ՌԴ Աստրախանի շրջանի՝ Ուկրաինայի սահմանից 450 կմ հեռավորության վրա տեղակայված «Կապուստին Յար» զորավարժարանից մայիսի 20-ին իրականացվել է ՌՍ-12Մ «Տոպոլ» (ռուս՝ РС-12М Тополь) միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը։
Ինչպես հաղորդում է ռուսաստանյան «ԻՏԱՐ ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը, հղում տալով ՌԴ ՊՆ մամուլի ծառայությանը, հրթիռն արձակվել է ՌԴ ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի մարտական հաշվարկով։ Հրթիռի ուսումնական մարտական մասն ակնկալված դիպուկությամբ խոցել է Ղազախստանի տարածքի «Սարը Շահան» զորավարժարանի պայմանական թիրախը։
Նշենք, որ ՌՍ-12Մ Տոպոլ հրթիռն ունակ է խոցել թիրախներ մինչև 10 հազար կմ հեռավորության վրա, այն կարող է կրել 550 կգ կշռող միջուկային մարտագլխիկ։
Հիշեցնենք, որ մարտի 4-ին Մոսկվայի ժամանակով 22։10-ի սահմաններում, Աստրախանի շրջանի՝ «Կապուստին Յար» զորավարժարանից ՌԴ ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի մասնակցությամբ հերթական անգամ արձակվել էր ՌՍ-12Մ Տոպոլ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը։
Նկատենք, որ ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Քեյթլին Հեյդենն այդ ժամանակ հայտարարել էր՝ ԱՄՆ-ի համար ամենևին անակնկալ չէր վերոհիշյալ փորձարկումը, ամերիկյան կողմն այն ծրագրային է համարում, քանի որ «թե´ Ռուսաստանը, թե´ ԱՄՆ-ն պարբերաբար փորձարկում են իրենց միջմայրցամաքային բալիստիկ հրթիռները»։