Իրադրությունն Ուկրաինայում. թարմացվող լրահոս. մայիսի 27

Ուկրաինայի հարավ-արևելյան Լուգանսկի և Դոնեցկի շրջաններն անկախություն են հռչակել, ինչը Կիևի իշխանությունները չեն ճանաչում և շարունակում են ռազմական գործողություններն այդ տարածքում։

Տեղի ինքնապաշտպանական ուժերն էլ շարունակում են դիմադրել։ Մայիսի 25-ին Ուկրաինայում անցկացվեցին նախագահական ընտրություններ, որին հետևած իրավիճակին առավել օպերատիվ հետևելու համար Ռազմինֆոն առաջարկում է հետևել թարմացվող լրահոսին`

Ինքնապաշտպանական ուժերի մարտիկները Դոնեցկի օդանավակայանում

Ինքնապաշտպանական ուժերի մարտիկները Դոնեցկի օդանավակայանում

22։30-Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ղեկավարները հայտարարել են, որ մայիսի 27-ից սահմանվում է պարետային ժամ, որը գործելու է տեղական ժամանակով ժամը 22։00-ից մինչև 06։00-ն։ Այս ընթացքում մարդկանց արգելվում է լինել փողոցներում առանց ծայրահեղ անհրաժեշտության։

21։45-Գնալով ավելի են ուժգնանում ուկրաինական հատուկ նշանակության ուժերի՝ Դոնեցկ ներխուժելու պլանավորման լուրերը, ինչը ստիպել է բնակիչներին կառուցել արգելապատնեշներ։

21:10-Մայիսի 26-ին Դոնեցկի օդանավակայանի գրոհի ժամանակ զոհվածների դիերը ենթարկվում են դատաբժշկական փորձաքննության։ Գործողության ընթացքում ընդհանուր առմամբ զոհվել է ինքնապաշտպանական ուժերի թվով 33 մարտիկ։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ուկրաինայի իրավապահ մարմինների քննիչը, ով ներգրավված է դեպքերի հետաքննությունում։

20։50-Սլավյանսկում վերսկսվել է փոխհրաձգությունը։ Լրատվամիջոցների հաղորդմամբ միևնույն ժամանակ բնակիչները սկսել են լքել քաղաքը։ Հիշեցնենք, որ դեռևս մի քանի օր առաջ Դոնեցկի ինքնապաշտպանական ուժերի շտաբը Սլվավյանսկ քաղաքում տարածել էր թռուցիկներ, որոնցում բնակչությանը կոչ էր արվում տարհանվել՝ խուսափելու համար ավելորդ զոհերից։

20:30-Համացանցում տարածվել է տեսանյութ, որում Դոնեցկի ինքնապաշտպանական ուժերը կրակ են բացում ուժայինների դիրքերի ուղղությամբ՝ ԱԳՍ-17 ավտոմատ նռնականետով և խոշոր տրամաչափի Ուտյոս (ռուս.՝ Утес) գնդացիրով։ Տեսանյութն ուշագրավ է նաև նրանով, որ որոշ դրվագներում երևում է, թե ինչպես են կահավորված ինքնապաշտպանական ուժերի դիրքերը։

19։45-Դոնեցկի շրջանի Մարիուպոլ քաղաքի մերձակայքում անհայտ անձինք պայթեցրել են երկաթգիծը, ինչի հետևանքով ժամանակավորապես դադարեցվել է գնացքների շարժը, որոնց երթուղին անցնում էր վնասված հատվածով։ Պայթեցման հետևանքով զոհեր կամ վիրավորներ չկան։

17։50-Ուկրաինայի ազգային գվարդիան տեղեկացրել է, որ մայիսի 26-ին Դոնեցկի օդանավակայանի գրոհի ժամանակ զոհվել է կառույցի թվով 5 զինծառայող։ Մյուս զոհվածները և վիրավորները եղել են ուժային այլ կառույցներից։

17։00-Դոնեցկի քաղաքապետ Ալեքսանդր Լուկյանչենկոն լրագրողների հետ ճեպացրույցի ժամանակ հայտնել է, որ ներկայումս ինքնապաշտպանական ուժերի և հակաահաբեկչական գործողությունը համակարգող շտաբի միջև տարվում են բանակցություններ՝ Դոնեցկում հրադադարի սահմանման նպատակով։

16։25Դոնեցկի օդանավակայանի տարածքում, ուր նախօրեին ծավալվել էին թեժ մարտեր, այժմ կրկին նկատվում է ակտիվություն։ Ականատեսների վկայությամբ օդանավակայանին հարող հատվածում կրկին թռիչք են իրականացնում կործանիչներ։

16:00-Արևելյան շրջաններում իրականացվող հակաահաբեկչական գործողության շտաբի մամուլի քարտուղար Վլադիսլավ Սելեզնյովը լրագրողներին հայտնել է, որ ինքնապաշտպանական ուժերին ներկայացվել է վերջնագիր։ Ըստ այդմ, եթե վերջիններս չհանձնվեն, ապա նրանց կոչնչացնեն գերճշգրիտ զենքի միջոցով։ Սելեզնյովը նաև տեղեկացրել է, որ երաշխավորվում է բոլոր նրանց անվտանգությունը, ովքեի ինքնակամ վայր կդնեն զենքն ու կահնձնվեն։

15։35-Ուկրաինայում ԵԱՀԿ-ի՝ ներկայացուցչությունը տարածել է հադորդագրություն, որում նշվում է, որ մայիսի 26-ի ժամը 18։00-ից կորել է կապը Դոնեցկից արևելք ընկած հատվածում պարեկություն իրականացնող իրենց խմբերից մեկի հետ։ Նշվում է, որ այդ խմբի կազմում են թվով 4 հոգի։

15։00Դոնեցկում՝ միջազգային օդանավակայանի տարածքում կրակահերթերի ձայներ են։ Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։ Աղբյուրը նշում է, որ այսօր առավոտից այդ հատվածում իրավիճակը հանգիստ է եղել։ Դոնեցկի երկնքում ներկայում ինքնաթիռներ են թռիչք կատարում։

14։25-Դոնեցկի երկնքում նկատվում են ինքնաթիռներ, այս մասին տեղեկացնում են ականատեսները։

14։15-Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Իտալիայի վարչապետ Մատեո Պենցիի հետ հեռախոսազրույցի ժամանակ նշել է, որ Ուկրաինայի իշխանությունները պետք է դադարեցնեն իրենց գործողություններն Ուկրաինայի հարավարևելյան շրջաններում։ Պուտինը նաև ցավակցել է իտալացի վարչապետին Ուկրաինայում իտալացի լրագրողի մահվան կապակցությամբ։

13։35-Դոնեցկում նախօրեին Ուկարինայի ուժայինները ոչնչացրել են ինքնապաշտպանական ուժերի երկու ԿամԱԶ բեռնատարներ, տեղեկացնում է ուկրաինական «Ունիան» գործակալությունը։ Մարդկային կորուստների մասին տվյալներ չեն հայտնում։

ԿամԱԶ-ների լուսանկարներն ակտիվորեն տարածվում են համացանցում։ Լուսանկարներում երևում է, որ մեքենաները զգալի վնասվել են, նրանց ուղղությամբ ինտենսիվ կրակ են բացել, իսկ մոտակայքում նաև արյան հետքեր են։

Վնասված ԿամԱԶ-ը

Վնասված ԿամԱԶ-ը

Կրակահերթի հետքերը՝ ԿամԱԶ-ներից մեկի վրա

Կրակահերթի հետքերը՝ ԿամԱԶ-ներից մեկի վրա

13։30-Ուկրաինայի ներքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արսեն Ավակովը ֆեյսբուքյան իր էջում նշել է, թե ավիացիոն հարված է հասցվել Լուգանսկի շրջանում տեղակայված ինքնապաշտպանական ուժերի ճամբարին։ Նա նշել է, թե ճամբարը տեղակայված էր Յասենում։

13։20-Ինքնահռչակ «Դոնեցկի ժողովրդական հանրապետության» կառավարության ղեկավար Ալեքսանդր Բորոդայը հայտարարել է, որ մայիսի 26-ին Դոնեցկում ուկրաինական ուժայինների և տեղի ինքնապաշտպանական ուժերի միջև մարտերի ժամանակ շուրջ 100 մարդ է զոհվել, որից 50-ը եղել են ինքնապաշտպանական ուժերի մարտիկներ, իսկ մյուս 50-ը՝ խաղաղ բնակիչներ։ Նա նաև նշել է, որ ուկրաինական կողմը ևս կորուստներ ունի, սակայն թվեր չի նշել, տեղեկացնում են ռուսաստանյան աղբյուրները։

12։20Լուգանսկի ժողովրդական հանրապետությունը ջոկատներ է ուղարկել հարևան Դոնեցկ՝ տեղի ինքնապաշտպանական ուժերին աջակցելու համար։ Ահս մասին հայտնել է ինքնահռչակ հանրապետության ղեկավար Վալերի Բոլոտովը, ով շեշտել է, որ իրենք օգնում են ոչ միայն սպառազինությամբ, այլ նաև ջոկատներով։

12։00-Ինքնահռչակ «Դոնեցկի ժողովրդական հանրապետության» ժամանակավոր կառավարության ղեկավար Դենիս Պուշիլինը տեսաուղերձով դիմել է Ռուսաստանին՝ աջակցություն պահանջելով, ինչպես նաև հայտարարել է, որ Դոնեցկը սկսում է կիրառել ռուսաստանյան օրենսդրությունը։

11։00Դոնեցկի միջազգային օդանավակայանը, որտեղ նախօրեին կատաղի մարտեր էին Ուկրաինայի ազգային գվարդիայի և տեղի ինքնապաշտպանական ուժերի միջև, շարունակում է մնալ ուկրաինական ուժայինների վերահսկողության տակ, տեղեկացնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստին»՝ հղում կատարելով օդանավակայանի մամուլի ծառայության ղեկավար Դմիտրի Կոսինովը։ Օդանավակայանում թռիչքներ չեն կատարվում։

10։55-Դոնեցկում ականատեսները հայտնում են, որ առավոտյան շարունակվում են ռազմական գործողությունները։ Լսելի են կրակահերթերի և ականների պայթյունների ձայներ։

10։50-Ուկրաինական «Ունիան» գործակալության տվյալներով՝ Ուկրաինայի զինված ուժերը դադարեցրել են գործողությունները Դոնեցկում։

Հիշեցնենք, որ ուկրաինական ուժային կառույցներն ուղղաթիռների և զրահամեքենաների աջակցությամբ մայիսի 2-ին գրոհել են Սլավյանսկ քաղաքը՝ սկսելով «հակաահաբեկչական գործողությունը», որը նպատակ ուներ Կիևի վերահսկողության տակ վերցնել վերջին օրերին ռուսամետ ուժերի վերահսկողության տակ անցած Ուկրաինայի արևելյան մի շարք շրջաններն ու բնակավայրերը։ Գործողության ընթացքում Սլավյանսկում ռուսամետ ինքնապաշտպանական ուժերին հաջողվել է վայր գցել ուկրաինական 3 Մի-24 ուղղաթիռ, վնասել և ոչնչացրել մեկական Մի-8 ուղղաթիռ։ Հետագա օրերին ինքնապաշտպանական ուժերին հաջողվել է ոչնչացնել ուկրաինական կողմին պատկանող զրահատեխնիկա։

Կիևի իշխանություններն այս գրոհից հետո շարունակում են փորձերը՝ վերահսկողություն սահմանելու ինքնապաշտպանական ուժերին անցած տարածքներում՝ Դոնեցկի և Լուգանսկի շրջանների զգալի մասը։

Օդեսայում ռուսամետ և ուկրաինամետ ուժերի միջև բախումների հետևանքով զոհերի թիվն հաշվվում է տասնյակներով։ 

Մայիսի 11-ին Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում անցկացվել է հանրաքվե, որով տեղի բնակիչների ճնշող մեծամասնությունը կողմ է քվեարկել անկախությանը, սակայն Կիև իշխանությունները չեն ճանաչել դա։

Կողմերի միջև ռազմական գործողությունները ներկայում էլ փոփոխակի հաջողությամբ շարունակվում են։ 

Իրավիճակի և զարգացումների մասին տեղեկությունները բավական իրարամերժ են. ուկրաինական և ռուսաստանյան կողմերի տվյալները զգալի տարբերվում են։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *