Թշնամուն միակ զսպող հանգամանքը հայ զինվորն է. քաղաքագետ: Օրվա ամփոփում

Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ ապրիլի 27-ին Այգեպար-Մովսես գյուղերի միջև ընկած հատվածում սպանված զինծառայողները դիվերսիայի զոհ են դարձել: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները «խսիտ» մտահոգված են հրադադարի խախտմամբ: ԼՂ մարտական դիրքերում զինվոր է մահացել: Նախորդ շաբաթվա ընթացքում Ադրբեջանը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 500 անգամ:

  • Ապրիլի 27-ին ադրբեջանական հենակետից գնդակոծվել է Տավուշի մարզի Այգեպար գյուղը:
  • Ըստ մամուլի՝ ապրիլի լույս 27-ի գիշերը, ամենայն հավանականությամբ՝ դիվերսիայի զոհ են դարձել երեք պայմանագրային զինծառայողներ՝ 27-ամյա Դավիթ Աբգարյանը, 25-ամյա Արամ Եսայանը և 21-ամյա Արշակ Ներսիսյանը:
  • Պաշտպանության նախարարության քննչական ծառայությունը և ՊՆ–ն չեն մեկնաբանում լուրը, թե Այգեպար-Մովսես գյուղերի միջև ընկած հատվածում զինծառայողների մոտ զենք չի եղել:
  • ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունում ասվում է, թե իրենք «խիստ մտահոգված» են հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի առթիվ:
  • Քաղաքագետ Նարեկ Գալստյանը հայտնել է, որ թշնամուն միակ զսպող հանգամանքը հայ զինվորն է :
  • Հայաստանի քաղաքացի Թորգոմ Սարուխանյանի` ԼՂՀ պաշտպանության բանակում պարտադիր ժամկետային զինծառայություն անցնելու հարցը դուրս է ՀՀ պաշտպանության նախարարության իրավասություններից: Այս մասին նշվում է մահացած զինվորի մորն ուղղված պատասխական նամակում:
  • Արմավիրում կամուրջից նետված զինվորը ներկայումս ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում է։ Բժիշկների գնահատմամբ նրա առողջական վիճակը կայուն ծանր է, սակայն կյանքին վտանգ չի սպառնում։
  • «Հայաստանի համար կենսական անհրաժեշտություն է անգամ մեկ արդիական մտածող զինվորականը, ով հնարավորություն կունենա ուսանել ամենաարդիական ռազմական համակարգերում՝ ՆԱՏՕ անդամ որեւէ պետությունում, եւ զինուժի կառավարման մասին ժամանակակից, ամբողջական պատկերացումներով համալրել Հայաստանի զինված ուժերը եւ տեղայնացնել ձեռք բերված գիտելիքները»,- գրում է lragir.am-ը:
  • Մամուլը գրում է, թե ՀՀ ԶՈԻ զինծառայողներին ընտրությունների շրջանում 2-3 օր արձակուրդ է տրամադրվելու, որպեսզի նրանք ոչ միայն քվեարկեն բնակության վայրում, այլև ՀՀԿ-ի օգտին քարոզեն իրենց շրջապատին:
  • ԱՄՆ-ն Իրանին կարող է թույլ տալ ուրանը հարստացնել մինչեւ 5%` պատասխան զիջումների փոխարեն:
  • ԱՄՆ-ն մի քանի F-22 կործանիչ է տեղակայել Իրանի սահմանից 320կմ հեռավորության վրա` Միացյալ Արաբական Էմիրությունների Ալ-Դաֆրա ռազմաբազայում:
  • Թուրքիայի զինված ուժերում PKK-ի դեմ օգատործվող Bayraktar անօդաչու հետախուզական սարքերից մեկը ոչնչացվել է քուրդ զինյալների հակաօդային ուժերի կողմից։
  • «Ներկա պահին Իրանն ունի իր պատմության մեջ ամենաուժեղ պաշտպանունակությունը: Նա, ով ցանկանում է հարձակվել մեր երկրի վրա, կհանդիպի մեր կոշտ պատասխանին»,- հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Ռամին Մեհմանփարասթը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *