Փորձարկվում է ուղղաթիռի և ինքնաթիռի «հիբրիդ անօդաչուն»

Airbus Group եվրոպական ընկերությունը մայիսի 23-ից փորձարկում է Quadcruiser անունը կրող, ուղղաթիռի և ինքնաթիռի առանձնահատկությունները համակցած անօդաչու թռչող սարքը։

Quadcruiser ԱԹՍ

Quadcruiser ԱԹՍ

Ինչպես հաղորդում է Spacedaily.com լրատվակայքը, անօդաչուի նախագիծն իրականացվում է Airbus Group Innovations, Airbus Defense ու գերմանական Steinbeis Flugzeug-und Leichtbau GmbH ընկերությունների համատեղ ջանքերով։
ԱԹՍ-ն առանձնանում է 4-ական հորիզոնական և ուղղահայաց հարթ շարժիչներով, որոնք նախատեսված են համապատասխանաբար հորիզոնական և ուղղահայաց վայրէջքի համար, բացի այդ անօդաչուն կրում է հրող պտուտակ։ Փորձարկումների ընթացքում ԱԹՍ-ն թռիչքի հորիզոնական ռեժիմից սահուն կերպով անցում է կատարել ուղղահայացին։

Ինչպես հաղորդել է Airbus Group Innovations ընկերության գործադիր տնօրեն Յուրգեն Շտեյնբանդելը, փորձարկումներն ընդհանուր առմամբ գոհացուցիչ են եղել, ԱԹՍ-ն կարողացել է օդում մնալ 50 րոպե։ Ուստի, արդեն որոշվել է, որ սույն սարքը նախատիպ է հանդիսանալու առավել մեծ չափերի, մեծ զանգվածի, նոր տեխնոլոգիաներ կրող և թռիչքի ավելի մեծ տևողությամբ անօդաչուի ստեղծման համար։ Գործադիր տնօրենը շեշտել է՝ ակնկալվելիք ԱԹՍ-ն ունենալու է ներքին այրման շարժիչ, լիցքավորվող էլեկտրական մարտկոցներ, որոնք էլ կնպաստեն թռիչքի տևողության ավելացմանը։

Նկատենք, որ ուղղաթիռի և ինքնաթիռի հիբրիդ անօդաչուների արտադրության ուղղությամբ գործուն քայլեր է կատարում նաև ամերիկյան Boeing ավիաշինական ընկերությունը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *