Մեքսիկան գնում է 3335 Humvee ամենագնացներ

Մեքսիկային ռազմական նշանակության ավելի քան երեք հազար Humvee ամենագնացներ վաճառելու թույլտվություն ստանալու համար ԱՄՆ պաշտպանության նախարարությունը դիմել է ԱՄՆ կոնգրեսին:

Ամերիկյան կողմը 3335 միավոր մեքենաների վաճառքի պայմանագիրը գնահատել է 556 մլն ամերիկյան դոլար (մեկ միավորի համար՝ շուրջ 167 հազար դոլար): Defense News լրատվական կայքի տվյալներով՝ Կոնգրեսն ամենայն հավանականությամբ կտա թույլտվություն, որովհետև Մեքսիկան ԱՄՆ-ից հաճախ է ռազմական նշանակության տեխնիկա գնում ու «հավատարիմ» շուկա է ամերիկյան ընկերությունների համար:

Ամերիկյան HMMWV զրահամեքենան

Ամերիկյան HMMWV զրահամեքենան

Զրահապատ ամենագնացները մեքսիկական կողմը նախատեսում է կիրառել թմրանյութերի ապօրինի շրջանառությամբ զբաղվող հանցախմբերի դեմ պայքարում: Ընդ որում՝ Մեքսիկան նախկինում էլ է գնել այս մեքենաներից, ու այս գործարքը հնարավորություն կտա մեքսիկական կողմին թարմացնել սպառազինությունը:

Humvee ամենագնացներն արտադրող AM General ընկերությունը, որը ներկայացնում է գործարքի ամերիկյան կողմը, պարտավորվում է տրամադրել ոչ միայն 3000-ից ավելի մեքենաները, այլև կատարել մեքենաների ընթացիկ սպասարկումն ու նորոգումը, տրամադրել պահեստամասեր, ինչպես նաև իրականացնել անձնակազմի ուսուցումը, տրամադրել ուսումնական նյութեր և այլն:

Humvee անվանումով հայտնի, 4×4 ընթացամասով ու թեթև զրահավորմամբ HMMWV (High Mobility Multipurpose Wheeled Vehicle – Բարձր շարժունակությամբ բազմանպատակային անվավոր մեքենա) մեքենաները, որոնք արտադրում է ամերիկյան AM General ընկերությունը, նախատեսված են հետախուզական կամ բարձր շարժունակությամբ (արագ արձագանքման) ստորաբաժանումների համար։ 2,6 տոննա զանգվածով մեքենաները կարող են տեղափոխել մինչև 2 տոննա բեռ, այդ թվում՝ նաև սպառազինություն։

1985-ից արտադրվող մեքենաներն ունեն մի շարք արդիականացումներ, որոնց վրա տեղադրված է տարբեր տեսակի սպառազինություն։ Զրահապատ մեքենաների միջին գինը շուրջ 140 հազար ամերիկյան դոլար է։ Մեծ կամ փոքր քանակությամբ այս մեքենաներից առկա է աշխարհի մոտ 70 երկրների զինված ուժերում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *