Մալիում վերսկսվել են 2013-ի հունիսից կասեցված զինված բախումները. կան զոհեր

Մալիի հյուսիսային Քիդալ քաղաքում մայիսի 19-ին զինված ապստամբներն ազատել են 30 պետական պաշտոնյաների, որոնց պատանդ էին վերցրել մայիսի 17-ին  նահանգապետի շտաբ-գրասենյակի գրոհի հետևանքով։

Խաղաղապահները՝ Քիդալում

Խաղաղապահները՝ Քիդալում

Ինչպես հաղորդում է «Ռոյթերս» լրատվական գործակալությունը, ներկայումս պատանդներն անվտանգ վայրում են, նրանց առողջական վիճակը նորմալ է, միայն երկուսին է բժշկական օգնություն ցուցաբերվել։

Հիշեցնենք, որ Մալիի իշխանությունները զինծառայողներ էին ուղարկել Քիդալ, որտեղ էլ օրեր առաջ արյունալի բախումներ էին արձանագրվել ԶՈւ տեղի ստորաբաժանումների և զինված ապստամբերի միջև, որոնց շարքերում էին տուարեգ ցեղերի շահերը ներկայացնող Ազավաթի ազատագրման ազգային շարժման (MNLA) անդամները։

Համաձայն Մալիի ՊՆ-ի փակ աղբյուրների տրամադրած տվյալների՝ Քիդալ են ժամանել արդեն հավելյալ 1.5 հազար զինծառայող, որոնք մեծ քանակությամբ զենք-զինամթերք ունեն։ ՊՆ-ի աղբյուրը հավաստիացրել է՝ հարկ եղած դեպքում զինծառայողներն առանց վարանելու ուժ կկիրառեն։

Հավելենք նաև, որ մայիսի 17-ին Մալիի պաշտպանության նախարար Սումեյլի Բուբեյեյե Մայհան հայտարարել էր՝ Քիդալում ԶՈւ ստորաբաժանումները մարտի են բռնվել զինված տուարեգների հետ։ Վերջիններս աջակցություն են ցուցաբերել տեղի ահաբեկչական խմբավորումները։ Բախումների հետևանքով ԶՈւ-ն կորցրել է 28 ոստիկանի, 8 զինծառայողի, ևս 62-ը վիրավորվել են։ 24 զինծառայողներ, ինչպես նաև 4 քաղաքացիական անձ պատանդ են վերցվել։ Ապստամբների շարքերում զոհերի ու վիրավորների թվաքանակի մասին տեղեկություններ չեն հաղորդվում։

Տուարեգների նպատակն է զինված պայքարի միջոցով երկրի հյուսիսային շրջաններն անկախացնել կենտրոնական իշխանություններից կամ էլ հասնել լայն իրավունքներով ինքնավարության։ Մալիի իշխանությունները բազմիցս հայտարարել են՝ չեն հանդուրժելու որևէ այլ տարբերակ, Քիդալը Մալիի անբաժանելի մի մասն է, և ոչ մի դեպքում «2 Մալի պետություն չի լինելու»։

«Ջեյնս» ռազմական վերլուծական հանդեսի փոխանցմամբ՝ առաջին անգամ Boeing AH-64DN Apache ուղղաթիռներն ուղարկվել են խաղաղապահ առաքելության աջակցության համար, դրանք ուղևորվել են դեպի Մալիի մայրաքաղաք Բամաքո։ Չի բացառվում, որ սույն ուղղաթիռներն անհրաժեշտության և իրավիճակի թեժանալու պարագայում օգտագործվեն ՄԱԿ-ի խաղաղապահների կողմից։

Կատարվածին արդեն արձագանքել է ՄԱԿ-ը. Մալիում ՄԱԿ բազմապրոֆիլ համալիր առաքելությունը խստորեն քննադատել է զինծառայողների և տուարեգների բախումները` կոչ անելով զսպվածություն ցուցաբերել և խուսափել բռնի ուժի կիրառումից, ինչը կարող է խաղաղ բնակչության շրջանում զոհերի հանգեցնել։

Այնուհանդերձ, փորձագետների կարծիքով՝ վերոհիշյալ բախումները, որոնք հետևեցին ժամանակավոր ու տևական լռությանը, կարող են շատ ավելի մեծ ծավալներ ընդունել առաջիկայում՝ այդպիսով խախտելով 2013-ի հունիսին հյուսիսի տուարեգների և իշխանությունների միջև կնքված խաղաղության համաձայնագիրը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *