Երբ հակառակորդն իր մաշկի վրա զգում է այդ ցավը, հանգստանում է. այց Տավուշի սահմանապահ զորամաս (ֆոտո)

Մայիսի սկզբին Ռազմինֆոն Տավուշի մարզի սահմանամերձ գյուղեր ուխտագնացության շրջանակներում այցելեց նաև մարտական հերթապահություն իրականացնող զորամաս, որտեղ կիրակնօրյա պատարագ մատուցվեց զինծառայողների համար։ 

Տավուշի մարզի մարտական հերթապահություն իրականացնող զորամասi զինծառայողները

Տավուշի մարզի մարտական հերթապահություն իրականացնող զորամասi զինծառայողները

«Ուխտագնացությունը մեր ժամկետային զինծառայողների համար մեծ նշանակություն ունի։ Զորամասում կառուցված մառուռին նպաստում է զինծառայողների բարոյահոգեբանական վիճակին»,- դիմավորելով ներկաներին նշեց զորամասի հրամանատար, փոխգնդապետ Սամվել Մինասյանը։

Այնուհետև զինվորական ձայներին խառնվեցին հոգևորականների աղոթքներն ու խունկի բույրը։

Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը

Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը

«Պատմական իրողություն է, որ մեր բանակում հոգևորականներ են եղել։ Հոգևորականները կարողանում էին ոգի բարձրացնել պատերազմից առաջ։
Արդեն 20 տարի Մայր Աթոռի ջանքերով գրեթե բոլոր զորամասերում հոգևորականներ են ծառայում։ Հոգևոր հովիվը վստահելի անձ է բանակում, ում մոտ կարելի է խոսել։ Խնդիրների մեծ մասն առաջանում է հենց չխոսելու, չբացատրելու պատճառով»,- լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։ 

Ըստ Սրբազանի՝ հոգևորականները բարձրանում են նաև մարտական դիրքեր, զինծառայողների համար աղոթագրքեր տանում, զրուցում նրանց հետ՝ դրանով բարձրացնելով նրանց մարտական ոգին։

Սահմանապահ զինծառայողները

Սահմանապահ զինծառայողները

Այնուհետև սկսում ենք ծանոթանալ զորամասի առօրյային ու զինծառայողների հետ։

«22 ամիս է՝ ծառայում եմ։ Ծառայությունը դժվար բան չէ, ամեն 18 տարեկան տղա էլ պետք է պատրաստ լինի ծառայության ու հաղթահարի դժվարությունները։ Եթե ծառայեն դիրքապահ զորամասում, խորհուրդ կտամ չվախենան»,- Ռազմինֆոյի հետ զրույցում ասում է շարքային Սերգեյ Նաղդալյանը։

Հարցնում ենք մարտական հերթապահություն իրականացնելու մասին, միանգամից ասում է՝ բարձրացել եմ ու չեմ վախեցել։

«Առաջին անգամ ամեն մեկը մի բան է պատմում, բայց դու ինքդ պետք է լինես, զգաս ու հասկանաս։ Մի բանի անունը եթե դիրք է, ապա վախ պիտի ունենաս, բայց վախը չպիտի հաղթահարի քեզ։ Բայց ամենակարևորը թշնամուն չպիտի թերագնահատենք ու պիտի պատրաստ լինենք մարտի։ Կրակայինս նորմալ է, եթե թշնամին մոտենա, հակահարված հաստատ կտամ»,- ժպիտով պատասխանում է զինծառայողը։

Շարքային Սերգեյ Նաղդալյանը

Շարքային Սերգեյ Նաղդալյանը

Հետաքրքրվում ենք, թե արդյոք ամեն պահի պատրաստ ենք հակահարված տալ, Սերգեյը զինվորականին հատուկ ձգվածությամբ շեշտում է.

«Հրադադարի խախտումը սուտ բան է։ Այդ ժողովներին (նկատի ունի բանակցային գործընթացի հանդիպումները-հեղ) ոչ մեկն էլ չի նայում։ Թիրախը գյուղացին է այսօր։ Մենք մեկին երեք պատասխանում են միշտ։ Եթե չպատասխանենք, իրենք էլի են կրակելու, բայց երբ պատասխանը տալիս ես, իրենց մաշկի վրա զգում են այդ ցավը, հանգստանում են։ Միշտ ուժեղ ենք եղել, քիչ ենք, բայց ուժեղ, հակահարվածի պատրաստ»,- վստահեցնում է Սերգեյ Նաղդալյանը։

Զորամասի հրամանատար, փոխգնդապետ Սամվել Մինասյան

Զորամասի հրամանատար, փոխգնդապետ Սամվել Մինասյան

Զորամասի հրամանատար Սամվել Մինասյանը ծառայում է 1995 թվականից։ Շուրջ երկու տասնամյակ նա իր գիտելիքներն է փոխանցում զինծառայողներին ու իր փորձով ամուր պահում պետական սահմանի իրենց վստահված հատվածը։

Երբ հարցնում ենք, թե ինչ է հրադադարի խախտումը սահմանին կանգնած զինծառայողի համար, հրամանատարը պատասխանում է.

«Ինչպես զինծառայողի վրա է ազդում, այնպես էլ մեզ վրա։ Բայց մենք անպատասխան չենք թողնում, մենք պարտադրողի դերում ենք լինելու, որ հակառակորդը առաջխաղացում չունենա»,- վստահեցնում է հրամանատարը։

Ըստ Սամվել Մինասյանի՝ այս տարի զորակոչի համար առանձնահատկություն է լինելու։ Զինծառայողների մի մասը ուսումնական զորամասերում պատրասվելուց հետո միայն կգան զորամաս, արդեն որպես մասնագետ։

«Դիրքեր բարձրացնելու ժամանակ առաջին հերթափոխին թույլ չենք տալիս դիտակետում կանգնել, մինչև հարմարվում են, նոր մյուսից արդեն դիտակետում կանգնում են։ Երբ զինծառայոներն իմանում են, որ մարտական հերթապահություն իրականացնող զորամաս են գալիս սկզբում խուսափում են զինծառայությունից, հետո երբ մեկ անգամ դիրքեր են գնում, հաջորդ անգամ մշտական տեղակայման վայր՝այսինքն զորամաս, էլ չեն ուզում վերադառնալ։ Իրենք ուժեղ տղաներն են, մի քիչ թույլերն էլ կան»,- զրույցը շարունակում է փոխգնդապետ Մինասյանը։

Զինծառայողները նվագելիս

Զինծառայողները նվագելիս

Փոխգնդապետի հավաստմամբ՝ մինչև մարտական հերթապահության անցնելն էլ զինծառայողները նախապատրաստվում են, անձնակազմի ընտրություն է արվում, բուժզննում է լինում, ովքեր չեն համապատասխանում, նրանց հետ այլ աշխատանքներ են տարվում։

Խոսելով դիրքերի հագեցվածության մասին՝ Սամվել Մինասյանը նշեց, որ եթե մի քանի տարի առաջվա հետ համեմատենք, ապա դիրքերում ապրում էին գետնատնակներում, հիմա բոլոր կացարանները քարի կացարաններ են։ Զինծառայողներն էլ 8 ժամ հանգստանալու հնարավորություն ունեն։

19 տարի զինված ուժերում է նաև զորամասի շտաբի պետ, փոխգնդապետ Տարոն Եղիազարյանը։ Կատակում է, թե մեծ պատերազմին չի մասնակցել, իսկ ահա դիրքային պատերազմին մասնակցում է մինչ օրս։  Ըստ նրա՝ պատիվ է դիրքապահ զորամասում ծառայելն ու այստեղ ծառայողը գաղափարապես տարբեր է մյուս վայրերում ծառայողներից։

Զորակոչ-զորացրումն է սկսվել,  Տարոն Եղիազարյանին հարցնում ենք, թե ինչ խորհուրդ կտա զորակոչիկներին։

«Հոգեբանորեն զինծառայողը պիտի իրեն տրամադրի։ Որտեղ ինքը կանգնած է, դրանից այն կողմ էլ չկա աշխարհ, դրանից այն կողմ իր տունն է, ինչ էլ լինի, պիտի լինի այնտեղ, որտեղ ինքը կանգնած է»,- ասում է փոխգնդապետը։

Զորամասի շտաբի պետ, փոխգնդապետ Տարոն Եղիազարյան

Զորամասի շտաբի պետ, փոխգնդապետ Տարոն Եղիազարյան

Անդրադառնալով զորակոչիկների ֆիզիկական պատրաստվածությանը՝ շտաբի պետն ասում է.

«Մարդիկ այսօր ավելի շատ հակված են համակարգիչների դիմաց նստել, քան մինչև բանակ գալը սպորտով զբաղվել։ Ամեն դեպքում մենք այստեղ նրանց ֆիզիկականի վրա մեծ ուշադրություն ենք դարձնում»,- վստահեցնում է Տարոն Եղիազարյան։

Իսկ ծնողներին մաղթում է համբերություն ու հպարտություն, որ զինծառայող են դաստիարակել ու տվել հայրենիքին։

Սարկավագը նվագում է զինծառայողների հետ

Սարկավագը նվագում է զինծառայողների հետ

Հիշեցնենք, որ Ռազմինֆոն այցելել էր Տավուշի մարզի մարտական հերթապահություն իրականացնող զորամաս սահմանամերձ գյուղեր ուխտագնացության շրջանակներում։

Այն կազմակերպել էր Մայր Աթոռ սուրբ Էջմիածինը` Վեհափառ Հայրապետի օրհնությամբ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *