Իրադրությունն Ուկրաինայում. թարմացվող լրահոս. մայիսի 25

Ուկրաինայի հարավ-արևելյան Լուգանսկի և Դոնեցկի շրջաններն անկախություն են հռչակել, ինչը Կիևի իշխանությունները չեն ճանաչում և շարունակում են ռազմական գործողություններն այդ տարածքում։ Տեղի ինքնապաշտպանական ուժերն էլ շարունակում են դիմադրել։

Իրավիճակն այսօր առավել անկանխատեսելի է՝ հաշվի առնելով, որ երկրում ընթանում են նախագահական ընտրություններ։

Ստեղծված իրավիճակին առավել օպերատիվ հետևելու համար Ռազմինֆոն առաջարկում է հետևել թարմացվող լրահոսին՝

Ուկրաինայի ԶՈւ զինծառայողներ

Ուկրաինայի ԶՈւ զինծառայողներ

21։05-Նովոայդարում գրանցված միջադեպի վերաբերյալ մեկնաբանություն է տվել Ուկրաինայի ներքին գործերի փոխնախարար Սերգեյ Յարովոյը։ Նա նշել է, որ դեպքի մանրամասներն այժմ ճշտվում են ու հավելել է, որ զոհվածները ոչ թե 2-ն են, այլ 1-ը։ Մյուս տուժածն իրականում վիրավոր է։ Հիշեցնենք, որ մի շարք լրատվամիջոցների թղթակիցներ այսօր տեղեկացրեցին, որ Նովոայդարում ուկրաինական ուժայինները կրակ են բացել հասարակական վայրում՝ սրճարանում, որի հետևանքով զոհվել են խաղաղ բնակիչներ։

19։50-Դոնեցկի ինքնապաշտպանական ուժերը ներխուժել են տեղացի օլիգարխ Ռենատ Ախմետովի առանձնատուն և զբաղեցրել այն։ Հայտնի գործարար, Դոնեցկի Շախտյոր ֆուտբոլային ակումբի սեփականատեր Ախմետովն, ով ունի արևմտյան կողմնորոշում, դիմել է փախուստի՝ մայրաքաղաք Կիև։

19:25-ականատեսների վկայությամբ, Լուգանսկի ուղղությամբ շարժվում է ուժայինների զրահատեխնիկայի շարասյուն։ Հիշեցնենք, որ արևելյան շրջաններում իրականացվող հակաահաբեկչական գործողության հրամանատարությունն ավելի վաղ հայտնել էր, որ մայիսի 25-ին՝ նախագահական ընտրությունների անցկացման օրը, ուժային բոլոր գործողությունները դադարեցվելու են։

19։15-Արտակարգ պատահար է գրանցվել Լուգանսկի շրջանի Նովոայդար բնակավայրում։ Մի շարք լրատվամիջոցների թղթակիցներ հաղորդում են, որ ուկրաինական ուժայինները կրակ են բացել հասարակական վայրում՝ սրճարանում, ինչի հետևանքով զոհվել է 1 կին և 1 տղամարդ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ ուժայինները պահանջել են բացել ընտրատեղամասը, որի անդամները հրաժարվում էին ապահովել նախագահական ընտրությունների անցկացումը։ Ծագած վիճաբանությունն ավարտվել է հրազենի կիրառումամբ, ինչն էլ դարձել է 2 հոգու մահվան պատճառ։

18:50-Ուկրաինայի սահմանապահ զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միշակովսկին լրագրողների հետ կայացած ճեպազրույցի ժամանակ հաստատել է, որ ՌԴ զինված ուժերի ստորաբաժանումները հետ են քաշվում Ուկրաինայի սահմանամերձ շրջանենրից։

18:10-Սլավյանսկում իրադարձությունների լուսաբանման ժամանակ զոհվել են 30-ամյա Իտալացի լրագրող Անդրեա Ռոկելլին և նրա թարգմանիչ՝ ռուսաստանցի Անդրեյ Միրոնովը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ նրանք զոհվել են ականանետային կրակի տակ ընկնելու հետևանքով։ Միևնույն ժամանակ, շրջանառվում է մեկ այլ վարկած՝ համաձայն որի լրագրողներին գնդակահարել են։ Իտալիայի արտգործնախարարությունն արդեն իսկ հանդես է եկել բավական կոշտ հայտարարությամբ։ Նախարար Ֆեդերիկա Մոգերինին պահանջել է հայտնել դեպքի բոլոր մանրամասները և նշել, որ պատասխանն ակնկալում է անձամբ իր ուկրաինացի պաշտոնակցից։
Հավելենք, որ սա լրագրողների մահվան՝ հայտնի դարձած առաջին դեպքն է Ուկրաինական ճգնաժամի ողջ ընթացքում։

Իտալացի լրագրող Անդրեա Ռոկելիի անձնագիրը

Իտալացի լրագրող Անդրեա Ռոկելիի անձնագիրը

17:40-Ուկրաինայի պաշտպանության նախարարության՝ անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչության պետը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ իրավիճակը երկրի արևելյան շրջաններում հանգիստ է և բախումներ տեղի զինված խմբավորումների հետ առայժ չկան։ Նենք, որ ավելի վաղ ուկրաինական ուժայինները հայտնել էին, որ հակաահաբեկչական գործողությունները նախագահական ընտրությունների օրը կդադարեցվեն։

15։20Խարկովում անցկացվում է բազմահազարանոց ցույց, որի մասնակիցները կոչ են անում բոյկոտել անցկացվող նախագահական ընտրությունները։

14։00-Դոնեցկի շրջանի ինքնապաշտպանական ուժերը վերահսկողության տակ են վերցրել քաղաքի խոշորագույն հյուրանոցներից մեկը, որում կանգ են առել միջազգային մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև տարբեր լրատվամիջոցների թղթակիցներ։

13։20-Ուկրաինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողողվից տեղեկացրել են, որ նախագահական ընտրությունների գործընթացը փաստացի չի ընթանում արևելյան Դոնեցկ և Լուգանսկ շրջանների ընտրատեղամասերի գերակշիռ մասում։

12։50ԵԱՀԿ-ն հետ է կանչել դիտորդական առաքելության իրականացման համար Դոնեցկի շրջան մեկնած իր աշխատակիցներին։ Այս քայլն արվել է անվտանգության նկատառումներով՝ հաշվի առնելով պայթյունավտանգ իրավիճակը, որն առկա է այդ շրջանում։

12:30-Ինքնապաշտպանական ուժերին հաջողվել է առգրավել Դոնեցկ բերված քվեաթերթիկկների մեծ մասն ու ոչնչացնել դրանք՝ այդ կերպ խոչընդոտելով նախագահական ընտրությունների անցկացմանն այդ շրջանում։ Ուկրաինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովից հայտնել են, որ քվեաթերթիկների նոր խմբաքանակի մատակարարումը Դոնեցկ հնարավոր չէ։

12։00-Դնեպրոպետրովսկում անհայտ անձինք գիշերը մոլոտովյան կոկտեյլներ են նետել ընտրատեղամասերից մեկի վրա, ինչի հետևանքով բռնկվել է հրդեհ։ Ոստիկաններին հաջողվել է մարել այն, իսկ ընտրությունների կազմակերպիչները հասցրել են կարգի բերել ընտրատեղամասը՝ մինչ ընտրությունների մեկնարկը։

09։55-Դոնեցկի ինքնապաշտպանական ուժերի հրամանատար Իգոր Ստրելկովը (Գիրկին) հայտնել է, որ մայիսի 23-ի լույս 24-ի գիշերն իրենց հաջողվել է ոչնչացնել Սլավյանսկ քաղաքի մոտակայքում նշանակված ուկրաինական ամրակետերից մեկն, ինչպես նաև ոչնչացնել հակառակորդի 2 զրահափոխադրիչ։ Գործողության արդյունքում Ստրելկովի մարտիկները տվել են 1 զոհ։

09:40-Ուկրաինական արտադրության ԲՏՌ-4 զրահափոխադրիչները, որոնցով վերջերս համալրվել էր ազգային գվարդիան՝ տեղակայվել են Սլավյանսկ քաղաքի շրջակայքում։ Վերջին օրերին ակտիվորեն շարունակվում են ուկրաինական ուժայինների կուտակումներն այս քաղաքի արվարձաններում։  

09:30Գերությունից ազատվել են ռուսաստանյան LifeNews լրատվամիջոցի լրագրողներ Օլեգ Դիսյակինն ու Մարատ Սայչենկոն։ Նրանց մայիսի 18-ին ձերբակալել էր Ուկրաինայի անվտանգության ծառայույությունը՝ մեղադրելով ահաբեկչությանն աջակցման համար։ Ուշագրավ է այն, որ Չեչնիայի նախագահ Ռոմզան Կադիրովն Instagram-ի իր էջում նշել է, թե լրագրողներին հաջողվել է ազատել իր ուղարկած հատուկ բանագնացի ջանքերով։

 

Մայիսի 11-ին Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում անցկացվել է հանրաքվե, որով տեղի բնակիչների ճնշող մեծամասնությունը կողմ է քվեարկել անկախությանը, սակայն Կիև իշխանությունները չեն ճանաչել դա։

Կողմերի միջև ռազմական գործողությունները ներկայում էլ փոփոխակի հաջողությամբ շարունակվում են։ Մայիսի 25-ին էլ նախանշված է Ուկրաինայի նախագահի ընտրությունը։

Իրավիճակի և զարգացումների մասին տեղեկությունները բավական իրարամերժ են. ուկրաինական և ռուսաստանյան կողմերի տվյալները զգալի տարբերվում են։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *