Ադրբեջանի ԶՈւ «ազգությամբ հայ» զինվորականների թեման՝ կրկին օրակարգում

Ադրբեջանական լրատվամիջոցները հերթական անգամ բարձրացրել են Ադրբեջանի զինված ուժերում «ազգությամբ հայ» բարձրաստիճան զինծառայողների թեման։ Այս անգամ ևս ուշադրության կիզակետում է հայտնվել գնդապետ Սեյրան Նուրի օղլու Գաֆարովը։ Ադրբեջանի ՊՆ-ն շտապել է հերքել ադրբեջանական զինուժում հայազգի սպայի առկայության վերաբերյալ լուրերը։

Ադրբեջանական լրատվակայքերի միջոցով տարածվել է «Դոկտրինա» ադրբեջանական լրագրողների ռազմական ուսումնասիրությունների կենտրոնի հաղորդագրությունը, որտեղ մանրամասն տվյալներ են հաղորդվում Գաֆարովի կենսագրականից, և շեշտվում է՝ նա դեռևս պաշտոնավարում է Ադրբեջանի ԶՈւ համակարգում։

Ըստ «Դոկտրինայի»՝ դեռևս 2004-ից իրենց հայտնի տվյալներով՝ Գաֆարովի հայրը՝ Նուրի Բեքիր օղլու Գաֆարովը, ծնվել է 1924-ին Շaքիում, մահացել է 1991-ին, իսկ մայրը հայ է՝ 1925-ին ծնված Շուշանիկ Գերասիմի Գաֆարով-Մելքումովան, ևս Շaքիից է,  մահացել է 1999-ին։ Ինչ վերաբերում է Գաֆարովին, ապա վերջինս ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում, 1990-ին ստացել է գնդապետի կոչում, 1998-ին կանչվել է Բաքու, իսկ 2000-ի հունվարից սկսել է ծառայությունը Ադրբեջանի զինված ուժերում։ «Դոկտրինան» պնդում է՝ 2000-ի դեկտեմբերի 7-ից մինչև 2001-ի մայիսի 5-ը նա աշխատել է որպես ռազմական տեսուչ ՊՆ համակարգում, ապա 2002-ից նրա պաշտոնը բարձրացրել են, այնուհետև՝ 2002-ի մայիսից մինչև 2011-ն աշխատել է Ադրբեջանի ՊՆ գիտական կենտրոնի ռազմատեխնիկական բաժնում։

Ադրբեջանի ՊՆ-ն պաշտոնական հաղորդագրություն է տարածել, որով հերքում է Գաֆարովի՝ ներկայումս ՊՆ համակարգում պաշտոնավարելու տեղեկությունը՝ հավաստիացնելով, թե արդեն 2009-ի հունվարի 9-ին Գաֆարովը հեռացվել է պաշտոնից և համալրել պահեստազորը, ներկա դրությամբ որևէ պետական կառույցում չի աշխատում։ Այնուհանդերձ, ՊՆ-ն, ըստ էության, ո´չ հերքել, ո´չ հաստատել է Գաֆարովի՝ հայ լինելու լուրը։

Նկատենք, որ Ադրբեջանի զինուժում ազգությամբ հայ սպաների թեման թեժ քննարկումների տեղիք էր տվել դեռևս 2008-ին ու 2009-ին։ Ներկայումս թեման վերհիշել ու բարձրացրել են թերևս Ադրբեջանում հայերի հետ առնչություն ունեցող և հայ-ադրբեջանական համատեղ ծրագրերի մասնակիցների հետապնդման ու ձերբակալությունների ալիքի համատեքստում։

One response to “Ադրբեջանի ԶՈւ «ազգությամբ հայ» զինվորականների թեման՝ կրկին օրակարգում

  1. Pingback: Ադրբեջանի ԶՈւ «ազգությամբ հայ» զինվորականների թեման՝ կրկին օրակարգում Razm.info | Armday

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *