Ադրբեջանը հետաքրքրված է ռուսաստանյան «Բալ-Է» առափնյա հրթիռային համալիրով

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հետաքրքրված է ՌԴ-ից «Բալ-Է» առափնյա հրթիռային համալիրի մեկ դիվիզիոնի գնմամբ՝ Կասպից ծովի առափնյա հատվածների անվտանգությունն ամրապնդելու նպատակով։ 

«Բալ-Է» առափնյա հրթիռային համալիր

«Բալ-Է» առափնյա հրթիռային համալիր

Այս մասին ռուսաստանյան «Կոմերսանտ» պարբերականին հաղորդել է «Մարտավարական հրթիռային սպառազինություն» ընկերության գլխավոր տնօրեն Բորիս Օբնոսովը։ Այնուհանդերձ, նա հրաժարվել է մանրամասներ հայտնել ադրբեջանական կողմի հետ ստույգ պայմանավորվածության առկայության վերաբերյալ։

Փոխարենը, «Կոմերսանտը», հղում կատարելով սեփական ռազմական մի քանի աղբյուրներին, նշում է՝ Ադրբեջանն արդեն հայտ է ուղարկել ՌԴ Ռազմատեխնիկական համագործակցություն դաշնային ծառայություն, բանակցությունները մեկնարկելու են առաջիկանում։ Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Ֆոմինը, սակայն, հավաստիացրել է՝ իրենք դեռևս ադրբեջանական կողմից որևէ հայտ չեն ստացել։

Ըստ աղբյուրի՝ հայկական կողմը «պետք է որ բացասական տեսանկյունից չարձագանքի հավանական գնմանը, քանի որ «Բալ-Է»-ն ունակ է ծածկել միայն ծովային տարածությունը, իսկ Հայաստանը Կասպից ծով ելք չունի»։

Հիշեցնենք, որ «Բալ-Է»-ն ռուսաստանյան «Բալ» առափնյա հրթիռային համալիրի արտահանման համար նախատեսված տարբերակն է։ ՌԴ զինուժը սկսել է շահագործել «Բալ» համալիրը դեռևս 2008-ից, այն արտադրվում է Մոսկվայի «Մեքենաշինական կոնստրուկտորական բյուրո» ԲԲԸ-ի կողմից։ Համալիրն ընդգրկում է ինքնագնաց հրամանատարական կապի և կառավարման մեքենաներ, ինքնագնաց արձակման կայաններ՝ Խ-35Է հականավային հրթիռներով, տրանսպորտային-լիցքավորող մեքենաներ։ Նախատեսված է ջրային տարածքների, ռազմակայանների, ենթակառուցվածքների, ծովային հաղորդակցության միջոցների պաշտպանության համար, կրակի հեռահարությունը մինչև 120 կմ է, հրթիռային լրակազմը՝ մինչև 64 հատ հրթիռ։

Նկատենք, որ գործարքի կնքման պարագայում Ադրբեջանը դառնալու է երրորդ երկիրը, որը շահագործում է սույն հրթիռային համալիրները։ Ներկայումս դրանք կիրառվում են ՌԴ ՌԾՈւ Կասպյան նավատորմիղի առափնյա դիվիզիոնի և 2012-ից Վիետնամի զինված ուժերի կողմից։ Ակնկալվում էր, որ «Բալ-Է»-ի առաջին գնորդը դառնալու է Լիբիան, սակայն այնտեղ 2011-ին սկսված ներքին բախումների հետևանքով ՌԴ նախագահը էմբարգո սահմանեց Լիբիային ռազմական նշանակության արտադրանք վաճառելու հարցում։

2014-ի սկզբին լուրեր էին շրջանառվում, որ Վենեսուելան ևս ՌԴ-ից գնել է «Բալ-Է» համալիրներ, սակայն Օբնոսովը հերքել է այս տեղեկությունը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *