Մայիսի 21-ին Չինաստանի հյուսիսարևմտյան Սինցզյան նահանգում իրականացված ահաբեկչությանն ի պատասխան երկրի իշխանությունները սկսել են հակաահաբեկչական խոշոր գործողություն, որում ներգրավված են ուժային գրեթե բոլոր կառույցների՝ այդ թվում նաև զինված ուժերի և ժողովրդական զինված ոստիկանության ստորաբաժանումները։ Այս մասին հայտնում է չինաստանյան CCTV հեռուստաալիքը։
Լրատվամիջոցներում արդեն հայտնվել են լուսանկարներ, որոնոցում պատկերված է հատուկ նշանակության մեծաքանակ ստորաբաժանումների մուտքը Սինցզյան նահանգի Ուրումչի քաղաքային շրջան։
Հակաահաբեկչական հատուկ գործողությունը մեկնարկել է մայիսի 23-ին և տևելու է մեկ տարուց ավելի՝ մինչև 2015-ի հունիսը։ Այս ընթացքում իշխանությունները հույս ունեն ամբողջությամբ չեզոքացնել նահանգում գործող ծայրահեղական կողմնորոշում ունեցող քաղաքական բոլոր կազմակերպություններն ու ահաբեկչական խմբավորումները։
Հիշեցնենք, որ 2014-ի մայիսի 21-ի առավոտյան թվով 5 ահաբեկիչ 2 մեքենայով մոտեցել են Ուրումչիի շուկա և մարդաշատ վայրում գործի դրել պայթուցիկ, ինչի հետևանքով զոհվածների թիվն արդեն հասել է 39-ի, ևս 94-ը վիրավոր են։
Իրականացված օպերատիվ աշխատանքների արդյունքում պարզվել է, որ ահաբեկչությունն իրականացրել են «Արևելյան Թուրքեստան իսլամական շարժում» ույղուրական խմբավորման անդամները։ Նշենք, որ ծայրահեղական այս խմբավորումը պայքարում է Սինցզյան նահանգի անկախացման և իսլամական պետության ստեղծման համար։