Ղազախստանում կարտադրեն «Բառիս» զրահամեքենաներ

2015-ից սկսած՝ նորաստեղծ Kazakhstan Paramount Engineering համատեղ ձեռնարկությունը նախատեսում է Ղազախստանում արտադրել «Բառիս» անվավոր զրահապատ մարտական մեքենաներ, ինչի մասին հայտնում է ռուսաստանյան «Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի» կայքը:

Mbombe ՀՄՄ-ն SOFEX-2014 ցուցահանդեսի ժամանակ

Mbombe ՀՄՄ-ն SOFEX-2014 ցուցահանդեսի ժամանակ

Համատեղ ձեռնարկության հիմնադիրներն են ղազախստանյան «Kazakhstan Engineering ազգային ընկերություն», Kazakhstan Engineering distribution ու հարավաֆրիկյան Paramount Group ընկերությունները: Վերջինիս են պատկանում նաև Mbombe զրահամեքենայի արտադրության իրավունքները, որն էլ «Բառիս»անվանումով արտադրվելու է Ղազախստանում:

Ղազախստանում համատեղ արտադրություն հիմնելու մասին կողմերը պայմանավորվել էին դեռևս 2013-ի դեկտեմբերին, սակայն վերջնական պայմանագիրը կնքվել է Ղազախստանի KADEX-2014 ռազմարդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ:

«Բառիս» մեքենայի բազային հարավաֆրիկյան տարբերակը՝ 6×6 ընթացամասով անվավոր Mbombe հետևակի մարտական մեքենան, արտադրում է Paramount Group ընկերությունը: ՀՄՄ-ն նախատեված է հետևակի տեղափոխման ու նրան կրակային աջակցման համար: Մեքենան զինված է 30 մմ ավտոմատ թնդանոթով, իսկ գնորդի պատվերով մեքենայի վրա կարող են տեղադրվել նաև գնդացիր և այլ սպառազինություն:

Հարավաֆրիկյան հետևակի մարտական մեքենան ապահովում է STANAG 4569 4-րդ մակարդակի պաշտպանություն, ինչը նշանակում է, որ մեքենայի զրահը պաշտպանում է անձնակազմն ու սարքավորումները մինչև 14,5 մմ փամփուշտներից, ինչպես նաև մինչև 10 կգ պայթուցիկ նյութի պայթյունից:

Մեքենան ունի 3 հոգանոց անձնակազմ ու կարող է տեղափոխել մինչև 8 դեսանտային: Մեքենայի մարտական զանգվածը 27 տոննա է, կարող է զարգացնել մինչև 100 կմ/ժ արագություն:

Հիշեցնենք, որ հարավաֆրիկյան Paramount Group ընկերությունը Mbombe հետևակի մարտական մեքենաներ արտադրելու նպատակով Հորդանանում համատեղ ձեռնարկություն ստեղծելու պայմանագիր է կնքել նաև հորդանանյան KADDB Investment Group ընկերության հետ 2014-ի մայիսի սկզբին: Պայմանագրով ստեղծված Arab Defence Industries (ADI) ընկերությունն անմիջապես 50 միավոր 6×6 ընթացամասով Mbombe հետևակի մարտական մեքենաներ Հորդանանի զինված ուժերին մատակարարելու պատվեր էր ստացել:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *