Սլովակիայի պաշտպանության նախարարությունն առաջիկայում նախատեսում է վարձակալել կործանիչներ, որոնք կփոխարինեն ներկայումս շահագործվող և իրենց արդեն տեխնիկապես սպառած ՄիԳ-29 կործանիչները։ Մինչև 2020 թվականն այդ երկրում նախատեսում են թարմացնել ռազմաօդային ուժերի ավիապարկի մեծ մասը։ Ինչպես հաղորդում է Jane’s ռազմական հանդեսը, այս մասին հայտարարել է Սլովակիայի Սպառազինության ազգային վարչության պետ Ռոբերտ Թիբենսկին։
Ներկայումս Սլովակիայի ռազմաօդային ուժերի (ՌՕՈւ) կազմում շահագործվում է 10 միավոր ՄիԳ-29 կործանիչ ու ինչպես նշում է Jane’s-ը, դրանցից միայն 3-ի տեխնիկական վիճակն են բավարար, որ թույլատրվի թռիչքը։
Ռոբերտ Թիբենսկին խոսելով ՄիԳ-29-երի՝ շահագործումից դուրսգրման ժամանակացույցի մասին՝ նշել է, որ գործընթացը կավարտվի 2016-2017 թվականներին ու փոխարինումը կիրականացվի կործանիչների վարձակալությամբ օտարերկրյա ընկերություններից։ Թիբենսկին չի հստակեցրել, թե որ երկրից կամ որ ընկերությունից են վարձակալելու ինքնաթիռները, սակայն հայտնել է, որ գործարքն ամենայն հավանականությամբ կիրականացվի Հունգարիայի և Չեխիայի օրինակով։
Նշենք, որ այդ երկու պետություններն իրենց ՌՕՈւ ավիապարկի կարիքների համար վարձակալում են Gripen կործանիչներ՝ շվեդական Saab ընկերությունից։ Ընդ որում, դա անում են լիզինգային հիմունքներով, ինչը ենթադրում է կործանիչի գնման հնարավորություն՝ վարձակալության ժամկետի ավարտից հետո՝ վճարելով սկզբնարժեքի մնացորդը։ Այս հիմունքներով վարձակալության համար կործանիչներ են տրամադրում նաև բրիտանական BAE Systems և ամերիկյան Boeing ընկերությունները։
Հավելենք, որ 2013-ի օգոստոսին ռուսաստանյան ՄիԳ ավիաշինական կորպորացիան Սլովակիայի հետ կնքեց ՄիԳ-29 կործանիչների վերանորոգման և տեխսպասարկման մի քանի պայմանագիր։ Դրանցից մեկը նախատեսում էր նաև կործանիչի ռադիոտեղորոշիչ կայանի արդիականացում։ Սակայն ինչպես հիմա է երևում, սլովակների պլանները որոշակիորեն փոխվել են։
4-րդ սերնդի ՄիԳ-29 բազմաֆունկցիոնալ կործանիչը շահագործման են հանձնել 1983-ին։ Այն կարող է զարգացնել մինչև 2 500 կմ/ժ առավելագույն արագություն, թռիչքի առաստաղը 18 000 մետր է։ Սպառազինությունում կործանիչն ունի 30 մմ-անոց ավիացիոն հրանոթ և տարբեր նշանակության` այդ թվում «օդ-օդ», «օդ-մակերևույթ» դասերի, հականավային, ռադիոճառագայթման նշանառության և այլն տեսակի հրթիռներ։ Կործանիչը կարող է օգտագործվել նաև ռմբակոծության համար։