Ղազախստանում անցկացվող KADEX-2014 ռազմարդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ թուրքական Օթոքար (թուրք` Otokar) ընկերությունը ներկայացրել է իր Cobra (Կոբրա) ու Arma (Արմա) զրահամեքենաները: Army Recognition կայքի փոխանցմամբ՝ թուրքական ընկերությունը մտադիր է մեքենաներն առաջարկել Ղազախստանի կառավարությանը:
Քառանիվ Cobra-ն ներկայացվել է Keskin մարտական հանգույցով, իսկ 8×8 ընթացամասով Arma զրահամեքենան՝ Mizrak մարտական հանգույցով, որի վրա, ի տարբերություն զրահամեքենայի բազային սպառազինության, տեղադրված է 30 մմ թնդանոթ, որին էլ կցված է 7,62 մմ գնդացիր:
Ներկայացված երկու մեքենաները նախատեսված են հիմնականում հետևակի տեղափոխման համար: Թուրքական կողմի ներկայացմամբ՝ դրանք ունեն բոլոր նախադրյալները Ղազախստանի զինված ուժերի սպառազինության մեջ ընդգրկվելու համար:
Մեքենաներից Cobra-ն թեթև զրահավորված քառանիվ մեքենա է: Մեքենան առաջին անգամ ներկայացվել է 1997-ին: Որպես մեքենայի «անձնակազմ» ներկայացվում է միայն վարորդը, իսկ մեքենայով տեղափոխվող մյուս 8 զինծառայողները համարվում են հետևակայիններ:
Պատվիրատուի ցանկությամբ՝ թուրքական կողմը պատրաստ է մեքենայի վրա տեղադրել նաև սպառազինություն, մասնավորապես 12,7 մմ գնդացիր ու 40 մմ ավտոմատ նռնականետ: Այս մեքենաներից գնել են մի խումբ երկրներ, որոնց թվում է նաև Ադրբեջանը:
Arma զրահամեքենան թուրքական ընկերությունը ներկայացնում է 6×6 ու 8×8 ընթացամասերով: Դրանք համարվում են զրահափոխադրիչներ: Մեքենայի անձնակազմը 2 մարդ է, հետևակի քանակը՝ 8 մարդ: Մեքենայի բազային տարբերակը զինված է 12,7 ու 7,62 մմ գնդացիրներով:
Մեքենան, ըստ արտադրողի, ապահովում է ՆԱՏՕ-ի STANAG 4569 ստանդարտի 2-րդ մակարդակի պաշտպանություն, ինչը նշանակում է, որ մեքենայի անձնակազմն ու ներսում տեղադրված սարքավորումները պաշտպանված են մինչև 7,62 մմ փամփուշտներից, ինչպես նաև մեքենայի տակ մինչև 6 կգ ականի պայթյունից: