Էգեյան ծովում Թուրքիայի և Հունաստանի միջև կրկին միջադեպեր են գրանցվել

Թուրքիայի և Հունաստանի միջև Էգեյան ծովում, որտեղ երկու երկրները տարածքային վեճեր ունեն, հերթական լարվածությունն է ի հայտ եկել։ Թուրքերի զորավարժությանն ի պատասխան հույները փորձել են խանգարել նրանց գործողություններին։

Կադրեր՝ թուրքական զորավարժությունից

Կադրեր՝ թուրքական զորավարժությունից

Երբ թուրքական ռազմանավերը մայիսի 22-ին մոտեցել են հունական Կոս կղզուն, տեղի առափնյա անվտանգության ծառայության պարեկային կատերները սկսել են նավարկել թուրքական նավախմբի մոտ, ինչի հետևանքով խանգարել են նախապես պլանավորված գործողության անցկացմանը։

Սրան ի պատասխան Թուրքիայի առափնյա անվտանգության ծառայության կատերներն էլ սկսել են մոտենալ հունական պարեկային կատերներին։ Լարվածությունը զինված բախման չի վերաճել։ Ավելի ուշ կողմերը սկսել են հեռանալ միմյանցից, տեղեկացնում է թուրքական հեղինակավոր «Հյուրիյեթ» պարբերականը։

Թեև Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը դեռ չի հաստատել այս տեղեկությունը, սակայն նշել է, թե թուրքական զորավարժության ժամանակ Հունաստանն օդ է բարձրացրել իր F-16 կործանիչները, որոնք թռիչքներ են կատարել թուրքական ռազմանավերի և կատերների վրայով։

Նշենք, որ թեև Թուրքիան և Հունաստանը ՆԱՏՕ-ի կազմում դաշնակիցներ են, սակայն տարածքային խնդիրներ ունեն Էգեյան ծովի մի շարք կղզիների հարցում, ինչպես նաև Անկարայի և Աթենքի միջև լուրջ տարաձայնության պատճառ է Կիպրոսի հյուսիսի թուրքական բռնազավթումը։

One response to “Էգեյան ծովում Թուրքիայի և Հունաստանի միջև կրկին միջադեպեր են գրանցվել

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. մայիսի 18-24 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *