2014-ի ավարտին Աֆղանստանում մնալու են 9800 ամերիկյան զինծառայողներ, որոնց թիվը հաջորդ տարիներին ավելի կնվազի: Այս մասին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:
Օբամայի խոսքով՝ 2014-ի ավարտին ամերիկյան ստորաբաժանումները տեղակայված կլինեն Աֆղանստանի տարբեր մասերում: Նախատեսածի համաձայն՝ 2015-ի ավարտին ստորաբաժանումների կեսը նույնպես դուրս կբերվի երկրից, իսկ մնացած զինծառայողները կմնան մայրաքաղաք Քաբուլում ու քաղաքից 65 կմ հյուսիս գտնվող Բագրամ օդանավակայանում:
2016-ի ավարտին ԱՄՆ-ն նախատեսում է Աֆղանստանում թողնել միայն 1000 զինծառայող, որոնք կապահովեն ԱՄՆ դեսպանատան անվտանգությունն ու կուսուցանեն Աֆղանստանի ԶՈւ զինծառայողներին:
Ներկա դրությամբ Աֆղանստանում ծառայություն են անցնում շուրջ 60 հազար ԱՄՆ զինծառայողներ։ Նրանց գերակշիռ մասը պետք է լքի Աֆղանստանը մինչև 2014-ի ավարտը։
Հիշեցնենք, որ 2013-ի նոյեմբերին ԱՄՆ-ն ու Աֆղանստանը բանակցություններ էին, որի արդյունքում ամերիկյան կողմը ցանկանում էր իր զինված ուժերն Աֆղանստանում թողնել մինչև 2024 թվականը: Բացի այդ, ստորագրվելիք փաստաթղթի կետերից մեկում նշված է միլիարդավոր դոլարների հասնող միջազգային օգնություն տրամադրելու մասին։
Նշենք, որ աֆղանական կողմը հայտարարել էր համաձայնագրի վերաբերյալ բանակցությունների հաջող ավարտի մասին դեռևս նոյեմբերի 19-ին, սակայն ԱՄՆ-ն պնդում էր՝ չհստակեցված հարցեր կան։
Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի մամուլի քարտուղարի խոսքերով՝ Աֆղանստանը սպասում էր, որ ԱՄՆ-ն ու մասնավորապես նախագահ Բարաք Օբաման ներողություն կհայցեն Աֆղանստանում 12-ամյա գործունեության ընթացքում թույլ տված սխալների համար՝ խոստանալով չկրկնել դրանք, սակայն ամերիկյան կողմը հրաժարվել էր ներողություն խնդրել:
Հետագայում ԱՄՆ-ն հայտարարել էր, որ ամբողջությամբ դուրս կբերի իր զորքերը Աֆղանստանից, եթե նախագահ Համիդ Քարզայը չստորագրի երկու երկրների միջև սպասված համաձայնագիրն առանց նախապայմանների։
Ենթադրաբար համաձայնագիրը չի ստորագրվել, ինչից հետո ԱՄՆ-ն դուրս է բերում իր զորքերը Աֆղանստանից: