Համեմատաբար հասկանալի է դարձել Դոնեցկի շրջանի Վոլնովախա քաղաքի մերձակայքում տեղակայված ուկրաինական ուժայինների հենակետի վրա իրագործված հարձակման հետ կապված դեպքերի հաջորդականությունը։ Վաղ առավոտից շրջանառվում էին իրարամերժ տեղեկություններ, հասկանալի չէր թե ով ում վրա է հարձակվել և ինչի հետևանքով է զոհվել Ուկրաինայի ԶՈւ առնվազն 13 զինծառայող։
Օրվա ընթացքում սակայն, լրատվամիջոցների թղթակիցները կարողացան գտնել և զրուցել ականատեսների հետ, իսկ համացանցում հայտնվեցին տեսանյութեր և լուսանկարներ, որոնք որոշ չափով լույս են սփռում դեպքերի հաջորդականության վրա։
Ըստ այդմ՝ Առավոտյան ժամը 05։30-ի սահմաններում զինված մարդկանց անհայտ խումբը երկու ավտոմեքենայով մոտեցել է ավտոճանապարհի եզրին տեղակայված՝ ուկրաինական ուժայինների ամրակետին ու տարբեր տրամաչափի հրազենից, ինչպես նաև նռնականետերից կրակ բացել զինծառայողների ուղղությամբ։ Ամրակետը հսկող զինծառայողները չեն հասցրել արագ արձագանքել հարձակմանն, ինչի հետևանքով գրեթե սկզբից էլ եղել են դատապարտված մահվան։
Պետք է նշել, որ ամրակետում հերթապահող ուկրաինացի զինծառայողների տված այդչափ մեծաքանակ կորուստը պայմանավորված է նաև մեկ այլ՝ բավական կարևոր հանգամանքով։ Համացանցում տարածվել է նաև մեկ այլ տեսանյութ, որն արված է այդ ամրակետում՝ հարձակումից մեկ օր առաջ։ Տեսանյութի վերլուծությունը ցույց է տալիս, որ զինծառայողների զգոնության աստիճանը բավական ցածր է, կարգված չեն ժամապահեր և պարեկներ։ Այլ կերպ ասած՝ նրանք չափից դուրս վստահ էին, որ ապահովության մեջ են ու որպես դրա արդյունք անսպասելի հարձակումն ամրակետում եղածների համար ունեցավ ծանր հետևանքներ։
Այս ամենով հարձակման հետևանքները չեն սահմանափակվել։ Ուկրաինայի ԶՈւ զինծառայողները հասցրել են տեղեկացնել մոտակայքում տեղակայված ստորաբաժանումներին, որ իրենց ամրակետը ենթարկվել է հարձակման և խնդրել են համալրում, սակայն մինչ այդ ստորաբաժանումները կհասնեին օգնության, հարձակումն իրագործած զինյալներն արդեն լքում են դեպքի վայրը։
Իրադարձությունների ամենաանհասկանալի հատվածը սկսվում է տեղական ժամանակով ժամը 07։30-ին՝ այսինք ամրակետի վրա հարձակումից մոտ 2 ժամ անց։ Ուկրաինայի զինված ուժերի 2 միավոր Մի-24 հարվածային ուղղաթիռ ժամանում է դեպքի վայր և հրանոթներից սկսում գնդակոծել տեղանքը։ Սիրողական տեսագրության մեջ երևում է, որ ուղղաթիռները մի քանի անգամ անցնում են գործողության հատվածով և կրակ բացում, սակայն հասկանալի չէ, թե ամրակետի վրա հարձակումից 2 ժամ անց ում վրա են կրակում ուղղաթիռների նշանառուները։ Վերջիններին հավանաբար հայտնի չէ, որ ցամաքում արդեն միայն սեփական զինուժի զինծառայողներն են։
Ուշադրություն. տեսանյութում հնչում են հայհոյանքներ
Եզրափակելով վերոշարադրյալը՝ նշենք, որ պաշտոնական տվյալների համաձայն բախման հետևանքով ուկրաինական կողմն ունի սպանված 13 զինծառայող, 28 վիրավոր, ոչնչացվել է հետևակի մարտական 2 մեքենա, բեռնատար 1 և ռազմաբժշկական ծառայության ևս 2 մեքենա։
Հավելենք նաև, որ Դոնեցկի ինքնապաշտպանական ուժերի շտաբը որևէ կերպ չի նշել միջադեպին իրենց ունեցած առնչության մասին։