Ուկրաինայի ուժայինները շուրջ 200 զրահափոխադրիչ են պատվիրել

Ուկրաինան զինված ուժերի ու ներքին գործերի նախարարության կարիքների համար պատվիրել է համապատասխանաբար 154 ու 40 միավոր զրահափոխադրիչներ: Բանակին ու ոստիկանությանը տրամադրվելիք զրահափոխադրիչները ենթադրաբար լինելու են ԲՏՌ-4 մակնիշի:

«Ուկրօբորոնպրոմ» պետական գործակալությունը զրահափոխադրիչները տրամադրելու պատվերն ուղարկել է Խարկովի մեքենաշինական գործարաններին, որպեսզի ապահովի երկրի արևելյան մասում տեղակայված գործարանների զբաղվածությունն առաջիկա մի տարվա ընթացքում: Այս մասին հայտնում է ուկրաինական interfax.com.ua կայքը:

Միաժամանակ «Ուկրօբորոնպրոմը» պարտավորվել է գործարաններին փոխանցել մոտ 2,2 մլն ամերիկյան դոլար, որը թույլ կտա մարել գործարանների աշխատակիցների աշխատավարձերի պարտքերը:

Ուկրաինայի ազգային գվարդիային հանձնված ԲՏՌ-4 զրահափոխադրիչները

Ուկրաինայի ազգային գվարդիային հանձնված ԲՏՌ-4 զրահափոխադրիչները

Հիշեցնենք, որ Ուկրաինայի ուժային կառույցներից ևս մեկը՝ ազգային գվարդիան վերջերս նույնպես ստացել է զրահափոխադրիչներ: 2014-ի մարտին գվարդիան ստացել է 10 միավոր ԲՏՌ-4 զրահափոխադրիչներ, անհայտ քանակով զրահափոխադրիչների ևս մեկ խմբաքանակ գվարդիան ստացել է մայիսին:

Ներկայում հայտնի չէ, թե ընդհանուր քանի զրահափոխադրիչ է փոխնացվել ազգային գվարդիային, բայց «Ուկրօբորոնպրոմը» հայտարարել էր, որ նախատեսում է գվարդիային տրամադրել 100 միավոր տարբեր տեսակի զրահատեխնիկա՝ զրահափոխադրիչներ, ինչպես նաև դրանց հիմքի վրա ստեղծված հրամանատարական ու սանիտարական զրահապատ մեքենաներ:

Հիշեցնենք, որ ԲՏՌ-4 զրահափոխադրիչները, որոնք արտադրում է Ուկրաինան, նախատեսված են դեսանտի տեղափոխման, ինչպես նաև դեսանտայիններին կրակով աջակցելու համար։ Զրահափոխադրիչներն արտադրվում են 2008-ից, իսկ սպառազինության վերցվել են 2011-ին։

Ներկայում 88 նման զրահափոխադրիչ առկա է նաև Իրաքի սպառազինության մեջ, սակայն Ուկրաինայի ու Իրաքի միջև կնքված պայմանագրից Իրաքը վերջերս հրաժարվեց՝ կիսատ թողնելով դրա կատարումը։ Իրաքն իր այս քայլը պատճառաբանեց նրանով, որ իրաքցի մասնագետները զրահափոխադրիչների վրա ճաքեր էին հայտնաբերել։ Ուկրաինական կողմը Իրաքի վերադարձրած զրահափոխադրիչները հետագայում հանձնեց հենց ազգային գվարդիային:

ԲՏՌ-4 զրահափոխադրիչները զինված են 30 մմ ակոսավոր թնդանոթով, 7,62 մմ գնդացրով, ինչպես նաև «Բարյեր» հակատանկային կառավարվող հրթիռներով ու 30 մմ ԱԳՍ-17 ավտոմատ նռնականետով։ Զրահափոխադրիչի անձնակազմը 3 հոգի է, կարող է տեղափոխել 7 դեսանտային։ Այն լողում է, ունի 500 ձիաուժանոց շարժիչ, որի միջոցով խճուղում զարգացնում է մինչև 110 կմ/ժ արագություն։

One response to “Ուկրաինայի ուժայինները շուրջ 200 զրահափոխադրիչ են պատվիրել

  1. Pingback: Ուկրաինան շուրջ 8 մլն դոլար կհատկացնի զրահափոխադրիչներ գնելու համար | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *