ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում (Բրյուսել, Բելգիա) մայիսի 20-ին անցկացվեց «28+1» ձևաչափով Հյուսիս-ատլանտյան խորհրդի նիստը, որին մասնակցում էին Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը, Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ 28 երկրների դեսպանները:
Նիստին Հայաստանի արտաքին քաղաքական և պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները հանդես եկան ելույթներով:
Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր ելույթում անդրադարձավ պաշտպանական համակարգում իրականացվող բարեփոխումների ընթացքին և այդ համատեքստում կարևորեց Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև համագործակցությունը:
Հյուսիսատլանտյան խորհրդի նիստին ելույթ ունեցած ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, անդամ տասնհինգ երկրների ներկայացուցիչներ դրական գնահատեցին Հայաստանի և Դաշինքի միջև 20 տարվա պատմություն ունեցող արդյունավետ փոխգործակցությունը և արձանագրված արդյունքները:
Իր խոսքում նախարար Նալբանդյանն անդրադարձավ Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության տարբեր ոլորտներին, Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին, միջազգային հարաբերությունների օրակարգային խնդիրների վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումներին:
Անդրադառնալով Հայաստան – ՆԱՏՕ հարաբերություններին՝ Էդվարդ Նալբանդյանը դրական գնահատեց Անհատական գործընկերության գործողությունների ծրագրերի շրջանակներում հաստատված արդյունավետ փոխգործակցությունը։ Նախարար Նալբանդյանը նշեց, որ արդեն պատրաստ է Հայաստան- ՆԱՏՕ ԱԳԳԾ-ի թվով չորրորդ 2014-2016թթ. ծրագիրը և հույս հայտնեց, որ այն շուտով կհաստատվի ու կսկսի իրականացվել։
Ելույթ ունեցողները գոհունակություն հայտնեցին Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրականացման արդյունքների, ՀՀ-ում իրականացվող բարեփոխումների ընթացքի, Կոսովոյում և Աֆղանստանում խաղաղապահ գործողություններին Հայաստանի մասնակցության կապակցությամբ:
Այնուհետև Նալբանդյանն ու Օհանյանը պատասխանեցին ՆԱՏՕ-ի անդամ երկրների դեսպանների բազմաթիվ հարցերին, որոնք վերաբերում էին Հայաստանի արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանային զարգացումներին, ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերի, ուկրաինական ճգնաժամին, պաշտպանության ոլորտներում Հայաստանում իրականացվող բարեփոխումներին: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ու անդամ երկրների դեսպանները վերահաստատեցին Հայաստանի հետ համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը:
Հյուսիս-ատլանտյան խորհրդի նիստից առաջ Նալբանդյանն ու Օհանյանը հանդիպեցին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենին: Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Գործընկերություն հանուն խաղաղության Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակներում Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանը, մտքեր փոխանակվեցին տարածաշրջանային խնդիրների շուրջ, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: