ԱՄՆ-ն հետաձգել է Ուկրաինայի տարածքում ծրագրած միջազգային զորավարժությունները

ԱՄՆ զինուժը հետաձգել է Ուկրաինայի տարածքում 2014-ի հուլիսին անցկացվելիք Rapid Trident 2014 զորավարժությունները, որոնք ծրագրված է անցկացնել այս տարի ավելի ուշ, սակայն հստակ ժամկետներ չեն նշվում։ Փորձագետների կարծիքով՝ համանման որոշումը կապված է Ուկրաինայի ներքին սրված իրավիճակի, ՌԴ-ի հետ լարված հարաբերությունների և երկրի արևելյան շրջանների՝ Կիևից անկախացման միտման հետ։

Ուկրաինայի ԶՈւ զինծառայողները՝ Rapid Trident 2012 զորավարժության ժամանակ

Ուկրաինայի ԶՈւ զինծառայողները՝ Rapid Trident 2012 զորավարժության ժամանակ

Այս մասին հաղորդել է ԱՄՆ ԶՈւ Եվրոպայում տեղակայված զորքերի պաշտոնական ներկայացուցիչ Դևիդ Ուեսթովերը։

Նկատենք, որ ի սկզբանե նախատեսված էր՝ զորավարժություններն անցկացվելու են Լվովի մերձակա տարածքում։ Դրանց բացի ԱՄՆ-ից և Ուկրաինայից պետք է մասնակցեին Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Լեհաստանի, Ռումինիայի, Բուլղարիայի, Գերմանիայի, Մոլդովայի զինված ուժերի ներկայացուցիչները։

Հիշեցնենք, որ վերջին շրջանում Կիևի կենտրոնական իշխանությունների ցուցումներով երկրի հարավարևելյան շրջաններում, որտեղ ռուսամետ հասարակական զանգվածները ցույցեր են անցկացնում և հայտարարում Ուկրաինայից անկախացման մասին, հակաահաբեկչական գործողություններ են ընթանում, հիմնականում՝ Սլավյանսկում, Կրամատորսկում, Մարիուպոլում։

Հավելենք, որ ավելի վաղ՝ 2014-ի փետրվարի 22-ին, Ուկրաինայում Մայդանի հակակառավարական ցույցերի արդյունքում իշխանափոխություն եղավ. Գերագույն ռադան գահընկեց արեց նախագահ Վիկտոր Յանուկովիչին, նրա պաշտոնակատար նշանակվեց Ալեքսանդր Տուրչինովը։

Մարտի 18-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղրիմի կառավարության ղեկավար Սերգեյ Ակսենովը, Ղրիմի խորհրդարանի խոսնակ Վլադիմիր Կոնստանտինովը և Սևաստոպոլի ղեկավար Ալեքսեյ Չալիյը պայմանագիր էին ստորագրել, որը ենթադրում էր՝ Ղրիմը և Սևաստոպոլն ընդգրկվում են Ռուսաստանի Դաշնության կազմում։

Մարտի 18-ին հայտարարություններին հետևեցին եվրոպական միջազգային կառույցների, ինչպես և ԱՄՆ-ի կոչերն ու սպառնալիքները ՌԴ պաշտոնյաների, նաև ռազմական, տնտեսական ու արդյունաբերական ընկերությունների դեմ ուղղված պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ։

Մայիսի 25-ին Ուկրաինայում կայացան նախագահական ընտրություններ, որոնց Դոնեցկի և Լուգանսկի շրջանները գրեթե չմասնակցեցին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *