիսի 29-ին խոցվել է միայն 1 ուղղաթիռ, ինչի հետևանքով զոհվել է 12 հոգի` այդ թվում նաև ազգային գվարդիայի մարտական պատրաստության վարչության պետ, գեներալ-մայոր Սերգեյ Կուլչիցկին։ Հաղորդագրությունում նշվում է նաև, որ ուղղաթիռում եղած անձանցից մեկը ողջ է մնացել, նրա վիճակը ծանր է։

15։10-Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը ելույթ ունենալով Գերագույն Ռադայում՝ հաստատել է զինված ուժերի՝ խոցված 1 ուղղաթիռի մասին լուրը ու նշել, որ զոհված 14 զինվորականների թվում եղել է նաև գեներալ Կուլչիցկին։

Այս թեմայով ավելի մանրամասն՝ Դոնեցկում խոցել են Ուկրաինայի ԶՈւ ուղղաթիռ. 14 զոհվածների թվում կա նաև գեներալ։

14։00-Ռուսաստանյան «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությունը, հղում կատարելով ուկրաինական «Ունիան»-ին, հաղորդում է՝ Ուկրաինայի ուժայինների հակաահաբեկչական գործողության ակտիվ փուլը Սլավյանսկում ու Կրամատորսկում ավարտվել է։ Կրամատորսկում ներկայումս հանգիստ է, կրակոցներ և պայթյուններ լսելի չեն։

13։50-Ինչպես հաղորդում է Russia Today-ը, ապստամբները Սլավյանսկի Չերվոննիյ Մոլոչար շրջանում չեզոքացրել են Ուկրաինայի զինուժին պատկանող արդեն 2 ուղղաթիռ։ Դրանցից մեկի ընկնելու վայրում ներկայումս մարտեր են ընթանում։

13։35Սլավյանսկում և Կրամատորսկում հակաահաբեկչական լայնածավալ գործողություններ են սկսվել։ Դոնեցկի ժողովրդավարական հանրապետության ինքնապաշտպանական ուժերը րոպեներ առաջ Սլավյանսկի շրջանում (Չերվոնիյ Մոլոչար)  հարված են հասցրել Ուկրաինայի զինուժին պատկանող ուղղաթիռին։ Այս մասին հաղորդում է Անդրեյ Կրասնոշեկովն իր թվիթերյան միկրոբլոգում, ինչպես նաև ռուսաստանյան «ԻՏԱՐ ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։ «Ինտերֆաքսն» էլ իր հերթին, հղում տալով Դոնեցկի «Օստրով» համացանցային աղբյուրին, տեղեկացնում է՝ Ուկրաինայի օդուժն օդային հարվածներ է հասցնում ապստամբների դիրքերին, բացի այդ կիրառում է «Գռադ» հազարկային կրակի կայաններ։ Համաձայն աղբյուրի՝ Սլավյանսկում և Կրամատորսկում ապստամբները պարբերաբար մտնում-դուրս են գալիս բնակելի տներ՝ կրակելով ուկրաինական դիրքերի ուղղությամբ, ապա կրկին պատսպարվում։ Շրջանում արդեն իսկ խնդիրներ են առկա բջջային կապի հետ։ Սլավյանսկի ապստամբների հրամանատար Իգոր Ստրելկովը հաղորդել է «Նոնա» ինքնագնաց հրետանային համակարգի հաջող գործարկման մասին։

Նկատենք, որ ստացված տեղեկությունը կասկածելի է, քանի որ տեղաբնակների վկայություններ և այս պահի դրությամբ այլ աղբյուրներից հաստատումներ չկան։

11։40Սլավյանսկի «ժողովրդական» քաղաքապետ Վյաչիսլավ Պոնոմարյովը հայտարարել է, թե իրենք ժամանակավորապես բերման են ենթարկել ԵԱՀԿ դիտորդներին։ Վերջիններս Մակեևկայում են՝ ինքնապաշտպանական ուժերի վերահսկողության ներքո։ Պոնոմարյովը նշել է, որ դիտորդների մոտ սարքեր են հայտնաբերվել, որոնք կասկածներ են առաջացնում իրենց մոտ։

11։20Լուգանսկի մոտակայքի զորամասերից  մեկի զինծառայողները գիշերային ժամերին հանձնվել են ինքնապաշտպանական ուժերին։ Ընդհանուր առմամբ, հանձնվել է 80 հոգի, թեև նրանց մի մասը մի քանի ժամ շարունակ փակվել էր զորանոցում և հրաժարվում էր վայր դնել զենքը։

Հիշեցնենք, որ ուկրաինական ուժային կառույցներն ուղղաթիռների և զրահամեքենաների աջակցությամբ մայիսի 2-ին գրոհել են Սլավյանսկ քաղաքը՝ սկսելով «հակաահաբեկչական գործողությունը», որը նպատակ ուներ Կիևի վերահսկողության տակ վերցնել վերջին օրերին ռուսամետ ուժերի վերահսկողության տակ անցած Ուկրաինայի արևելյան մի շարք շրջաններն ու բնակավայրերը։ Գործողության ընթացքում Սլավյանսկում ռուսամետ ինքնապաշտպանական ուժերին հաջողվել է վայր գցել ուկրաինական 3 Մի-24 ուղղաթիռ, վնասել և ոչնչացրել մեկական Մի-8 ուղղաթիռ։ Հետագա օրերին ինքնապաշտպանական ուժերին հաջողվել է ոչնչացնել ուկրաինական կողմին պատկանող զրահատեխնիկա։

Կիևի իշխանություններն այս գրոհից հետո շարունակում են փորձերը՝ վերահսկողություն սահմանելու ինքնապաշտպանական ուժերին անցած տարածքներում՝ Դոնեցկի և Լուգանսկի շրջանների զգալի մասը։

Օդեսայում ռուսամետ և ուկրաինամետ ուժերի միջև բախումների հետևանքով զոհերի թիվն հաշվվում է տասնյակներով։ 

Մայիսի 11-ին Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում անցկացվել է հանրաքվե, որով տեղի բնակիչների ճնշող մեծամասնությունը կողմ է քվեարկել անկախությանը, սակայն Կիև իշխանությունները չեն ճանաչել դա։

Կողմերի միջև ռազմական գործողությունները ներկայում էլ փոփոխակի հաջողությամբ շարունակվում են։ 

Իրավիճակի և զարգացումների մասին տեղեկությունները բավական իրարամերժ են. ուկրաինական և ռուսաստանյան կողմերի տվյալները զգալի տարբերվում են։

 

 

One response to “Իրադրությունն Ուկրաինայում. թարմացվող լրահոս. մայիսի 29

  1. Pingback: Դոնեցկում խոցել են Ուկրաինայի ԶՈւ ուղղաթիռ. 14 զոհվածների թվում կա նաև գեներալ | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *