Ուկրաինայի հարավ-արևելյան Լուգանսկի և Դոնեցկի շրջաններն անկախություն են հռչակել, ինչը Կիևի իշխանությունները չեն ճանաչում և շարունակում են ռազմական գործողություններն այդ տարածքում։ Տեղի ինքնապաշտպանական ուժերն էլ շարունակում են դիմադրել։
Ստեղծված իրավիճակին առավել օպերատիվ հետևելու համար Ռազմինֆոն առաջարկում է հետևել թարմացվող լրահոսին՝
21:30-Կիևյան իշխանությունների կողմնակիցներից կազմված «Դոնբաս» գումարտակի հրամանատար Սեմյոն Սեմյոնոչենկոն իր ֆեյսբուքյան էջի միջոցով հայտնել է, որ ապատեկեղեկատվություն է իր՝ գերի ընկնելու լուրը։ Նա նշել է նաև, որ ներկայումս ստորաբաժանումը բավական ծանր կացության մեջ է և առաջնային խնդիրը մայիսի 23-ին դարան ընկնելու հետևանքով գերևարված մարտիկների շուտափույթ ազատումն է։
20։55-Լուգանսկի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Վալերի Բոլոտովը լրատվամիջոցներին հայտնել է, որ ուկրաինական ուժայինները փորձում են շրջապատման մեջ վերցնել ողջ Լուգանսկը։ Նա նշել է, որ նկատվում է հակառակորդի խոշոր ուժերի ակտիվ տեղաշարժ
20։50-Դոնեցկի շրջանի Սլավյանսկ քաղաքում վերսկսել են մարտերը։ Ուժայինները վարում են ականանետային կրակ, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել Սեմյոնովկա բնակավայրի հիվանդանոցում։
16։00-Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում իրավիվճակը համեմատաբար հանգիստ է, չնայած, որ հատկապես Սլավյանսկ քաղաքի շրջակայքում կան ուկրաինական ուժայինների մեծ կուտակումներ։ Լրատվամիջոցների՝ տեղում աշխատող թղթակիցները հայտնում են, որ քաղաքի բնակչության շրջանում բուռն քննարկվում է ինքնապաշտպանական ուժերի կենտրոնական շտաբի տարածած թռուցիկը, որով բնակչությանը կոչ էր արվում զոհերից խուսափելու համար տարհանվել քաղաքից։
12։33-ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերիյ Գերասիմովը հայտարարել է՝ ռուսաստանյան զորքերը, որոնք ռուս-ուկրաինական սահմանի մերձակայքում զորավարժություններ են անցկացնում, վերադառնալու են իրենց կայանման հիմնական վայրեր 20 օրվա ընթացքում։ Որպես զորքերի դուրսբերման մեկնարկի օր՝ նշված է մայիսի 19-ը։
12։30 ” Ուկրաինայում պատրաստվում են նախագահական ընտրություններին, որոնք անցկացվելու են վաղը՝ մայիսի 25-ին։ Ներկայում Ուկրաինայի տարածքում հայտարարվել է «լռության օր»։ Նշենք, որ ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետություններն ավելի վաղ հայտարարել էին, որ չենք պատրաստվում ճանաչել ընտրությունները։
Հիշեցնենք, որ ուկրաինական ուժային կառույցներն ուղղաթիռների և զրահամեքենաների աջակցությամբ մայիսի 2-ին գրոհել են Սլավյանսկ քաղաքը՝ սկսելով «հակաահաբեկչական գործողությունը», որը նպատակ ուներ Կիևի վերահսկողության տակ վերցնել վերջին օրերին ռուսամետ ուժերի վերահսկողության տակ անցած Ուկրաինայի արևելյան մի շարք շրջաններն ու բնակավայրերը։ Գործողության ընթացքում Սլավյանսկում ռուսամետ ինքնապաշտպանական ուժերին հաջողվել է վայր գցել ուկրաինական 3 Մի-24 ուղղաթիռ, վնասել և ոչնչացրել մեկական Մի-8 ուղղաթիռ։ Հետագա օրերին ինքնապաշտպանական ուժերին հաջողվել է ոչնչացնել ուկրաինական կողմին պատկանող զրահատեխնիկա։
Կիևի իշխանություններն այս գրոհից հետո շարունակում են փորձերը՝ վերահսկողություն սահմանելու ինքնապաշտպանական ուժերին անցած տարածքներում՝ Դոնեցկի և Լուգանսկի շրջանների զգալի մասը։
Օդեսայում ռուսամետ և ուկրաինամետ ուժերի միջև բախումների հետևանքով զոհերի թիվն հաշվվում է տասնյակներով։
Մայիսի 11-ին Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում անցկացվել է հանրաքվե, որով տեղի բնակիչների ճնշող մեծամասնությունը կողմ է քվեարկել անկախությանը, սակայն Կիև իշխանությունները չեն ճանաչել դա։
Կողմերի միջև ռազմական գործողությունները ներկայում էլ փոփոխակի հաջողությամբ շարունակվում են։ Մայիսի 25-ին էլ նախանշված է Ուկրաինայի նախագահի ընտրությունը։
Իրավիճակի և զարգացումների մասին տեղեկությունները բավական իրարամերժ են. ուկրաինական և ռուսաստանյան կողմերի տվյալները զգալի տարբերվում են։