Խաչատուրովը հանդիպել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի գերագույն հրամանատարի հետ

Ապրիլի 27-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետություն և Բելգիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցերից հետո Հայաստան է վերադարձել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը:

Գերմանիայի Գարմիշ-Պարտենկիրխեն քաղաքում ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Յու. Խաչատուրովը մասնակցել է ապրիլի 23-ից 24-ը կայացած Արևելյան Եվրոպայի և Հարավային Կովկասի պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի ամենամյա նիստին, որն անցկացվել է ԱՄՆ Եվրոպական հրամանատարության հովանու ներքո: Նիստը նվիրված էր տարածաշրջանային անվտանգությանը, ինչպես նաև Եվրանտլանտյան գործընկերության հարթությունում պաշտպանական համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ կարծիքների փոխանակմանը:
Ապրիլի 23-ին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետը առանձնազրույց է ունեցել ԱՄՆ Եվրոպական հրամանատարության հրամանատար, Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի գերագույն հրամանատար, ծովակալ  Ջեյմս Ստավրիդիսի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հարավային Կովկասում կայունության և անվտանգության մարտահրավերներին դիմագրավելուն, ինչպես նաև հայ-ամերիկյան երկկողմ ռազմական համագործակցության զարգացմանը վերաբերող խնդիրներ: Կողմերն արձանագրել են պաշտպանության ոլորտում երկու երկրների փոխհարաբերությունների բարձր մակարդակը, կարևորել են տարածաշրջանային հակամարտությունների խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը:
Ապրիլի 24-ին գեներալ-գնդապետ Յու. Խաչատուրովը մասնակցել է գլխավոր շտաբերի պետերի ձևաչափով լիագումար նիստին: Նիստի ընթացքում ՀՀ ԶՈւ ԳՇ պետն անդրադարձել է ԱՄՆ Եվրոպական հրամանատարության հետ ՀՀ զինված ուժերի համագործակցությանը, կարևորել է ԼՂ հակամարտության գոտում կողմերի միջև փոխվստահության միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը:
Ապրիլի 25-ին գեներալ-գնդապետ Յու. Խաչատուրովը գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում` ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, մասնակցել է Աֆղանստանում Անվտանգության աջակցության միջազգային ուժերի գործողություններին մասնակցող երկրների Զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի ձևաչափով հերթական նիստին: Նիստի ընթացքում քննարկվել են Աֆղանստանում անվտանգության ապահովման պատասխանատվությունը Կոալիցիոն ուժերից Աֆղանստանի կառավարական ուժերին փոխանցելու գործընթացը, կարծիքներ են փոխանակվել 2014 թվականից հետո Կոալիցիայի` Աֆղանստանում երկարաժամկետ ներգրավման շուրջ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *