Ուկրաինայի հարավ-արևելյան Լուգանսկի և Դոնեցկի շրջաններն անկախություն են հռչակել, ինչը Կիևի իշխանությունները չեն ճանաչում և շարունակում են ռազմական գործողություններն այդ տարածքում։
Տեղի ինքնապաշտպանական ուժերն էլ շարունակում են դիմադրել։ Մայիսի 25-ին Ուկրաինայում անցկացվեցին նախագահական ընտրություններ, որին հետևած իրավիճակին առավել օպերատիվ հետևելու համար Ռազմինֆոն առաջարկում է հետևել թարմացվող լրահոսին`
21։10-Ուկրաինայի ազգային գվարդիան հայտնել է, որ ինքնապաշտպանական ուժերի մարտիկները հարձակվել են Լուգանսկի զորամասերից մեկի վրա։ Ծավալվել է փոխհրաձգություն, ինչի հետևանքով երկու կողմից էլ կան կորսուստներ, սակայն դրանց ստույգ թիվը չի հաղորդվում։ Հիշեցնենք, որ ժամեր առաջ մեկ այլ հարձակում էլ եղել էր Դոնեցկի զորամասերից մեկի վրա։
20։00”Դոնեցկում ծավալված փոխհրաձգության հետևանքով վիրավորվել է 4 հոգի, որոնցից առնվազն մեկը խաղաղ բնակիչ է։
19։20-Դոնեցկում վերսկսկել է փոխհրաձգությունը, տեղում աշխատող թղթակիցները նշում են, որ ինքնապաշտպանական ուժերի մարտիկները հարձակվեկ են շրջանի զորամասերից մեկի վրա։ Ընդ որում, հարձակման ժամանակ զորամասի ուղղությամբ վարել են ականանետային կրակ։
17։50-ՌԴ նախագահի՝ երեխաների իրավունքների գծով հանձնակատար Պավել Աստախովը ԻՏԱՐ-ՏԱՍՍ լրատվական գործակալության թղթակցին հայտնել է, որ Ռուսաստանը մտահոգված է Ուկրաինայի արևելյան շրջանների երեխաների ճակատագրով և ուղիներ է որոնում նրանց այնտեղից դուրս բերելու ուղղությամբ։ Նա հավելել է, որ միևնույն ժամանակ հիմա դա անելը վտանգավոր է և ապօրինի։
17:00-ՌԴ արտգործնախարարությունը դիմել է Ուկրաինայի արտաքին գերատեսչությանն ու հայտնել երկրի արևելյան շրջաններ մարդասիրական օգնություն՝ դեղորայք ու բժշկական պարագաներ ուղարկելու պատրաստակամության մասին։ Ուկրաինական կողմին հայցել են կազմակերպել մարդասիրական բեռի ընդունման գործընթացն ու ապահովել անվտանգությունը։
16։20-Հակաահաբեկչական գործողություններն իրականացնող ուժայինների շտաբի ներկայացուցիչը հայտնել է, որ Սլավյանսկում վերսկսած հատուկ գործողության արդյունքում հաջողվել է խոցել ինքնապաշտպանական ուժերի Նոնա ինքնագնաց հրետանային կայանը, որից վերջիններս շաբաթներ շարունակ կրակ էին վարում ուժայինների դիրքերի ուղղությամբ։
16։00-Լուգանսկի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Վալերի Բոլոտովը հայտնել է, որ իրենց հետախուզական խմբերի տվյալներով՝ շրջանի մերձակայքում նկատվում է ուժայինների ստորաբաժանումների զգալի կուտակումներ։ Բոլոտովը հավելել է, որ ինքնապաշտպանական ուժերը ձեռնարկում են անհրաժեշտ բոլոր քայլերը և պատրաստ են կասեցնել հակառակորդի հնարավոր հարձակումը։
15։25-Արևելյան շրջաններում իրականացվող հակաահաբեկչական գործողությունն իրականացնող շտաբի մամուլի խոսնակ Վլադիսլավ Սելեզնյովը վերահաստատել է ինքնապաշտպանական ուժերի ղեկավարության հետ բանակցություններ վարելու պատրաստակամությունը՝ հատուկ ընդգծելով սակայն, որ դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե վերջիններս վայր դնեն զենքն ու հանձնվեն։ Բավական հետաքրքիր է Սելեզնյովի տրամաբանությունը, քանի որ հասկանալի չէ, թե հանձնվելու դեպքում ինչ բանակցությունների մասին է խոսքը։
14։50-Սլավյանսկի Թիվ 3 միջնակարգ դպրոցի շենքի տանիքին արկ է ընկել։ Նշվում է, որ տուժածներ չկան, քանի որ իրավիճակը լարվել էր մինչ այդ և դպրոցի ուսուցիչներն աշակերտներին իջեցրել են նկուղ՝ ապաստարան։
14։25-Սլավյանսկում վերսկսվել են մարտերը։ Ուժայինները ականանետային կրակ են բացել քաղաքի ուղղությամբ։
14։10-Դոնեցկի ինքնապաշտպանական ուժերի շտաբից հայտնել են, որ անվտանգության ծառայության շենքի մոտ կրակ են բացել իրենց մարտիկները՝ փորձելով խոցել անօդաչու թռչող սարքը, որը նկատել են օդում։ Համաձայն այդ նույն հաղորդագրության՝ իրենց նույնիսկ հաջողվել է վայր գցել ԱԹՍ-ն, սակայն սույն տեղեկությունն այս պահին հավատ չի ներշնչում։
13։50-Ուկրաինայի անվտանգության ծառայության՝ Դոնեցկի տարածքային բաժանմունքի մոտ ծավալվել է փոխհրաձգություն։ Այս պահին այլ մանրամասներ հայտնի չեն։
13:35-Դոնեցկի օդանավակայանի հատվածում կրկին հայտնվել են Ուկրաինայի ռազմաօդային ուժերի մարտական ինքնաթիռներ։ Իրավիճակը դեռևս հանդարտ է և քայլն ամենայն հավանականությամբ միտված է օդանավակայանը զբաղեցրած ինքնապաշտպանական ուժերի մարտիկների վրա հոգեբանական ներգործությանը։
13:00-Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոն հարցազրույց է տվել ամերիկյան հեղինակավոր The Washington Post պարբերականին։ Դրա ընթացքում նա ասել է. «Ուկրաինան իր անկախության պահպանման համար պետք է ամրապնդի բանակը, իսկ դրա համար մեզ պետք է անվտանգության ապահովման նոր պայմանագիր, ինչպես որ սպառազինության վարձակալման ծրագիրն է։ Ուկրաինան ԱՄՆ-ից օգնության ուղիղ օգնության կարիք ունի, մենք պետք է համագործակցենք ռազմատեխնիկական բնագավառում»։ Նախագահը նաև հավելել է, որ «Ուկրաինային ուղղված ագրեսիային դիմակայելու հարցում» պատժամիջոցների սահմանումն արդյունավետ չէ։
11։40–Լուգանսկի ինքնապաշտպանական ուժերը մեղադրել են Ուկրաինայի ազգային գվարդիային Ռուբեժնոե բնակավայրի վրա գրոհի ժամանակ պայթող փամփուշտներ օգտագործելու համար։
11։35–Դոնեցկի միջազգային օդանավակայանում առավոտյան կրկին կրակոցների ձայներ են լսվել։ Օդանավակայանի տարածքում ուկրաինական ուժայինների և ինքնապաշտպանական ուժերի միջև մի քանի օր շարունակվող մարտերից օդանավակայանը զգալի վնասվել է։ Այն մի քանի օր է, ինչ դադարել է գործել։
11։30”ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը մայիսի 28-ին երևանյան ժամանակով 23։00-ին Ուկրաինայի հարցով հերթական նիստն է անցկացնելու։
Հիշեցնենք, որ ուկրաինական ուժային կառույցներն ուղղաթիռների և զրահամեքենաների աջակցությամբ մայիսի 2-ին գրոհել են Սլավյանսկ քաղաքը՝ սկսելով «հակաահաբեկչական գործողությունը», որը նպատակ ուներ Կիևի վերահսկողության տակ վերցնել վերջին օրերին ռուսամետ ուժերի վերահսկողության տակ անցած Ուկրաինայի արևելյան մի շարք շրջաններն ու բնակավայրերը։ Գործողության ընթացքում Սլավյանսկում ռուսամետ ինքնապաշտպանական ուժերին հաջողվել է վայր գցել ուկրաինական 3 Մի-24 ուղղաթիռ, վնասել և ոչնչացրել մեկական Մի-8 ուղղաթիռ։ Հետագա օրերին ինքնապաշտպանական ուժերին հաջողվել է ոչնչացնել ուկրաինական կողմին պատկանող զրահատեխնիկա։
Կիևի իշխանություններն այս գրոհից հետո շարունակում են փորձերը՝ վերահսկողություն սահմանելու ինքնապաշտպանական ուժերին անցած տարածքներում՝ Դոնեցկի և Լուգանսկի շրջանների զգալի մասը։
Օդեսայում ռուսամետ և ուկրաինամետ ուժերի միջև բախումների հետևանքով զոհերի թիվն հաշվվում է տասնյակներով։
Մայիսի 11-ին Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում անցկացվել է հանրաքվե, որով տեղի բնակիչների ճնշող մեծամասնությունը կողմ է քվեարկել անկախությանը, սակայն Կիև իշխանությունները չեն ճանաչել դա։
Կողմերի միջև ռազմական գործողությունները ներկայում էլ փոփոխակի հաջողությամբ շարունակվում են։
Իրավիճակի և զարգացումների մասին տեղեկությունները բավական իրարամերժ են. ուկրաինական և ռուսաստանյան կողմերի տվյալները զգալի տարբերվում են։