Պարգևատրվել են ադրբեջանական դիվերսիան կասեցրած ՊԲ զինծառայողները

Մայիսի 24-ին Պաշտպանության բանակում անցկացված խորհրդակցության ընթացքում պարգևատրվել են օրերս ադրբեջանական դիվերսիան կասեցրած և հակառակորդին վնասներ հասցրած զինծառայողները։ 

ՊԲ-ում զորակոչին նվիրված խորհրդակցության ընթացքում հրապարակվել է Արցախի նախագահի «Պարգևատրման մասին» հրամանագիրը, համաձայն որի՝ մայիսի 21-ի լույս 22-ի գիշերը սահմանային գծի հարավային հատվածում հակառակորդի ոտնձգությունները կասեցնելու և պետական սահմանը անառիկ պահելու համար մի շարք զինծառայողներ արժանացել են «Արիության համար» և «Մարտական ծառայության» մեդալների:

Հիշեցնենք, որ հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկում դիպուկահարի կրակոցով ՊԲ զինծառայողին խոցելուց հետո մայիսի 21-ի լույս 22-ի գիշերը հակառակորդը նույն ուղղությամբ ձեռնարկել է հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձ:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, ժամանակին հավաստանշելով ադրբեջանական բանակի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը, դիմել են պատասխան գործողությունների և, հակառակորդին պատճառելով կորուստ, հետ շպրտել իր ելման դիրքերը: Ըստ նախնական տվյալների՝ ադրբեջանական կողմը տվել է առնվազն երեք վիրավոր: Պաշտպանության բանակը կորուստներ չի ունել:

Դիվերսիոն հետախուզական գործողության այլ մանրամասները ճշտվում են:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *