Աբխազիայում ցուցարարները ներխուժել են նախագահի նստավայր

Աբխազիայի մայրաքաղաք Սուխումիում 2014-ի մայիսի 27-ին կայացել է ընդդիմության կազմակերպած շուրջ 10 000-անոց հանրահավաք, որն ավարտվել է ներխուժմամբ հանրապետության նախագահի նստավայր։ Այս մասին հաղորդում է ռուսաստանյան Ինտերֆաքս լրատվական գործակալությունը։

Նախագահի նստավայրի մոտ հավաքված ցուցարարները

Նախագահի նստավայրի մոտ հավաքված ցուցարարները

Հանրահավաքի մասնակիցները շրջապատել են նախագահի նստավայրն ու պահանջել, որ երկրի ղեկավար Ալեքսանդր Անկվաբան դուրս գա և լսի իրենց պահանջները. նախագահի և կառավարության հրաժարականը։

Սակայն հավաքվածները տեսնելով, որ իրենց պահանջները մնում են անպատասխան՝ գրոհել են նստավայրը, ինչի արդյունքում շուրջ 30 ցուցարար կոտրելով շենքի պատուհանները մտել են ներս, ուր այդ պահին ընթանում էին բանակցություններ՝ նախագահի և ընդդիմության ներկայացուցիչների միջև։

Ալեքսանդր Անկվաբան ընդհատել է բանակցություններն ու լքել նստավայրը, սակայն ինչպես հաղորդում է ռուսաստանյան ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալությունը, ընդդիմության՝ նախագահի հետ բանակցող ներկայացուցիչները հայտնել են, որ Անկվաբան տվել է կառավարությունը ցրելու համաձայնություն, թեպետ պայմանավորվածությունը դեռևս միայն բանավոր է ու հետևաբար իրավական որևէ ուժ չունի։

Ընդդիմության ղեկավարները նստավայրի մոտ հավաքված մարդկանց արել են հանդարտության կոչ ու հավելել, որ չեն հեռանա այնքան ժամանակ, քանի դեռ չեն կատարել իրենց բոլոր պահանջները։

Իր հերթին, Աբխազիայի Անվտանգության խորհրդի քարտուղարը լրատվամիջոցներին հայտնել է, որ իշխանությունն ու ընդդիմությունը համատեղ ուժերով անում են ամեն ինչ, որպեսզի իրավիճակը հանրապետությունում դուրս չգա վերահսկողությունից։

Նշենք, որ բանակը ծավալվող իրադարձություններին որևէ կերպ չի միջամտում։

Հիշեցնենք նաև, որ Աբխազիան հռչակեց իր անկախությունն ու Հարավային Օսեթիայի հետ մեկտեղ մտավ Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ 2008-ի օգոստոսի վրաց-ռուսական պատերազմից հետո։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *